ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենաերկար տեւած նիստերից մեկը: Մինչեւ կեսգիշեր ձգված նիստի ժամանակ պատվիրակները քննարկում էին Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը: Ինչպես հայտնի է, երեք տարի Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է եղել ձայնի իրավունքից եւ չի մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել է իրավունքներից 2014թ.-ին, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին: Իրավունքերից զրկվելուց հետո ՌԴ պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին:

Եվ նախօրեին այդ հարցի քննարկումները բավականին բուռն են ընթացել: Խոսքը հատկապես Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակների մասին է, որոնք շատ կոշտ կերպով էին արձագանքում ՌԴ-ի հնարավոր վերադարձին: ԵԽԽՎ պատվիրակներն անգամ սոցիալական ցանցերում տեսակետներ են արտահայտել, որ նույնիսկ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այդքան երկար եւ այդքան դրամատիկ չէր քննարկվել: Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնաց լքել ԵԽԽՎ-ն:
Ի վերջո, 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ: Եվ երեկվանից լայնորեն քննարկվում է ԵԽԽՎ հայկական պատվիրակության քվեարկության հարցը: Նախապես հայտարարվեց, որ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել բանաձեւին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանից»:
Եվ մինչ բոլորը քննարկում էին Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը ու դա բնորոշում որպես հակառուսական քայլ՝ ուղղորդված արեւմտյան ուժերի կողմից, ԵԽԽՎ-ից հաջորդ հետաքրքիր կամ զավեշտալի տեղեկությունը ստացվեց:
Պարզվեց` Հայաստանի պատվիրակության ղեկավարը, որը նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, իսկ մինչ այդ էլ եղել է արտաքին գործերի փոխնախարարը, լրիվ «պատահաբար» է դեմ քվեարկել հարցին: Ընդ որում, հետաքրքիրը նաեւ այն է, որ այդ մասին Ռուբինյանը բարձրաձայնել է միայն հաջորդ օրն առավոտյան` հայտարարություն անելով ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ: Սակայն նրա հայտարարությունը ոչինչ չի փոխել. քանի որ ԵԽԽՎ կանոնադրության համաձայն քվեն փոխել հնարավոր չէ: Թերեւս Ռուբինյանի` այդպիսի կարեւոր կառույցում աշխատելու փորձի պակասն է հանգեցրել նման պատկերի:
Եվ հետաքրքիր է` իր քայլը մեկնաբանելու, բացատրելու փոխարեն Ռուբեն Ռուբինյանը սոցիալական ցանցի իր էջում դասեր էր տալիս իրենց քննադատողներին: Այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանություններն են մեղավոր, որ Ռուբեն Ռուբինյանը պատահաբար է սխալ քվեարկություններ անում, եւ այն էլ` այսպիսի կարեւոր հարցում: Իսկ Ռուբինյանը բավարարվում է` այսպիսի մեկնաբանություն տալով. «Այդ առնչությամբ այսօր հայտարարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, եւ հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը: Ի հեճուկս որոշ չարագուշակների` մեր եւ մեր ռուս գործընկերների միջեւ բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը» – նշել է Ռուբինյանը:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում իշխող խմբակցությունում նախապես քննարկվել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի հարցի վերաբերյալ հնարավոր զարգացումները, եւ որոշում է կայացվել կողմ քվեարկել: Եվ Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկելու հանգամանքն իսկապես զարմացրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք երեկ` մինչեւ Ռուբեն Ռուբինյանի պարզաբանումը, խորհրդարանում զարմացած քննարկում էին նրա դեմ քվեարկելն ու դրա հնարավոր հետեւանքները:
Թեեւ Հովհաննես Իգիթյանը, ըստ էության, չի ենթարկվել խմբակցության ընդհանուր որոշմանը եւ շեղվել է, բայց տարակուսելիորեն իմքայլականներն ամենեւին էլ չեն զարմացել դրանից: Իգիթյանը հայտնի է իր եվրոպամետ հայացքներով, եւ դա է պատճառը, որ նրա քվեարկությունը ոչ ոքի չի զարմացրել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իրականում Հովհաննես Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, եւ նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Այս առումով, իհարկե, տարակուսելի է ՀՀ պատվիրակության անդամի քայլը, որը, փաստորեն, ստվերային պայմանավորվածություններ է ունեցել ուկրաինացի պատվիրակների հետ, եւ հետաքրքիր է, որ վերջինս այդ մասին նաեւ տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին եւ իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ամեն կերպ մեկնաբանություն ստանալ Հովհաննես Իգիթյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն, եւ նա ոչ մի կերպ չէր պատասխանում մեր նամակներին: Մենք պատրաստ ենք այժմ էլ հրապարակել Հովհաննես Իգիթյանի տեսակետն ու դիրքորոշման պատճառը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊՆ-ՈՒՄ
Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ դրանից էլ ելնելով` նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն` առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում, ասել է թե` ղեկավար կազմից պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հասմիկ Պետրոսյանը դատի է տվել մարզպետ Տիգրան Պետրոսյանին` պահանջելով, որ մարզպետը 2019 թվականի մարտի 29-ի որոշումը անվավեր ճանաչի: Նա պահանջում է, որ իրեն վերականգնեն Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձեն:

 

 

 

ՇՈՒՏ Է ՓԱԿՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից` կապված ճոպանուղու աշխատաժամերի հետ: Պարզվում է` Հայաստանի տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում ճոպանուղին աշխատում է առավոտյան ժամը 9.30-ից մինչեւ 17.30-ը ընկած ժամանակահատվածը: Եւ ճոպանուղու շուտ փակվելու պատճառով շատ զբոսաշրջիկներ չեն հասցնում օգտվել դրանից: «Ժողովուրդ» օրաթերթը ճոպանուղու ղեկավարությունից հետաքրքրվեց, թե ինչն է դրա պատճառը: «Կարգն է այդպես, միշտ ճոպանուղին այդ ժամերի ընթացքում է աշխատել»: Ի դեպ, մեր հեռախոսազանգից հետո 30 րոպեով ավելացվել է աշխատանքային ժամը: Այսինքն` մեր հեռախոսազանգից հետո ճոպանուղին փակվում է ոչ թե 17.30-ին, այլ 18.00-ին: Ի դեպ, ճոպանուղուց մեզ հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր է, որ եւս 30 րոպեով ավելանա աշխատաժամը:

 

 

 

ԱՃ` ԱՆԿՈՒՄՈՎ
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով: Աճ արձանագրվել է նաեւ շինարարության ոլորտում` 6.1 տոկոս, առեւտրի շրջանառության ոլորտում` 9.4 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալների դեպքում արձանագրած աճը կազմել է 5.6 տոկոս: Փոխարենը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում է անկում գրանցվել` 7.4 տոկոս: Չնայած տնտեսական աճին` արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում է անկում արձանագրվել` 2.6 տոկոս. արտահանման ծավալները այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0.9 տոկոսով նվազել են, ներմուծումը` 3.4 տոկոսով: Ի դեպ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների մասին տվյալները բացակայում են:

 

 

 

ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի` Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությանն ի պատասխան տարածած մեկնաբանության մեջ: «Ինչպես նշել էինք դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել` վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը եւ պահպանելու հրադադարը, եւ այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին եւ ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը եւ առաջարկները»:

 

 

 

 

ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է քվեների 84 կողմ, դեմ 33 հարաբերակցությամբ: Մինչ այդ ԼՀԿ խմբակցության անունից խոսել է Անի Սամսոնյանը եւ նշել, որ թեեւ նախագիծն ունի դրական նպատակ, բայց խնդիր են տեսնում, քանի որ ընդդիմության համար թվով մեկ թեկնածու ներկայացնելը խնդրահարույց է: «Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք»,-ասել է նա: Ալեն Սիմոնյանը վարման կարգով նշել է, թե «սատանան ասում է` բռնենք ու դեմ քվեարկենք»: «Բայց սա չենք անում ոչ ձեր համար, չենք անում որեւիցե այլ խմբակցության համար, անում ենք ՀՀ-ի համար»,- ասել է Սիմոնյանը: Նախագծով առաջարկվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորությունները: ԱԺ-ն 105 կողմ քվեարկությամբ ընդունել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքի նախագիծը:

 

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հունիսի 27-ին Երեւանում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ տնտեսական համագործակցության գծով: Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին: Հայկական կողմից նիստին կմասնակցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:




Լրահոս