Ինչպես հայտնի է, հունիսի 4-ից Արցախում ստորագրահավաք է սկսվել Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու հարցը հանրաքվեի դնելու համար: Այդ փոփոխությունները նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որը հնարավորություն կտա վերջինիս առաջադրվել որպես Արցախի նախագահի թեկնածու:
Ըստ այդմ, Բաբայանի կողմնակիցները ցանկանում են փոփոխել այն դրույթը, որը սահմանում է, թե ով կարող է լինել Արցախի Հանրապետության նախագահ եւ Ազգային ժողովի պատգամավոր: Գործող հիմնական օրենքով նախագահի թեկնածուի համար պարտադիր է տասը տարվա Արցախի քաղաքացիության ու տասը տարվա մշտական բնակության պահանջը: Եվ, ահա, նախաձեռնող խումբն առաջարկում է տասը տարվա քաղաքացիության փոխարեն սահմանել, որ նախագահի թեկնածու կարող է լինել «Վերջին 10 տարում ԱՀ եւ կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 3 տարում ԱՀ եւ կամ ՀՀ բնակվող քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք»:
Եվ նույնկերպ Ազգային ժողովի պատգամավորներին վերաբերվող կետում առաջարկվում է գրանցման եւ մշտական բնակության 5-ամյա պահանջները փոխարինել երեք տարով: Եվ այս երկու փոփոխություններով էլ առաջարկվում է ընտրվելու հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներին: Ստորագրահավաքը սկսվել է հունիսի 4-ին եւ շարունակվելու է մինչեւ հուլիսի 18-ը: Ըստ Արցախի ԿԸՀ համապատասխան որոշումների` ստորագրահավաքի գրասենյակները գործելու են համայնքապետարաններում: Ստորագրահավաքին կարող են մասնակցել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:
Արցախի Սահմանադրության համաձայն` ստորագրահավաքը կատարված լինելու համար պետք է լինի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսի ստորագրությունը, որից հետո փաստաթուղթն ուղարկվում է Ազգային ժողով, իսկ արդեն հանրաքվեն նշանակվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Այսինքն` ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների տասը տոկոսի ստորագրությունը դեռ բավարար չէ հարցը հանրաքվեի դնելու համար, եւ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին Ագզային ժողովի որոշումը:
Եվ չնայած ստորագրությունները հավաքելու ժամկետին դեռ 22 օր կա, սակայն նախաձեռնող խմբի անդամներն արդեն ունեն 15 հազարից ավելի ստորագրություն, այսինքն` նախատեսված 10 տոկոսից ավելի, եւ ակնհայտ է, որ մինչեւ ժամկետի ավարտը թիվը կավելանա: 15 հազարից ավելի ստորագրություն ունենալու մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱՀ Սահմանադրության փոփոխության քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Հենց նա է զբաղվում ստորագրահավաքի հետ կապված աշխատանքներով: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ տարածված այն տեղեկություններին, թե ստորագրահավաքն ավարտվել է կամ անօրինական է եւ ոչ ԿԸՀ-ով հաստատված: «Մենք մինչեւ հուլիսի 18-ը ներառյալ` առանց շաբաթ-կիրակիի, պետք է անցկացնենք ստորագրահավաքը: Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջն է, որը կատարում ենք հիմա: Մենք 15 հազար 192 ստորագրություն արդեն ունենք: Այս նախաձեռնող խումբը գործընթացը սկսել էր անցյալ տարի, բայց այս տարվա փետրվարի 18-ին ԿԸՀ նորմատիվային որոշումներ եղավ եւ կարգ, որի համաձայն էլ այն իրականացվում է»,- նշեց Պողոսյանը:
Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե մինչեւ ստորագրահավաքի ժամկետի ավարտը սպասում են 25 հազարից ավելի ստորագրության առկայություն: «Ազգային ժողովը պետք է ընդունի հանրաքվե անելու որոշումը, քանի որ ամեն ինչ օրենքով է արվում: Դա այլ հարց է, թե երբ կնշանակեն, դա գործընթաց է: Ես չեմ կարող ժամկետների առումով հստակ ասել, բայց երբ մենք հուլիսի 18-ին ավարտենք, 15 օրվա մեջ պետք է ամփոփենք եւ ներկայացնենք այն ԿԸՀ: Կա նաեւ որոշակի ժամանակահատված ստորագրությունների վավերականության ստուգման, եւ դրանից հետո կուղարկվի Ազգային ժողով», – նշեց Պողոսյանը:
Ստացվում է` այդքան ստորագրությունները դեռ բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, եւ այդ հարցը պետք է քննարկվի խորհրդարանում եւ ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է` պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ: «ՀՀ քաղաքացին, ինչքան էլ բարեկամական երկրներ ենք, համարվում են օտարերկրյա քաղաքացիներ, եւ մեր Սահմանադրության առաջին կետն այն է, որ մենք ինքնիշխան հանրապետություն ենք, եւ դա չի ենթադրում, որ այլ երկրի քաղաքացին լինի Արցախի նախագահ: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը, ապա Սահմանադրության հոդվածներով նախատեսված է, որ քաղաքացիական նախաձեռնությամբ հնարավոր է հանրաքվեի դնել համապատասխան կետերը. հիմա այդ պրոցեսն ընթանում է, եւ հակասահմանադրական որեւէ բան չկա», – նշեց նա:
Դիտարկմանը` Դուք դեմ եք այդպիսի փոփոխությանը, նա նշեց. «Իհարկե դեմ եմ: Կան երկու հայկական հանրապետություններ: Զուտ «Շարժում-88» կուսակցության ծրագրում գրված է` միացում ՀՀ-ի հետ, եւ այս պահի դրությամբ կա առանձին Արցախ»:
