«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան, թավշյա հեղափոխության օրհներգ համարվող «Քաղաքացու երգը» ստեղծագործության երաժշտության հեղինակ Հայկ Ստվերն է: Նա անդրադարձել է իր ներկայիս գործունեությանը, եղբոր` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ հարաբերություններին: Երգիչը, որը տեւական ժամանակ բնակվել է Ուկրաինայում, շատ առումներով հարմարվել է հայաստանյան կյանքին, բայց, այնուամենայնիվ, Ուկրաինայում կան բաներ, որոնք ձգում են նրան:
-Հա՛յկ, «Քաղաքացու երգը» այնպիսի մի բարձր նշաձող էր, համաժողովրդական սեր վայելող երգ, որից հետո պետք է որ շատ դժվար լիներ նոր, գոնե ոչ պակաս ուժեղ երգով հանդես գալ: Ձեզ հաջողվե՞ց դա:
-Իհարկե, այդ պիկից հետո շատ դժվար էր: Կարելի է ասել` հասարակական ճնշում կա ինձ վրա. մարդիկ ցանկանում են, որ ես միշտ քաղաքական լուրջ թեմաներով երգեմ: «Քաղաքացու երգից» հետո «Աջից-ձախից» երգով հանդես եկա, որը, կարելի է ասել, նախորդի տրամաբանական շարունակությունն էր, իսկ դրանից հետո արդեն ներկայացրեցի հայրենադարձության մասին երգ, որը միջանկյալ, անցումային բնույթ կրեց: Դրան հաջորդեց սիրային, պարային երգը: Բայց այս վերջին երգի ներքո արված մեկնաբանություններից հասկացա, որ մարդիկ ինձնից ակնկալում են քաղաքական լուրջ երգեր: Նրանք ուզում են, որ ես ինչ-որ բանի դեմ բողոքեմ, մռայլ գույների մեջ հանդես գամ: Չեմ հասկանում` ինչու է մարդկանց մոտ նման կարծրատիպ ձեւավորվել, որ ստեղծագործողը տարիներ շարունակ նույն բնույթի երգերով պետք է հանդես գա: Ուզում եմ ազատ լինել, եւ ինչ մտքիս գալիս է, դա էլ գրեմ, բայց մարդիկ քաղաքականությամբ են տարված: Հեղափոխությունից ավելի քան մեկ տարի է անցել, բայց նրանց թվում է, թե ես պետք է շարունակեմ հեղափոխական երգեր երգել:
-Հա՛յկ, տեւական ժամանակ Ուկրաինայում ապրելուց հետո տեղափոխվեցիք Հայաստան: Երկա՞ր ժամանակով եք մտադիր այստեղ մնալ:
-Չեմ կարող հստակ ասել: Հայաստանում կյանքն այնքան լավ չէ, որ հաստատ ասեմ` կմնամ: Ապագան անորոշ է:
-Դուք իշխող կուսակցության պատգամավորի եղբայր եք եւ գուցե առաջիններից մեկը պետք է լինեիք, որը կհավատար, որ այս երկրում ամեն բան լավ է լինելու:
-Դե, հասկանալի է, բայց եթե պարզվի, որ այն ժանրը, որը ներկայացնում եմ, այս երկրում չի գնահատվում, ի՞նչ անեմ:
-Խոսքը ռոքի՞ մասին է:
-Ոչ, դա ռոք չէ, ռոքի էլեմենտներով փոփ է:
-Ամեն դեպքում, Ձեզ առաջիկայում անսպասելի մի ժանրում կտեսնե՞նք:
-Հաստատ կտեսնեք: Իրականում ես դժվարանում եմ ասել` որ ժանրն է իմը: Ստեղծագործելիս այդ մասին չեմ մտածում: Երգել եմ ակումբներում, ռեստորաններում, բնականաբար ոչ իմ երգերը: Կարիերաս սկսել եմ ռեփով: Այնպես որ, տարբեր ժանրերում հանդես գալու փորձ ունեմ:
-Հայերի հետ հե՞շտ է աշխատելը:
-Ոչ այնքան: Գուցե դա է պատճառը, որ ինքս երգը գրում եմ, ինքս ինձ ձայնագրում եմ, հիմա արդեն նաեւ տեսահոլովակներիս մոնտաժն եմ անում: Իմ հույսը ես եմ:
-Հա՛յկ, իսկ Ձեր եղբոր` Մխիթար Հայրապետյանի հետ սրճելու ժամանակ ունենո՞ւմ եք:
-Ես մենակ եմ ապրում, առանձին: Հիմա ժամանակ չկա. ամիսը մեկ անգամ ենք հանդիպում: Ինքն իր գործերով է զբաղված, ես` իմ:
-Դուք քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:
-Ճիշտն ասած, ես հոգնել եմ քաղաքականացված կյանքից, Հայաստանում դա չափից ավելի է: Ինձ թվում էր` խորհրդարանական ընտրություններից հետո այդ ալիքը կմարի, բայց ոչ: Անպայման մեկը որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն է անում, մյուսներն էլ նրան են մեկնաբանում: Ինձ համար` որպես արվեստագետի, դա շատ տխուր երեւույթ է: Չէ՞ որ ուրիշ բաներ էլ են կատարվում աշխարհում:
-Երեւանում Ձեր ամենասիրելի վայրը ո՞րն է:
-Երեւանի 2800-ամյակի այգին արդեն դարձել է ամենասիրելի վայրը: Թեպետ շատերը դժգոհեցին այգուց, բայց երեւի հայի բնավորություն է, սկզբում անպայման պետք է փնթփնթան:
-Հա՛յկ, հայ աղջիկների հետ հե՞շտ եք լեզու գտնում, թե՞ նախընտրում եք ուկրաինացի աղջիկներին:
-Հայ աղջիկները դուրս գալիս են, դեմ չեմ լինի հայ աղջկա հետ ամուսնանալ, բայց ինձ ավելի շատ ձգում են ուկրաինացի աղջիկները: Հենց այդ հանգամանքն է պատճառը, որ մտածում եմ Ուկրաինա վերադառնալու մասին: Չգիտեմ, հայ աղջիկների հետ մի քիչ դժվար է, մի քիչ ծանր է: Կապրենք, կտեսնենք` ինչպես կդասավորվի ամեն բան:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԱԺԱՆԱԿԻՐ ԱՇԽԱՏԱՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք` «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է: Նա հիշեց իր կյանքից երկու ուշագրավ դրվագ:
