Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Սահմանադրական դատարանի առաջ են. քիչ անց դիմումների քննության մեկնարկը կտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանում այսօր կսկսվի Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը: Նշենք, որ այդ հարցի քննությունը պետք է սկսվեր դեռ օգոստոսի 29-ին, սակայն Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը։

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից` Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 11։00–ին»,- նշված էր ՍԴ կայքում։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

ՍԴ-ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Քոչարյանի աջակիցները հավաքվել են Սահմանադրական դատարանի առաջ և նախապատրաստվում են բողոքի ակցիային նիստին ընդառաջ:




Լրահոս