Նա նշեց նաեւ, թե այսօր Արցախի Ազգային ժողովի նիստ է լինելու, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է հանրաքվեի դնելու վերաբերյալ հարցերի հետ կապված նախաձեռնությունը, եւ պատգամավորը իր առաջարկը կանի:
Այսպիսով, առաջիկայում Արցախում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնատար անձանց, մասնավորապես` նախաքննական մարմինների ղեկավարներին, հրավիրատոմսեր է ուղարկում դատախազության օրվա հետ կապված միջոցառմանը մասնակցելու համար: Ընդգծենք, որ անցած տարի` թավշյա հեղափոխությունից հետո, դատախազության 100-ամյակին նվիրված միջացառմանը հրավիրվել էին նաեւ նախկին գլխավոր դատախազները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե արդյոք այս անգամ եւս նախկին գլխավոր դատախազներին կհրավիրեն միջոցառմանը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Համակարգի 100-ամյակին նվիրված ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին նախկին գլխավոր դատախազները հրավիրված են եղել: Սակայն նկատի ունենալով, որ առիթը հոբելյանական չէ, ավանդույթի համաձայն 101-ամյակին եւ Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին նախկին գլխավոր դատախազները չեն հրավիրվել»: Հավելենք, որ միջոցառմանը ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
10 տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից ազատված դատախազները դիմում են դատարան համակարգ հետ վերադառնալու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունիսի 21-ին Մարիամ Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի 2009թ. ՀՀ գլխավոր դատախազի` կարգապահական տույժ կիրառելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշումը:
ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ
Վարչապետի աշխատակազմին գումար կհատկացվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը մասնավորապես 26 մլն 200 հազար դրամի մասին է: Ըստ վարչապետի աշխատակազմի մեկնաբանության` գումարն անհրաժեշտ է վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատակազմն առաջարկում է այդ գումարը հատկացնել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի դիֆիցիտի ֆինանսավորման ժամանակավորապես ազատ միջոցներից: Պարզվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին առաջին կիսամյակում հատկացված միջոցները կիսամյակում առաջացած ծախսերի դիմաց վճարումներ իրականացնելու համար չեն բավարարում: Ի դեպ, աշխատակազմը վստահեցնում է, որ ավելացված գումարը չորրորդ եռամսյակում հատկացված գումարից հետ կվերադարձվի: Հավելենք, որ հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ին մեկնում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, իսկ հուլիսի 7-9-ը` Սինգապուրի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված է 16 մարդ: Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի խթանման նախարար Կարմելո Աբելան: Նախատեսվում է Մալթայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
ԿՈՌԵԿՏ ՉԷ
Ելնելով իշխանության բաժանման սկզբունքից` կոռեկտ չի լինի, եթե Ազգային ժողովը սկսի մեկնաբանել եւ գնահատական տալ որեւէ իրավական գործընթացի` անկախ այն բանից, թե ում հանդեպ է հարուցված գործը` սովորական քաղաքացու, թե երկրորդ նախագահի: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանավորումը: Նրա խոսքով` եթե բժիշկը, որը ծանոթ չէ հիվանդին եւ հիվանդության պատմությանը, չի կարող վերջնական եզրակացություն տալ, այդպես էլ փաստաբանը, որը տեղեկացված չէ գործի հանգամանքներին, չի կարող տալ լիարժեք եզրակացություն համապատասխան եզրահանգումներով: Պատգամավորը հավաստիացրել է, որ գործող իշխանությունը չի փորձում քաղաքական դաշտից հեռացնել մրցակիցներին:
ԿՐԿԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՐՑԸ
«Երեւանում կան մի քանի կառավարման հանձնված բուժհաստատություններ եւ դրանց շուրջ Ձեր անունն է շոշափվում»,- այս մասին հայտարարել է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը` դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին: «Նույն տխրահռչակ 19-րդ պոլիկլինիկայի բաժնի պետերից մեկը Ձեր հորաքույրն է, Էրեբունու «Գրիգոր Նարեկացի» ծննդատան փոխտնօրենը Ձեր քույրն է: Այս բուժհաստատությունների, ինչպես նաեւ կարդիոլոգիայի ինստիտուտի դիահերձարանի մասին եւս շրջանառվում են լուրեր, որ Դուք ունեք մասնաբաժին, փայ եւ Ձեր ենթակայության տակ գտնվող Երեւան քաղաքի շտապօգնությանն ուղղորդում եք տվյալ դիահերձարան»,- հայտարարել է նա: Ի պատասխան` Կ. Բաբինյանն ասել է. «Հորաքույրս թիվ 19 պոլիկլինիկայում աշխատում է որպես մայրապետ: Այո, քույրս աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում որպես փոխտնօրեն: Ձեր բերված պնդումները, թե ես որեւէ առնչություն ունեմ այդ բուժհաստատությունների հետ, բացարձակ իրականությանը չեն համապատասխանում»: