«ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԸՆՏՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Միսս Հայաստան 2017», 19-ամյա գեղեցկուհի մոդել Լիլի Սարգսյանն է: Նա անդրադարձել է մասնագիտական փնտրտուքներին, արտերկրի առաջարկներին, Հայաստանում սեփական ուժերով բրենդային խանութ բացելու ծրագրին: Լիլին խոսել է նաեւ ընտանիքի, մասնավորապես` հոր աջակցության, անձնական կյանքի մասին: Գեղեցկուհին խոստովանել է` որքան գեղեցիկ է աղջիկը, այնքան բարդ է նրա ընտրությունը:

-Լիլի՛, որքանով տեղյակ եմ, սովորում եք Մշակույթի համալսարանում, ուսումնասիրում եք դիզայն: Հնարավո՞ր է` առաջիկայում որպես դիզայներ հանդես գաք:
-Հիմա մասնագիտական փնտրտուքների մեջ եմ: Ճիշտ է, դիզայներություն շատ եմ սիրում, բայց իրավաբանությունն այս պահին ինձ ավելի հոգեհարազատ է, ուստի մտադիր եմ փոխել մասնագիտությունս:
-Այնուամենայնիվ, ինչ մասնագիտություն էլ վերջնական ընտրեք, ենթադրում եմ, մոդելինգը չեք թողնի:
-Ոչ, շատ եմ սիրում մոդելի աշխատանքը, գեղեցկության մրցույթները, այնպես որ, չեմ թողնի այդ ոլորտը: Անկեղծ ասած, այս երեք տարվա ընթացքում տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ. ուզում եմ ավելի հոգեհարազատ մրցույթների մասնակցել, պատվով հանդես գալ:
-Որպես մոդել` որեւէ տեղ ստաբիլ աշխատու՞մ եք:
-Ոչ, որեւէ կենտրոնի հետ պայմանագիր չունեմ: Չեմ էլ ցանկանում պայմանագրով աշխատել: Ինձ համար ավելի լավ է որպես անհատ, անկախ մոդել ներկայանալ: Ի դեպ, նախընտրում եմ զբաղվել ֆոտոմոդելի կարիերայով, թեպետ պոդյումային մի շարք առաջարկներ եմ ստացել: Պարզապես պոդյումն իմը չէ:
-Վստահ եմ` ֆիլմերից եւ սերիալներից հրավերներ ունեցել եք: Հնարավո՞ր է` մի օր Ձեզ տեսնենք, օրինակ, որեւէ սերիալի գլխավոր հերոսուհու դերում:
-Առաջարկներ, իսկապես, շատ են եղել, բայց ցանկություն չունեմ նկարահանվելու: Դերասանությունը իմը չէ: Ես չեմ կարող ամեն առաջարկի հետեւից վազել: Գուցե մի օր տեսնեն ինձ որեւէ դերում միայն այն դեպքում, երբ ժամանակ կունենամ հնարավորինս լավ պատրաստվելու, որպեսզի ինքնավստահ զգամ: Ինձ առաջարկել են նույնիսկ` ձայնս մշակեմ ու երգեմ, բայց հրաժարվել եմ: Երգարվեստը հաստատ իմ տեղը չէ: Հրավիրել են նաեւ նկարահանվելու տեսահոլովակներում: Այդ ուղղությամբ մտածում եմ, քննարկումների փուլում ենք:
-Իսկ արտերկրից համագործակցության առաջարկներ լինո՞ւմ են, թեկուզ երկարաժամկետ:
-Այո, լինում են, բայց ես ցանկանում եմ ապրել Հայաստանում, մտադիր եմ իմ ուժերով բրենդային խանութ բացել, այդ է պատճառը, որ տարակուսում եմ, չգիտեմ` արժե գնալ արտերկիր, թե ոչ:
-Իսկ որոշե՞լ եք` այս ամառ որտեղ եք հանգստանալու:
-Ինձ մոտ նման բաները պատահական են ստացվում, վճռվում: Ժամանակս սուղ է, անգամ չեմ հասցնում պլանավորել:
-Տղա երկրպագուները չեն ների, եթե չհարցնեմ. Ձեր սիրտը ազա՞տ է:
-Այո՛, ազատ է:
-Գեղեցկուհի լինելը, թվում է, անձնական կյանքում դռներ է բացում, բայց, միեւնույն ժամանակ, բազմաթիվ բարդություններ է առաջացնում, համաձա՞յն եք:
-Այո, երբ գեղեցկուհի ես, ընտրությունդ լայն է, բայց պարտավոր ես ընտրել լավագույն տղամարդուն: Պետք է մեկը, ով կսիրի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, կընդունի քո ներքին արժանիքները, այնինչ տղաների մեծ մասը սիրում է գեղեցկուհիներին միայն արտաքինի համար:
-Հայ տղաների մեջ ո՞ր հատկությունն է, որ Ձեզ դուր է գալիս, եւ ի՞նչն է, որ կփոխեիք:
-Փոխելու բան արդեն չկա: Եթե նախկինում նրանք շատ փակ էին, ունեին որոշակի կարծրատիպեր` կապված հենց թեկուզ գեղեցկության մրցույթների մասնակցող աղջիկների հետ, հիմա պատկերն այլ է: Շատ տղաներ իրենք են ոգեւորում ինձ, որպեսզի մասնակցեմ մրցույթների: Ի դեպ, քույրս էլ է այդ ճանապարհն ընտրել, եւ հայրս ինչպես իմ պարագայում, այնպես էլ քրոջս ամենաակտիվ երկրպագուն է եւ խրախուսողը:
-Կարգավիճակի փոփոխություն ո՞ր տարիքում եք պատկերացնում:
-Ցանկալի տարիք է 23-24-ը, բայց դա պլանավորելով չէ: Ի դեպ, շատերը երբ տեսնում են ինձ, հարցնում են` արդյոք ամուսնացել եմ. նրանց թվում է, թե իմ անձնականում լուրջ փոփոխություն է գրանցվել, ստատուսներիցս ոմանք ենթադրում են, թե սիրտս զբաղված է, բայց դա այդպես չէ: Ես ոչինչ չեմ ծրագրում: Աստված ինչպես կկամենա, թող այնպես էլ լինի:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՅՈԹ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵԼ»

«Այո, հիմա էլ եմ ուզում յոթ որդով սեղան նստել: Վստահ եմ, որ երազանքս իրականացնելու եմ, ես ընդամենը 31 տարեկան եմ, դեռ կհասցնեմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք նախկինի պես ցանկանում է յոթ զավակ ունենալ (ավելի վաղ հարցազրույցներից մեկում նա նման միտք էր արտահայտել-հեղ.):

Դերասանուհու հետ զրուցեցինք ամառային հանգստի հետ կապված նախընտրությունների մասին: Նա տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ է արտերկրում հանգստացել, ուստի այս տարի արդեն գերադասում է հանգստի մեկնել ձմռանը, թերեւս Արաբական Միացյալ Էմիրություններ: Առհասարակ, Նաիրան ակտիվ հանգստի սիրահար է: Իդեալականը նրա համար ծովափնյա հանգիստն է դստեր եւ մայրիկի հետ: Հարցին, թե վերջին տարիների ընթացքում որ երկիրն է տպավորել իրեն, դերասանուհին պատասխանեց. «Բուլղարիայում անցկացրած հանգիստս եմ սիրով հիշում: Ի դեպ, այն ժամանակ բալիկս դեռ չէր ծնվել, մայրիկիս հետ էի մեկնել: Եղանք թե՛ ծովափին, թե՛ ակումբներում, բազմաթիվ հետաքրքիր պահեր ապրեցինք»: Նաիրան սիրում է նաեւ էքստրեմալ հանգիստ եւ առիթը բաց չի թողնում ամենաչնչին հնարավորությունից օգտվելու համար:
Մենք դերասանուհու հետ մի փոքր էլ խոսեցինք գործնական թեմաների շուրջ: Վաղուց հայտնի է, որ Նաիրան նաեւ դիմահարդար է, ընդ որում` ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մակարդակի: Նա արդեն ունի նաեւ աշակերտներ, եւ չի հասցնում այցելուներին սպասարկել: Հետաքրքրվեցինք` շոու-բիզնեսից այցելուներ արդյոք ունենում է. «Այո, իհարկե, կոլեգաներս հաճախ են գալիս ինձ մոտ»,- ասաց նա:
Դերասանուհուն երկրպագուները վերջին անգամ տեսել են «Մեծից փոքր» սիթքոմում: Առաջիկայում, սակայն, նրան էկրաններին չենք տեսնի: Հարցին, թե արդյոք չունի հրավերներ, թե պարզապես ինքը չի ցանկանում նկարահանվել, Նաիրան պատասխանեց. «Հիմա զբաղված եմ առավել հեռանկարային մի աշխատանքով, որը դերասանական ոլորտին չի վերաբերում, բայց փակագծեր դեռ չեմ բացի»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Անգլիական «Դերբի Քաունթին» հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ակումբը թույլատրել է իր մարզչին բանակցել Լոնդոնի «Չելսի»-ի հետ. «Արդեն մոտենում է նախապատրաստական շրջանը, եւ մենք հույս ունենք, որ այս քայլը «Չելսի»-ին թույլ կտա որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել քննարկումները»,- նշված է հայտարարության մեջ: Հավելենք, որ այս պահին Ֆրենկ Լեմպարդը լոնդոնյան ակումբը գլխավորելու առաջնային թեկնածուն է:

 

 

 

ՄԵԿ ՈՏՔՈՎ «ՅՈՒՎԵՈՒՄ» Է
Ամստերդամի «Այաքս»-ի հոլանդացի պաշտպան Մատեիս դե Լիգտը արդեն մեկ ոտքով Թուրինի «Յուվենտուս»-ում է: Նշվում է, որ 19-ամյա պաշտպանը Իտալիայի չեմպիոնների կազմում կստանա տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ: Թուրինյան ակումբը արդեն առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կհայտարարի այս տրանսֆերի մասին: Խոսակցություններ են շրջանառվում, որ երիտասարդ ֆուտբոլիստի որոշման մեջ մեծ դեր խաղացին «Ծեր Սինյորա»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, որը Ազգերի Լիգայի եզրափակիչ Պորտուգալիա-Հոլանդիա խաղից հետո դե Լիգտին խնդրել էր տեղափոխվել «Յուվենտուս»: Հավելենք, որ այս տրանսֆերը թուրինցիների վրա կարժենա ամենաքիչը 60 մլն եվրո:




Լրահոս