ՊՎԾ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ` ԻՐ ԵՂԲՈՐ ԵՎ ԱԱԾ-Ի ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի եւ իր եղբոր ազատվելու մասին:

Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Այս գործով կալանավորվել էին Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը եւ Ադյանի ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանը: Կարճ ժամանակ անց, սակայն, ԱԱԾ-ն նրանց ազատ արձակեց: Ազատ արձակելը եւս խորը արմատներ ուներ, մասնավորապես այն, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Սամվել Ադյանը ցուցմունք էր տվել Դավիթ Սանասարյանի դեմ եւ դրա դիմաց է ազատ արձակվել կալանքից:
-Պարո՛ն Ադյան, երկու եղբայր աշխատել եք ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, եւ Ձեր եղբայրը ներկայումս անցնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին պետի մասով հարուցված քրեական գործով: Հրապարակվեց այն մասին, որ այս քրեական գործով ՊՎԾ բոլոր աշխատակիցներին հարցաքննում են, ավելին` անգամ Ձեր անունն այս քրեական գործով շոշափվեց: Ձեզ կոնկրետ հարցաքննության կանչե՞լ են:
-Սկսենք երկրորդ հարցից, որ երբեւիցե չեմ հրավիրվել հարցաքննության եւ երբեւիցե առնչություն չեմ ունեցել այդ գործի հետ:
-Ձեր եղբայրն ի սկզբանե կալանավորվեց, եւ զարմանալի կերպով նախաքննական մարմինը չմիջնորդեց, որ նրա կալանքը երկարաձգվի: Բայց լուրեր կան, որ նա ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց. ըստ մամուլի` նա ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր:
-Ուրեմն, յուրաքանչյուր անձ կարող է իր մեկնաբանությունը տալ, թե ինչի համար ազատ արձակվեց Սամվել Ադյանը, բայց գոյություն ունի օրենսդրություն: Ադյան Սամվելը ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, քանի որ դատարանը գտել է, որ այդ մարդու` կալանքի տակ գտնվելը նպատակահարմար չէ, եւ նա հետագայում չի խոչընդոտի որեւէ կերպ քննությանը:
-Այսինքն` ԱԱԾ-ի հետ գործարքի չի՞ գնացել:
-Ես չեմ կարծում համագործակցություն նախաքննական մարմինների հետ, ես, ճիշտն ասած, նման բան չեմ կարող մեկնաբանել, թե նման բան կա, թե չկա, ես կարծում եմ` նման բան չի կարող լինել: Քրեական գործ է, իր ընթացքով գնում է, ամեն մարդ կարող է այդպես մեկնաբանել: Այսինքն` որեւէ պայմանագի՞ր են կնքել, ի՞նչ են արել:
-Օրինակ` ասել են` գրի՛ր Դավիթ Սանասարյանի դեմ կամ որեւէ մեկի դեմ ու դու ազատ կլինես:
-Ոչ, ես կարծում եմ` յուրաքանչյուր անձ գիտակցում է սուտ մատնություն եւ սուտ ցուցմունք տալու մեծ մեղքը, եւ նման գործարքի որեւէ խելամիտ անձ չէր գնա:
-«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խոր արմատներ ունի: Մեզ հասած լուրերի համաձայն` դիալեզի սարքավորում ներկրող անձանցից մեկին ասել են, թե նա այլեւս չի կարող զբաղվել այդ բիզնեսով կրիմինալի հետ կապեր ունենալու պատճառով: Օրինակ` Գերմանիայում ապրող Նարինե Կարապետյանը արդեն 25 տարի է, ինչ դիալեզի սարքավորումներ եւ մաքրման հեղուկներ է ներկրում Հայաստան: Նրան այլեւս թույլ չեն տվել սարքավորումներ ու հեղուկներ ներկրել` հայտնելով, թե այդ ներկրված սարքավորումները կապ ունեն էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ: Այսինքն` ՊՎԾ-ում այդպե՞ս եք գործ անում. եթե կրիմինալի հետ կապ ունի, չի՞ կարող համագործակցել Ձեզ հետ:
-Նման անձնավորված մոտեցումներ որեւէ պետական մարմին իրավասու չէ ունենալ: Այսինքն` ընդհանրապես նշանակություն չունի` ում է պատկանում: Գաղտնի փաստաթղթերում միգուցե անհրաժեշտությունը լինի նշելու, թե ում հետ է կապված ու մասին է խոսքը, բայց անձնավորված որեւէ գործողություն, ես կարծում եմ, չի իրականացվում: Կոնկրետ այդ մասով կարող եմ ասել` Պետական վերահսկողական ծառայությունը իր հայտարարությունը հստակ տարածել է, եւ այնտեղ հստակ նշված է` գնումների մասին օրենսդրության այս, այս, այս, խախտումների արդյունքում տարիներ շարունակ ընթացակարգերին մասնակցել են միակ անձը, եւ այդ մասով դատախազությունն էլ տարածեց, որ քրեական գործ է հարուցված: Անձնավորված որեւէ բան պետական մարմինը իրավասու չէ անել եւ չի անում:
-Մամուլը գրեց, որ Դավիթ Սանասարյանի դեմ ՊՎԾ-ում կոնկրետ մարդիկ են աշխատել եւ ամեն ինչ արել են նրան հանելու համար: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես` որպես պարոն Սանասարյանի հետ աշխատած անձ, բազմիցս ասել եմ եւ ես մեկ անգամ կարող եմ ասել, որ պարոն Սանասարյանը անկեղծ, ազնիվ, անաչառ ղեկավար է եղել եւ պարոն Սանասարյանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել տարբեր սխեմաների մեջ մտնելու, այսպես ասեմ, եւ այն մեղադրանքը, որ իրեն առաջադրվում է այս գործով, իբրեւ թե այնպես են արել` ինչ-որ կազմակերպություն հաղթի մրցույթում, որը որ չի էլ հաղթել:
-Այսինքն` նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը անհի՞մն եք համարում, այս քրեական գործը անհի՞մն եք համարում:
-Ես ինձ իրավունք չեմ վերապահի նախաքննական մարմնի գործողությունները քննարկելու, նախաքննական մարմնի գործողություններում, կարծում եմ, կլինեն այնպիսի հիմնավոր փաստարկներ, որի արդյունքում այդ մարդիկ գործը հարուցել են: Չի կարող լինել այնպես անձնավորված գնան մարդ ձերբակալեն: Մենք հո բոլորս տեղյակ չե՞նք նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը, չէ՞, տեղյակ չենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԿՐԿԻՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն իր նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործով հարցաքննվել է եւ իր դեմ հաղորդում ներկայացրած անձի հետ առերեսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, Բարսեղ Բեգլարյանն իր դեմ հարուցված երկրորդ քրեական գործով եւս չի ընդունել առաջադրված մեղադրանքը: Առաջիկայում հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 19-ին նրա դեմ նոր քրեական գործ էր հարուցվել: Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում: Մինչ այս Բարսեղ Բեգլարյանին արդեն իսկ մեկ այլ գործով մեղադրանք էր առաջադրվել. նա, 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն` Ն. Բեգլարյանին պատկանող «ՖլեշՄոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականի ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման համար ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «ՖլեշՄոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Այս գործով ընթանում է դատավարություն, սակայն Բ. Բեգլարյանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը շինծու է:

Ք. Մ.

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՔՈՒՄ
Երեկ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ըստ ոստիկանության տվյալների` հայտնաբերվել է սավանով եւ պոլիէթիլենով փաթաթված Երեւանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա եղել են մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված է եղել: Ոստիկանների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Նոր-Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Նորքի 17-րդ փողոցում եւ սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել: Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են: Կատարվում է քննություն:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
ՀՀ ՊՆ զորամասերից մեկում (Արմավիրի մարզի զորավարժարանում) երեկ դեռեւս չպարզված հանգամանքներում մահացել է 19-ամյա զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: «Ցավալի լուր. մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը»,- սոցցանցի իր էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նախնական տեղեկությունների` 19-ամյա զինծառայողն ինքնասպան է եղել: Նա Հրազդան քաղաքի բնակիչ էր:

 

 

 

1.280.000 ԴՐԱՄ ԿԱՇԱՌՔ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով եւ դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով, կենսաթոշակառուների առավել բարձր կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար վերջիններիցս 2019թ. հունվարից առ այսօր պահանջել եւ ստացել է յուրաքանչյուրից մինչեւ 300 հազար ՀՀ դրամի, ընդհանուր առմամբ` առանձնապես խոշոր չափերով 1.280.000 ՀՀ դրամի կաշառք: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. նշված պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

 

ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ
ՀՀ քրեակատարողական ծառայողներին նոր, ավելի որակյալ ու հարմարավետ հանդերձանք կտրամադրվի: Այս մասին որոշման նախագծի ընդունման հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում: «Հաշվի առնելով ՀՀ գրեթե բոլոր պետական հատուկ ծառայությունների կողմից նոր հանդերձանքի անցնելու ընթացակարգը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծառայողական հանդերձանքի փոփոխության ենթարկելու պահանջը` անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ: Նոր համազգեստին անցումն իրականացնելու համար չեն պահանջվի լրացուցիչ ֆինանսական միջոցներ»,- նշված է որոշման նախագծում:

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերել է ժամկետանց, առանց մակնշման եւ թերի մակնշմամբ սննդամթերք: Ըստ ՍԱՊԾ-ի` սննդի մնացորդներ չեն հայտնաբերվել, առկա թերությունները վերացնելու բանավոր հանձնարարական է տրվել: «Վերահսկողության արդյունքներով թեեւ ընկերության սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանել են օրենսդրությամբ սահմանված նորմերին, սակայն հայտնաբերվել է ժամկետանց, առանց մակնշման եւ թերի մակնշմամբ սննդամթերք, որն ամբողջությամբ հանվել է իրացումից, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են: Աշխատանքից ժամանակավորապես հեռացվել է խոհանոցի այն աշխատակիցը, որի մոտ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ», -ասված է հաղորդագրությունում:




Լրահոս