«Չեք հավատա, բայց ուսանողական տարիներին պոնչիկանոցում աշխատել եմ վարդագույն հովազ: 17-18 տարեկաններում շաբաթ-կիրակի օրերին էի աշխատում, օրական ստանում էի 3000 դրամ: Արդյունքում տնեցիներից գումար չէի վերցնում: 2007-2008 թվականներն էին: Այն ժամանակ շաբաթական 6000 դրամն ինձ համար մեծ գումար էր, համարժեք էր իմ ստացած գերազանցիկության թոշակին»,- պատմեց Անահիտը:
Նա ժպիտով է հիշում այդ տարիները եւ հպարտանում է, որ կարողացել է պատվով կատարել իրեն վստահված աշխատանքը. «Երբեք չեմ ամաչել, որ նման աշխատանք եմ կատարել: Ինձ համար այդ հովազն էլ էր կերպար: Ճիշտ է, ոչ ոք ինձ չէր տեսնում, ես կերպարանափոխված էի, բայց շարժվում էի, պարում, լուսանկարվում փոքրիկների հետ: Ի դեպ, դա այնքան էլ հեշտ աշխատանք չէր, որքան թվում է: Բավական տաժանակիր պահեր կային, բայց կարեւորն այն էր, որ ինձ դուր էր գալիս: Սիրով էի կատարում այն առաջադրանքները, որոնք ինձ տրվում էին»,-մեկնաբանեց Անահիտը:
Երկրորդ դրվագը, որին անդրադարձավ դերասանուհին, կատարվել է ավելի վաղ, երբ նա դեռ դպրոցական էր. «Չեք հավատա, բայց դպրոցս ոսկե մեդալով եմ ավարտել հենց միայն այն բանի համար, որ հայրս թույլ տա` ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Նա դեմ էր, որ այդ ասպարեզ մտնեմ, հարցրի` եթե ոսկե մեդալով ավարտեմ դպրոցը, արդյոք թույլ կտա, որ ընդունվեմ Թատերական ինստիտուտ, նա միանգամից թերահավատություն հայտնեց, ասաց, որ չեմ կարող ոսկե մեդալ ստանալ: Դրանից հետո ես արեցի ամեն ինչ, քննություններս գերազանց ստացա, ոսկե մեդալը բերեցի, դրեցի սեղանին, հայրս այլեւս չկարողացավ առարկել»,-եզրափակեց Անահիտը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացավ 18-րդ ժողովը, որի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա, անդրադառնալով Ազգային ստադիոնի կառուցման խնդրին, նշել է, որ ստադիոնը կառուցվելու է Երեւանից դուրս. «Ազգային ստադիոնը կկառուցվի Երեւանից դուրս, որովհետեւ Երեւանը խիտ կառուցապատված է: Այդ ամենը նաեւ կնպաստի մարզերի զարգացմանը»: Արթուր Վանեցյանը խոսեց նաեւ «Հրազդան» ստադիոնի մասին. ««Հրազդան» ստադիոնը վերակառուցելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, որը ՀՖՖ-ն չունի: Հարկավոր են նոր ներդրողներ, ինչն էլ փնտրում է ստադիոնի սեփականատերը: Բայց ինչպես էլ որ վերակառուցվի այն, միեւնույնն է, միջազգային մակարդակի խաղեր անցկացնել չի ստացվի»:
ՊԱՐՏՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են եվրոպական երկրորդ խաղերը: Մեր ազատոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում 0:6 հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիեւից եւ լքեց պայքարը: Հավելենք, որ Վոլոդյան կստանա սփոփիչ գոտեմարտի իրավունք եւ կպայքարի բրոնզե մեդալի համար միայն այն դեպքում, եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ:
ՀԱՂԹԵՑ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են եվրոպական երկրորդ խաղերը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի բադմինթոնի ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը, որն ընգրկված է A խմբում, հաղթանակ է տոնել երկրորդ խաղում: Նա հաղթել է մոլդովացի Վլադա Ջինջային 2:0 հաշվով: Այսօր մեր բադմինթոնիստը կմրցի Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդի հետ:
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»
Իտալական լրատվամիջոցները գրում են, որ իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը հեռացավ ֆրանսիական ՊՍԺ-ից, կարիերան կշարունակի իր նախկին ակումբ «Յուվենտուսում»: Կան խոսակցություններ, որ Բուֆոնը մեկ տարվա պայմանագիր կկնքի թուրինցիների հետ եւ կլինի թիմի երկրորդ դարպասապահը:
ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ
Արդեն տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել էր, որ այս ամռանը կլքի ակումբը: Նրա հաջորդը, ամենայն հավանականությամբ, կդառնա կատալոնական «Բարսելոնան»: The Telegraph-ը տեղեկացնում է, որ արդեն հուլիսի 1-ին կլինի պաշտոնական հայտարարությունը, իսկ տրանսֆերը կկազմի 120 մլն եվրո: Հիշեցնենք, որ «կապտանռնագույն ճամբար» կարող է տեղափոխվել նաեւ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