Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հունիսի 16-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէր նշել: Կուսակցության շատ ներկայացուցիչներ եւս իրենց հարցազրույցներում խուսափում էին հստակ անուններ նշել՝ ասելով, թե այդ առումով որեւէ քննարկումներ չեն եղել:
Ամեն դեպքում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, «Հայ Ազգային կոնգրեսի» հետ: Նախարարը նաեւ նշել էր, թե ինքն իր մտքում ունի այլ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն: Սակայն իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն կերպ խուսափում են խոսել նաեւ համագործակցության բնույթի եւ ձեւաչափի մասին՝ դա թողնելով ապագային:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 26-ի հայտնի հայտարարությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեռեւս հանդիպում չեն ունեցել դաշտում առկա առավել հայտնի այնպիսի ուժերի հետ, որոնք հայտնի են նախկին ռեժիմի դեմ պայքարով: Խոսքը նաեւ այն ուժերի մասին է, որոնց անունները տվել էր նաեւ Արայիկ Հարությունյանը:
Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության անդամ Գրիգոր Հարությունյանը ընդգծեց, թե ինքը վարչապետի խոսքերն այլ կերպ է ընկալել, եւ անպայման չէ, որ համագործակցություն ասվածը լինի որեւէ ձեւաչափով եւ կամ պաշտոնի ակնկալիքով: Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ իրենք իշխող ուժի հետ քննարկումներ, զրույցներ այդ թեմայով հայտարարությունից հետո դեռեւս չեն ունեցել: «Մենք հիմա էլ համագործակցում ենք, մեր գնահատականները, մեր մոտեցումները ներկայացնում ենք: Մենք ասել ենք, որ այս իշխանությունը եթե այնպիսի քայլեր անի, որն ի նպաստ ժողովրդի կլինի, կոռուպցիայի դեմ պայքար կլինի, մենք կաջակցենք ու աջակցում ենք: Մենք մեր հարցազրույցներով, մեր գնահատականներով առ այսօր աջակցել ենք», – նշեց նա:
Հարությունյանը ընդգծեց, թե համագործակցություն ասվածը պետք չէ հասկանալ զուտ պաշտոնի ակնկալիքի առումով: «Իրենք ասել են՝ կհամագործակցենք, այսինքն` ապագայի մասին է խոսքը: Հայտարարությունից հետո որեւէ հանդիպում կամ առաջարկ չի եղել: Բայց մենք ամբողջ շարժման ընթացքում եւ հիմա ակտիվ ենք եղել, հեռու չենք եղել, սա մեր պայքարի շարունակությունն է եղել: Մենք հիմա էլ ենք համագործակցում: Համագործակցությունը նա չէ, որ նստում են, պաշտոններ են բաժանում, հո դա չէ՞ համագործակցությունը: Համագործակցությունը մեր մոտեցումներն են, մեր գնահատականներն են, սա էլ է համագործակցություն», – հավելեց Հարությունյանը:
Վերջինս նաեւ ընդգծեց, թե իրենք առանձին կուսակցությունով հաճախ են քննարկումներ եւ հանդիպումներ ունենում, եւ երեկ էլ հենց դրանցից մեկն է եղել: «Ես նոր եմ գալիս հանդիպումից, հավաքվել էինք կրկին: Մեր ուժով ենք համագործակցել: Կոնգրեսի հետ էլ համագործակցում ենք եւ արդեն քանի տարի»,- եզրափակեց Հարությունյանը:
Իսկ, ահա, «Լիբերալ» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս չի շտապում իր գնահատականը տալ ՀՀ վարչապետի հայտարարությանը եւ իշխող ուժի հետ հնարավոր համագործակցությանը: Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ հայտարարությունից հետո իրենք առաջարկություն որեւէ չեն ստացել եւ դժվարացավ ասել, թե ինչպիսի արձագանք կլինի այն ստանալուց հետո:
«Ժառանգություն» կուսակցությունը եւս իշխող ուժից համագործակցության առաջարկ դեռեւս չի ստացել: Կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենք իշխող ուժի հետ, այնուամենայնիվ, համագործակցության եզրեր տեսնում են: «Իհարկե, համագործակցության եզրեր տեսնում ենք, բայց այնքանով, որքանով եթե առաջարկ լինի: Այս պահին կոնկրետ առաջարկ, որպես այդպիսին, դեռեւս չկա», – հավելեց նա:
Թերեւս առաջիկայում միգուցե այլ ուժերի հետ համագործակցության առումով կոնկրետ քայլերի ականատես լինենք, որից հանրությունն էլ կհասկանա, թե որ ուժերն են դրանք, եւ ինչ համագործակցության մասին է խոսքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԻ ԱՌԵՐԵՍՎԵԼ
Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Նրա դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից Ալեքսանդր Ազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղամ Պետրոսյանը հրաժարվել է նաեւ առերեսվել իր դեմ ցուցմունք տված ենթասպա Ալեքսանդր Ազարյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնեց, որ Գեղամ Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ որեւէ փաստաթղթի տակ ստորագրել, քանի որ չի վստահում նախաքննական մարմնին եւ մտավախություն ունի, որ իր ցանկացած խոսքն ու հիմնավորումները, որ նման բան չկա, եւ իրեն առաջադրված մեղադրանքն իրականության հետ կապ չունի, կարող է օգտագործվել իր դեմ. «Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, որ նա հրաժարվել է առերեսվել, ապա հայտնեմ, որ նրան ձերբակալումից հետո առաջարկել են առերեսվել եւ չեն էլ հայտնել, թե ում հետ, ավելի ուշ է մեզ հայտնի դարձել, իսկ Գեղամ Պետրոսյանն էլ օգտվել է իր հակընդդեմ հարցման իրավունքից»:
ԽԱԽՏԵԼՈՎ ՆՈՐՄԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով անցյալ տարի արձանագրվել է 42 արտադրական դժբախտ պատահար: Ընդ որում, միայն հանքարդյունաբերության, բաց հանքերի շահագործման հետեւանքով դժբախտ պատահարների դեպքերի քանակը կազմել է 20, որից մահացել է 3 մարդ: Իսկ, ահա, մշակող արդյունաբերության ոլորտում դժբախտ պատահարները 19-ն են եղել, որից մահացել է 6 մարդ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարի դժբախտ պատահարի հետեւանքով Արարատի մարզում 1 տղամարդ դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ: Իսկ, ահա, Երեւանում աշխատանքի գնալու ճանապարհին տեղի է ունեցել 1 դժբախտ պատահար, որի հետեւանքով տուժել է մեկ տղամարդ: Սյունիքի մարզում աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին էլ տեղի է ունեցել 2 դժբախտ պատահար, որի հետեւանքով տուժել է երկու տղամարդ:
ԸՆԴԴԵՄ ԲԴԽ-Ի
Դատավորների թեկնածուների կողմից Բարձրագույն դատական խորհրդին դատի տալու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լուսինե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին մայիսի 23-ի քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլով իրեն անցած համարի եւ, որպես հետեւանք, հայցվորի անունը ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառի:
ԼԱՐՎԱԾ
«Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունները: Մեկնաբանելով ադրբեջանական կոլեգայի հայտարարությունները` որոշ փաստաթղթերի եւ առաջարկների մասին` նախարարը նշել է, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Նրա խոսքով` հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն ընթանում էր լարվածության աճի պայմաններում, ինչը չէր կարող չանդրադառնալ հանդիպման վրա: «Մենք չենք հավատում, որ լարվածության պայմաններում հնարավոր է արդյունավետ առաջընթաց: Բանակցություններում սպառնալիքների լեզուն չի աշխատում: Մենք հավատում ենք մեզ, եւ մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի»,-ասել է նա: «Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա մեզ համար դա առաջին հերթին բանակցությունների արդյունավետության բարձրացման համար է»,- նշեց նախարարը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՀՀ վարչապետի որոշմամբ` Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
«Սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, եւ պետությունը այդ հարցում որեւէ պարտք չի կուտակում»,- այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Վերջինիս խոսքով` այս պահին մշակվում է փաստաթուղթ` առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի ձեւավորման մոտեցումների, որոշակի գնային մոդել ունենալու մասին: Այն հարցին, թե ինչու է գործընթացն այդքան ձգձգվում, Գ. Բաղրամյանը պատասխանել է. «Բանակցությունները իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում է Էներգետիկայի նախարարությունն ու «Գազպրոմ Արմենիա»-ն: Հարցին` հնարավոր է բանակցությունների ավարտից հետո գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, Բաղրամյանը պատասխանել է. «Ո՛չ, հնարավոր չէ»:
ՄԱԼԹԱՆ ԿԱՋԱԿՑԻ
«Մալթան պատրաստ է աջակցել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը»,- այս մասին ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելան: Նա նշել է, որ այդ հարցը վերջերս քննարկվել է Ֆեդերիկա Մոգերինիի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Ընդ որում` նախարարը նշել է, որ հարցը վերաբերում է ԵՄ ներքին գործընթացներին եւ պահանջում է ԵՄ խորհրդի հավանությունը: «Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել բանակցությունների մեկնարկին` իհարկե, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»,-ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելան: