«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը լծվել է մի կարեւոր գործի՝ պարզելու, թե ովքեր են համարձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ «բերված» Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով:
Մասնավորապես, Մինասյանը գնացել է ԱԺ լրատվական ծառայություն, սպառնացել, թե ինքն Ազգային անվտանգության ծառայության միջոցով պարզելու է այն անձին, որը համաձակվել է լուսանկարել ու տարածել Ա. Բեգոյանի լուսանկարները: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Լիլիթ Մինասյանից, որը հայտնեց. «Այդպիսի բան տեղի չի ունեցել, լուսանկարողի մասին խոսք չի գնացել, խոսք է գնացել, որ դա էթիկայի սահմաններից դուրս է, աշխատակցին առանց իր թույլտվությամբ նկարահանել»:
Թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավարը թողել իր աշխատանքային պարտականությունները ու զբաղվում Արտակ Բեգոյանի մի լուսանկարի պատմությամբ, առնվազն տարօրինակ է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում