Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ին օգոստոսի 31-ին կտեղափոխեն Երևան: Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,- գրել է Թորոսյանը։
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 18 ՀՀ քաղաքացի:
Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:
Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առյաժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: