Ինչո՞ւ են իրավաբանները մերժում «Իմ քայլի» առաջարկը. Լիլիթ Մակունցի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»օրաթերթը գրել էր, ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի խայտառակ ընտրությունից հետո շատերը, ում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկվել է համալրել ԲԴԽ գիտնական անդամի թափուր տեղը, չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ: Ասել է թե` ԲԴԽ կազմը համալրելու համար ինչպես դատական համակարգում, այնպես էլ Ազգային ժողովում կանգնել են փաստի առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանին է առաջարկվել դառնալ ԲԴԽ գիտնական անդամ: Հետաքրքիր է` նա կհամաձայնի, թե ոչ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

-Տիկի՛ն Մակունց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի փնտրտուքի մեջ է: Հիմա «Իմ քայլը» խմբակցությունն ունի՞ թեկնածու, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` արդեն մի քանի թեկնածուների առաջարկել եք, որոնք մերժել են:

-Հիմա սպասում ենք, որ Պետաիրավականը առաջարկի թեկնածուներ, որոնք կհամապատասխանեն ԲԴԽ անդամի չափանիշներին, եւ, ըստ այդմ, կքննարկենք:

– Մենք զրուցեցինք Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, որն ասաց, որ ԲԴԽ անդամի հարցը իր տիրույթում չէ, այլ ձեր: Հիմա կասե՞ք` արդյոք թեկնածու չգտնելը կապված է այն հանգամանքի հետ, որ ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանին առաջարկեցին, սակայն խայտառակություն եղավ, նա չընտրվեց, ու հիմա մյուս թեկնածուները մերժում են:

-Չէ, ընդհանրապես այդ խնդիրը չկա: Եթե հիշում եք, պարբերաբար ամեն թեկնածուի առաջադրելիս ինչ-որ մի խնդիր առաջանում էր, օրինակ` չգիտեմ, վերջին պահին ինչ-որ բան այն չէր լինում:

-Իսկ, օրինակ, ընդդիմությունն ունի՞ թեկնածու, որ առաջադրի: Օրինակ` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անցած անգամ նեղացել էր, որ իրենց թեկնածուին չեք ընդունել:

-Ես տեղյակ չեմ, որ իրենք ունեն…., այսինքն` ի՞նչ է նշանակում` չենք ընդունել: Ընդդիմությունը, ինչպես նաեւ իշխանական խմբակցությունը եւ ընդդիմադիր խմբակցությունները պետք է եւ իրավունք ունեն առաջադրել իրենց թեկնածուներին: Այնպես որ, սա պայմանավորել «Իմ քայլը» խմբակցությունով չարժե: Այլ հանգամանք է, նրանք, չգիտեմ, ուզում են մենք միասնական թեկնածուով հանդես գանք, մենք չենք բացառում, իհարկե, այդ տարբերակը եւ կարող ենք դիտարկել:

-Հիմա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ «Իմ քայլը» խմբակցությունն ունի թեկնածու, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանն է:

-Ոչ թե թեկնածու ունենք. այլ մենք ասում ենք, որ դիտարկենք, թե ինչ թեկնածուների անուններ կան, ում կարող ենք դիտարկել:

-Արտակ Կրկյաշարյանը կա՞ այդ թեկնածուների շարքում:

-Ես այս պահին չեմ կարող ասել. միեւնույնն է, ինչ թեկնածու էլ լինի, քանի որ դեռ մենք վերջնական խմբակցությունով չենք որոշել, թե որ թեկնածուներին ենք դիտարկելու, այս պահի հարկ չեմ համարի նշել, քանի որ այդ մարդկանց վատ վիճակի մեջ կդնենք հետագայում:

-Բայց ասում են` նրանց, ում դիտարկել եք, մերժել են, ցանկություն չեն ունեցել ԲԴԽ անդամ դառնալ: Նման խնդիր չի՞ եղել:

-Ես ինքս որեւէ թեկնածուի հետ չեմ քննարկել նման հարց:

-Իսկ տեղյա՞կ եք` իշխանության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ ունենում են արդյոք:

-Դե, բնականաբար, Պետաիրավական հանձնաժաղովում իրենք հիմնականում նայում են, թե ովքեր են չափանիշներին համապատասխանում, միեւնույն ժամանակ խմբակցության անդամները կաշկանդված չեն եղել առաջարկներ ներկայացնել: Բայց խմբակցության կողմից ես չեմ ստացել որեւէ առաջարկ:

-Մտավախություն չունե՞ք, որ չափանիշներին համապատասխանող թեկնածուները կհրաժարվեն, քանի որ Աննա Մարգարյանի հետ կատարվածից հետո կարծես թեկնածուները ԲԴԽ գնալու ցանկություն չունեն:

– Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որովհետեւ ինքս որեւէ մեկի հետ չեմ խոսել, որից ստացել եմ այդպիսի պատասխան, դրա համար չեմ կարող նման բան պնդել: Ինչ վերաբերում է մտահոգությանը, ցանկացած մարդ կարող է ունենալ իր համար որոշակի ընդունելի կամ չընդունելի… չեմ կարող ասել:

-Իսկ, ըստ Ձեզ, Աննա Մարգարյանի հետ կատարվածը խայտառակե՞ց Ձեր խմբակցությանը, արդյոք սա դարձա՞վ առիթ, որ մյուս թեկնածուները չվստահեն խմբակցությանը եւ չցանկանան առաջադրվել եւ ընտրվել ԲԴԽ անդամ:

– Ընդհանրապես վերացարկվելով ես չեմ կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը պետք է լինի բացառապես իշխանական խմբակցության պատասխանատվության ներքո: Կար թեկնածուն, որի պարագայում գիտեիք` եթե ընդդիմությունը տրամադրեր ձայներ, ապա Աննա Մարգարյանը կանցներ: Ես կարծում եմ, որ պետք է լինի, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված, պետք է լինի համերաշխ մոտեցում, ինչը ունեցել ենք նախորդ թեկնածուների պարագայում: Այնպես որ, պատասխանատվությունը կիսում ենք բոլորս անխտիր:

Քնար Մանուկյան




Լրահոս