ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարության շիլաշփոթն ու ծնողների դժգոհությունը. առցանց համակարգը ձախողվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում սեպտեմբերի 1-ին ընդառաջ նոր բունտ է հասունանում: Պատճառը` առաջին դասարանցիների օնլայն հերթագրման գործընթացն է, որը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ:

Կհիշեք`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անցած տարի հայտարարել էր, որ 2019-ից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց՝ բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ եւ արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի: Ծրագիրը պիլոտային է եւ գործում է Երեւանում: Ավելին նախարարությունը մտադիր է հաջորդ տարի համակարգը կիրառել նաեւ հանրապետության բոլոր դպրոցների եւ դասարանների համար: ՙԺողովուրդ՚ օրաթերթը նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգից տեղեկացավ, որ դպրոցների մեծ մասում ավելի շուտ է սպառվել արտոնագրված տեղերի քանակը: Օրինակ, Երեւանի Ա.Պուշկինի անվան թիվ 8, Ե.Չարենցի անվան թիվ 67, Ա.Չեխովի անվան թիվ 55, Գ.Մահարու անվան թիվ 176, Դ.Վարուժանի անվան թիվ 89, թիվ 116, Գ.Ստեփանյանի անվան թիվ 135, թիվ 186 եւ այլ դպրոցներում սպառվել են տեղերը: Որոշ ծնողների պատմելով, դպրոցներ կան, որտեղ տեղերը սպառվել է համակարգը գործարկելուց օրեր անց:

ՙԺողովուրդ՚ օրաթերթը վերջին շրջանում չի դարադում դժգոհություններ ստանալ առաջին դասարանի աշակերտ ունեցող ծնողներից: Ըստ ծնողների`համակարգը թերի է աշխատում եւ փոփոխելու շատ բաներ կան: Ներկայիս գործող համակարգը անհարմար դրության մեջ է գցել ծնողներին եւ մի շարք դժվարություններ առաջացրել: Օրինակ, եթե քաղաքացու մի երեխան արդեն սովորում է Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, ապա նա իր երկրորդ երեխային չի կարողացել առցանց հայտագրել նույն դպրոցում: Քանի որ տեղերն արագ, կարելի է ասել` մի քանի ժամում սպառվել են: Ավելին, առցանց համակարգը ՙԺողովուրդ՚ օրաթերթին դիմած ծնողին հնարավորություն է տվել երեխային առաջին դասարան ուղարկել Փարաքարի դպրոցներից մեկում: Մի պահ պատկերացրեք, ծնողի վիճակը, որի մեծ երեխան սովորում է Չեխովի անվան դպրոցում, ինչպես կարող է ժամանակի մեջ տեղավորվել վաղ առավոտյան մեծին տեղափոխել Չեխովի անվան դպրոց, փոքրին` Փարաքարի դպրոցներից մեկ, ապա գնալ աշխատանքի:

Շաբաթվա աշխատանքային բոլոր օրերին ծնողը առավոտյան պետք է շտապի, լարվածության մեջ եւ հասցնի դրա հետ մեկտեղ գնա աշխատանքի: Բնականաբար երկու երեխաներին երկու տարբեր` իրարից հեռու դպրոց տանելուց հետո նա էլ կուշանա իր աշխատանքից:

Սա դեռ ամենը չէ, մեզ դիմած ծնողին անտարբեր պատասխան են տվել, թե հնարավոր է ծրագիրը լավ չիաշխատել, ոչինչ, մեկ տարի յոլա գնացեք, մինչեւ հաջորդ տարի կփոխեք դպրոցը: Ճիշտ է համակարգի ներդրման գործում մարդկային գործոնը հանվել է, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չլինեն (ինչխոսքողջունելինախաձեռնություն է), բայց նման դեպքերում պետք է չմոռանանք, որ գործ ունենք երեխաների հետ: Եւ պետք չէ նրանց ճակատագրերի հետ խաղալ: Ի վերջո առաջին դասարանցու համար դպրոցը այլ միջավայր է, նրան ժամանակ է պետք, որպեսզի համակերպվի, հարմարվի այդ միջավայրին: Իսկ եղբայրն ու քույրը բնականաբար մեծ աջակցություն են փոքրիկի համար: Մինչդեռ մինչեւ ծրագիրը գործարկելը նախարարությունը վստահեցնում էր, որ առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա եւ ցանկանում են, որ մյուս երեխան եւս նույն դպրոց հաճախի: Այսինքն համակարգը նախ պետք է բացվեր այդ ծնողների համար, ինչից հետո այն հասանելի պետք է դառնար մնացած բոլորին՝ հավասար պայմաններով: Եթե դպրոցական երեխա ունեցող ծնողը սահմանված ժամկետում չի հերթագրի իր մյուս երեխային, կզրկվի այդ արտոնությունից:

՚Ժողովուրդ ՙօրաթերթը ծնողների դժգոհությունները փոխանցեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Մեր հարցերին ի պատասխան նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն ասաց. ՙՀայտագրվելուց միակ սկզբունքն այն է, որ ուղղակի պետք է ծնողները հասցնեին շուտ մտնել եւ շուտ գրանցել իրենց երեխային: Դա միակ սկզբունքն է եղել: Այլ չափանիշով, դա կլինի տանը մոտիկ, հեռու գտնվող դպրոց, կլինի քույր, եղբայր ունենալն այնտեղ եւ այլն, այդ սկզբունքները չեն կարող իրավական առումով հայտագրման համակարգում որպես չափանիշ հանդես գալ:

Իսկ դպրոցներն էլ իրենց հերթին չեն կարող աշակերտներ ընդունել, որովհետեւ նրանց լիցենզիաները տրամադրվում են որոշակի պայմաններ հաշվի առնելով: Օրինակ, աղետների դեպքում տարհանման օպերատիվությունը ու էֆեկտիվությունը եւ այլ կրիտերիաներ: Այսինքն լիցենզիաները նույնպես կամայականությամբ չեն տրվում, հաշվարկվում է թե տվյալ դպրոցը քանի երեխա կարող է ընդունել: Ու եթե իրենց նախընտրած դպրոցում լիցենզիայով երեխաների թիվը սպառվել է, ապա դպրոցը չի կարող ընդունել, որովհետեւ անվտանգությանը վնաս կլինի՚:

ՙԺողովուրդ՚ օրաթերթը մամուլի խոսնակից հետաքրքրվեց, թե այժմ ինչպես վարվի այն ծնողը, որը չի կարողանում իր երկրորդ կամ երրորդ երեխային գրանցել մի դպրոցում, որտեղ սովորում է մյուս երեխան: Չէ որ սեպտեմբերի 1-ին մնացել են հաշված ժամեր: Մեր հարցին ի պատասխան մամուլի խոսնակն ասաց. ՙԻրականում խնդիր էր, որովհետեւ ի սկզբանե մենք մտածում էինք արտոնություն տալ այդ ծնողներին, բայց հաշվի առնելով օրենսդրական դաշտը իրավական կարգավորումները դա հնարավոր չեղավ, որովհետեւ բոլորը հավասար իրավունք ունեն: Մենք շատ ակտիվ արշավ ենք արել տեղեկատվական առցանց համակարգի գործարկման մասին ու այդ ծնողը կարող էր ուղղակի առաջինը մտնել ու երեխային գրանցել: Պետք էր ուղղակի ավելի շուտ երեխային գրանցել՚: Ահա նախարարության ներկայացուցչի անտարբեր պատասխանը: Ապա ավելացրեց, որ պետության կողմից տրված լիցենզիանները դպրոցներին իրականում ավելին են եղել, քան նախատեսվող աշակերտերի թիվը:

Բացի այս, լրջագույն խնդիր է դարձել դիվանագիտական ներկայացուցիչների երեխաների դպրոց հաճախելու հարցը: Նրանցից շատերը մնացել են ՙօդում կախված՚: Ըստ նախարարության` որեւէ երեխա արտերկրից եթե գա, ցանկանա հաճախել դպրոց, հայտագրումը դարձյալ իրականացվելու էլեկտրոնային տարբերակով: Ստացվում է, որ նախարարությունը հավասարության դաշտ ստեղծելու անվան տակ շիլա շփոթ է առաջացրել,որից իրենքէլ գլուխ չեն հանում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս