Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցությունն է հայտարարություն տարածել` անդրադառնալով նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Բնականաբար, նախկին իշխանություններն այս ամենը որակել են որպես քաղաքական հետապնդում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: ՀՀԿ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հանրապետականն այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով»: Ստացվում է` հերթական անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սպառնում են դրսից «մարդ բերել» նոր իշխանությունների վրա: Վերջին շրջանում սա, կարծես թե, ՀՀԿ-ի կողմից պարբերաբար բնույթ ստացող գործելաոճ է դարձել: Սակայն նախկինում, երբ նույնկերպ վարվում էին ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրները եւ միջազգային ատյաններում բարձրաձայնում էին երկրում տեղի ունեցող գործընթացների մասին, նույն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նրանց մեղադրում էին «ներքին սպիտակեղենը» երկրից դուրս հանելու համար:
Եվ հիմա, երբ արդեն ՀՀԿ-ն է ընդդիմություն, պարզվում է` ամոթ չէ երկրի ներքին հարցերը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելը: Եվ վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրի ներսում միշտ կա այն խնդիրը, որ մարդիկ հաճախ գործում եւ արտահայտվում են իրենց կարգավիճակի թելադրանքով, այլ ոչ թե սկզբունքներով: Եվ եթե հակառակ երեւույթը լիներ, եւ սկզբունքները լինեին առաջնային, ապա այսօր ՀՀԿ-ն այդպիսի բան չէր ասի` հիշելով իրենց անցյալի հայտարարությունները եւ միջազգային ատյաններին բողոքելու անթույլատրելիությունը:
Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու: Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, եւ այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում, ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է` պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ, որը դեմ արտահայտվեց Սահմանադրությունում այն դրույթի ավելացմանը, որը հնարավորություն կտա նաեւ ՀՀ քաղաքացիներին առաջադրվել որպես Արցախի նախագահի կամ պատգամավորի թեկնածու: «Իհարկե դեմ եմ: Կան երկու հայկական հանրապետություններ, եւ Արցախն առանձին պետություն է», – նշեց նա:
Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու մասին քրեական գործով կալանավորվել էր Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որը հետագայում ազատ էր արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Սամվել Ադյանի եղբոր` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե երբեւիցե չի հրավիրվել հարցաքննության եւ երբեւիցե առնչություն չի ունեցել այդ գործի հետ: Դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, իր եղբայրն ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց, ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր, Դավիթ Ադյանը նշեց. «Ես չեմ կարծում: Չեմ կարող մեկնաբանել` նման բան կա, թե չկա: Ես կարծում եմ` նման բան չի կարող լինել»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը: Խոշոր հարկատուների մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները, մի մասը` նվազեցրել, իսկ մի քանիսն էլ չեն հայտնվել ցանկի առաջին տասնյակում: Ուշագրավ է, որ 4-րդ տեղը զբաղեցնող ՀԷՑ-ին հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 4 մլրդ 295 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 2 մլրդ 494 մլն դրամ հարկ ու տուրք: Ստացվում է, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը գրեթե կրկնապատկել է հարկային պարտավորությունները:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
Արդեն մի քանի անգամ բանտախուց գնացած, վերադարձած ու կրկին գնացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ խոստանում էր իր իշխանության տարիներին չլինել ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն, քննադատություններ է հնչեցնում, դարձել է ընդդիմադիր գործիչ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Նա մինչ բանտախուց վերադառնալը կրկին հարցազրույց է տվել եւ ասել, թե իր իշխանության տարիներին դատարանների վրա իր կողմից երբեւէ ճնշումներ չեն եղել: «Երբեք չեմ զանգել դատավորների, թող գտնեն մեկ դատավոր, որի հետ ընդհանրապես իմ մոտ հեռախոսով խոսած լինեմ: Կամ թող գտնեն մեկ դատավորի, որը երբեւիցե իմ գրասենյակում եղել է: Իմ աշխատակազմից զանգեր երբեք չեն եղել, երբեք, բացարձակ սուտ է»: Ինչպես ասում են, քիչ էր մնում հավատայինք: Իհարկե, գուցե Քոչարյանը ճիշտ է, որ անձամբ որեւէ դատավորի չի զանգել ու որեւէ մեկի որեւէ բան չի հրահանգել, բայց նույնիսկ եփած հավին է պարզ, որ Քոչարյանի անունից ՀՀ նախագահի նստավայրից այնպիսի ինտենսիվությամբ էին դատարաններին թելադրող զանգեր հնչում, որ ուղղակի «սիրուն չի», երբ այսօր Քոչարյանն ասում է, թե իր օրոք զանգերով արդարադատություն չի եղել:
Հիշենք թեկուզ «Վիկիլիքս»-ի գաղտնազերծումները` 2008 թվականի մարտի 7-ին Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի` ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված նամակը: Ըստ գաղտնազերծված նամակի` Ռոբերտ Քոչարյանը որոշել էր, որ մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքը մերժելով: Նշվում էր նաեւ, որ լսումների նախօրեին նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից Պողոսյանին զանգել են եւ կանչել նախագահական: Ըստ Պողոսյանի հայտնածի` ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը մարտի 4-ին նմանատիպ զանգեր էին ստացել նախագահականից:
Սրանից ավել ի՞նչ ճնշման մասին էր ցանկանում լսել Քոչարյանը: Արդյոք ՍԴ դատավորի վրա գործադրած ճնշումը ճնշում չէ՞, թե մոռացե՞լ է 10 տարի առաջ կատարվածի մասին, որ դատարանները առանց նախագահականի թույլտվության նույնիսկ միջնորդություն չէին քննարկում:
Ու այսօր ավելի շատ են հնչում կարծիքները, որ դատարաններում զանգովի արդարադատության համակարգը սկիզբ է առել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, ծաղկել ու բարգավաճել Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ուղղակի դարձել էր օրինաչափություն:
Ուղղակի լավ կլինի, որ նախկին ղեկավարները, մասնավորապես` այսօրվա ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանը, իր անցյալը չմոռանա: