Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի. վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին:
Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի)ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս: Այսինքն՝ գրեթե կեսը:
«Բնականաբար մեզ ձեռք է տալիս, որ այն երթուղիները, որոնք ունեն նման միկրոավտոբուսներ, սեփական միջոցներով փոխարինեն և սկսեն աշխատել մինչ նոր ցանցի ներդրումը: Առնվազն երկու տարի դուք կարողանալու եք այս եղած շարժակազմով աշխատել, որը ձեռք կբերեք, կփոխարինեք»,- նշել է քաղաքապետը:
Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:
Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները՝ գործող և նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ: