ՀՀ արդարադատության նախարարության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը թերեւս միակը չի լինելու համակարգում: Եվ լուրեր կան, որ ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւս հասկացրել են, որ պետք է հրաժարական ներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ ՀՀ կառավարությունում հանդիպել է:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 9-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Արտակ Զեյնալյանը: Նրա հրաժարականը կապեցին դատարանների շուրջ ստեղծված աղմուկի, ինչպես նաեւ Ազգային ժողովում իշխող ուժի կողմից դժգոհությունների հետ: Սակայն լուրեր կան, որ հրաժարականի հիմքերից մեկն է եղել նաեւ ԱԱԾ-ի բացահայտումը: Ինչպես հայտնի է, ապրիլի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում եւ մի շարք բացահայտումներ էր արել: Ասել է թե` ԱԱԾ-ի բացահայտումը պատասխանն էր ՀՀ արդարադատության նախարարին եւ ՔԿ ծառայության պետին, որ ՔԿՀ-ներում ոչինչ էլ չի փոխվել:
Նախկին նախարար Արտակ Զեյնալյանը անպատասխան չթողեց` խոսելով ՔԿՀ-ներում ԱԱԾ իրականացրած ստուգումների տեսագրությունների մասին. «Կարծում եմ` այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը: Մտածե՛ք, խնդրեմ, արդյոք քրեակատարողական հիմնարկներում բան չի՞ փոխվել»:
Իսկ լրագրողների հարցին, թե ինքն այսպես կասկածի տակ չի դնում արդյոք ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանել էր, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի` այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Ինչեւէ, Արտակ Զեյնալյանի գնալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, ՔԿՀ-ներում տարածված լուրերի համաձայն` ԱԱԾ-ի բացահայտումը պատահական բացահայտում չէ, եւ ՔԿՀ-ներում իրավիճակը փոխելու համար պետք է նաեւ աշխատանքից ազատեն ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին, քանի որ նա է նախկին նախարարին սխալ զեկուցել, որ ՔԿՀ-ներում ամեն ինչ վերահսկվում է, եւ պահպանվում է կարգուկանոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցեր էր ուղղել ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին, եւ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:
-Պարո՛ն Մխոյան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ձեզ կանչել է ՀՀ կառավարություն` հանդիպման: Ի դեպ, Ձեր եւ ՀՀ փոխվարչապետի հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ դեռեւս ՀՀ արդարադատության նոր նախարարը նշանակված չի եղել: Արդյոք եղե՞լ է նման բան, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչո՞ւ է փոխվարչապետը Ձեզ կանչել կառավարություն, եւ ի՞նչ եք զրուցել նրա հետ:
-Այո, Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր եւ խնդրել ֆինանսական միջոցների հատկացում:
-Արդյոք Ձեր հրաժարականի մասին խոսք եղե՞լ է:
-Հրաժարականի մասին խոսք չի եղել:
-Լուրեր կան, որ Ձեր ազատման հարցը բարձրացվել է, եւ առաջիկայում Դուք հրաժարական եք տալու: Կա՞ նման բան, թե՞ ոչ:
-Ազատման հարցի բարձրացման վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԿՐԱԿԵԼ
Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո քաղաքացիների կողմից իրավապահներին դիմումները շատացել են: Ուշագրավն այն է, որ տարբեր պաշտոնատար անձանց դեմ իրավապահներին սուտ տեղեկություններ տված քաղաքացիները հայտնվել են դատարաններում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության շրջանում սկսվել է մի իրավիճակ, որ ոմանք, նախկինում ինչ-ինչ խնդիրներ ունենալով տարբեր մարդկանց հետ, նրանց մասին սուտ տեղեկություններ են հաղորդում իրավապահներին, իսկ իրավապահներն էլ, սկսելով քննությունը, որոշ ժամանակ հետո պարզում են, որ քաղաքացիները սուտ են խոսել, ստիպված են լինում «սուտ մատնության» հատկանիշներով մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքի հարակից տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ թույլտվության ինքնակամ իրականացրել է բետոնապատման եւ մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ: Վարդան Ղալումյանը, լինելով Իջեւան համայնքի ղեկավար, իր իրավասության սահմաններում 2018թ. նոյեմբերի 29-ին վարչական վարույթ է հարուցել Արման Մանուկյանի նկատմամբ եւ թիվ 100 կարգադրությամբ իր ենթակայության տակ գտնվող համապատասխան ծառայությանը հանձնարարել կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները:
Այսպիսով, վարչական վարույթի մասին տեղեկացվում է Արման Մանուկյանը, եւ որպեսզի կանխի քաղաքապետ Ղալումյանի կատարած գործողությունները, 2018թ. նոյեմբերի 29-ին` ժամը 13:30-ի սահմաններում, գնացել է համայնքապետարան եւ համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի աշխատասենյակում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված տվել է բռնություն գործադրելու սպառնալիք: Մասնավորապես, նա քաղաքապետ Ղալումյանին ասել է, որ կկրակի եւ կսպանի` ցանկանալով այդկերպ հարկադրել նրան հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից:
Այս արարքի համար Արման Մանուկյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձեւավորված քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընդունված անձնական երաշխավորությունը վերացնել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Դատավորը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաեւ Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված Վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը: Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը. փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ եւ ներկայացնել իրենց առարկությունները:
ՎԱՏԱՑԵԼ Է
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ դատարանում վատացել է: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը միջնորդել է հետաձգել նիստը: Դատարանը որոշել է ընդմիջել դատական նիստը, որպեսզի բժշկի հետ խորհրդակցեն` արդյոք նա կարող է մասնակցել նիստին, թե ոչ: Ընդմիջումից հետո դատարանը որոշել է հետաձգել նիստը` այն նշանակելով հուլիսի 2-ին: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատարան է բերվել շտապօգնության մեքենայով:
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ ՔԿ-ում պարզվել են 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: 2019թ. մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը Կոմիտաս պողոտայի կանգառներից մեկում իրեն դանակահարել են: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նախնական տվյալներով` 2019թ. մայիսի 30-ին 32-ամյա բնակիչը Կոմիտաս պողոտայում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում ալկոհոլ օգտագործած վիճակում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, ինչի կապակցությամբ 20-ամյա երիտասարդը նրան դիտողություն է արել: 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը: Ամսական աճի տեմպը նվազել է: Հրանտ Բրագրատյանի փոխանցմամբ` 2019թ. մայիսի ՏԱՑ ցուցանիշը, 2018-ի մայիսի համեմատ, կազմել է 7.3%: 2019-ի հունվար-մայիսը 2018թ. հունվար մայիսի նկատմամբ էլի 7.3% է: «Հիշեցնեմ, որ 2019թ. հունվար-ապրիլը 2018թ. հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր: Հարց` սա հնարավո՞ր է: Նրան, ով նման բան կապացուցի, խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»,- նշել է Հ. Բագրատյանը:
ՈՒՇԱՑԱԾ
Երեւանի Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա ուղղությամբ օդ բարձրացած չարթերային թռիչք իրականացնող օդանավը Հուրգադա է հասել նախատեսվածից 3 ժամ ուշացումով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Երեւան-Հուրգաթա չարթերային թռիչքն իրականացնող օդանավը վառելիքի լիցքավորման համար հարկադիր վայրէջք է կատարել Կիպրոսում, որից հետո շարունակել է թռիչքը դեպի Հուրգադա: