Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին պաշտոնապես դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ: Հայ կիսապաշտպանը «գայլերի» կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով:
Ներկայացվում է Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ակումբի հետ.
-Բարի գալուստ «Ռոմա», Հենրիխ: Ի՞նչ է նշանակում այստեղ տեղափոխությունը քեզ համար:
-Ինձ համար շատ բան է նշանակում: Սա նոր հնարավորություն է, նոր գլուխ իմ կարիերայում: Այս ակումբում նման շանս ստանալը ֆանտաստիկ է: Ես գիտեմ, թե իրենից ինչ է ներկայացնում ակումբը ու վստահ եմ, որ թիմը կարող է հասնել իր նպատակներին:
-Ի՞նչ մտածեցիր, երբ իմացար քո հանդեպ «Ռոմայի» հետաքրքրության մասին:
-Սկզբում դրանք ուղղակի շշուկներ էին, հետո բանակցությունները սկսեցին լրջանալ: Երբ ես հայտնաբերեցի, որ նման բան հնարավոր է, մի փոքր մտածեցի ու որոշեցի տեղափոխվել «Ռոմա»:
-Դու կենտրոնական հարձակվող չես, բայց միշտ շատ գոլեր ես խփել այն թիմերում, որտեղ խաղացել ես:
-Ես միշտ փորձում եմ գոլեր խփել: Դա ինձ դուր է գալիս, կարծում եմ, որ դա բոլորին է դուր գալիս: Բայց կարևոր են ոչ միայն գոլերը, այլև թիմին օգնելը՝ գոլային փոխանցումներով: Ամենակարևորն էլ հաղթելն է:
-Դու հայկական ֆուտբոլի պատմության ամենակարևոր խաղացողներից ես: Որքա՞ն հպարտ ես այդ փաստով:
-Անկեղծ ասած՝ ես այդքան թվերին չեմ հետևում, չեմ հետևում, թե ով որքան խաղաց կամ ինչ արեց: Ամենակարևորը քո նվիրվածությունն է ազգային թիմին: Ես փորձում եմ լավագույնը անել բոլոր խաղերում, բայց միշտ խաղում եմ հաճույքով, միշտ հպարտ եմ իմ երկիրը ներկայացնելու համար:
-Իտալացիների համար դժվար է արտասանել քո անունը: Կարող ես ասե՞լ անունդ, որպեսզի հետագայում մենք ճիշտ արտասանենք այն:
-Բոլորը ինձ Միկին են ասում, բոլոր տեղերում էլ այդպես են ասում, դա ամեն ինչ ավելի հեշտ է դարձնում: Կարող եք ինձ Միկի անվանել:
-Դու հանդես ես եկել եվրոպական շատ երկրներում, բայց հետաքրքիր է, թե ինչու ես որոշել ամուսնանալ Իտալիայում:
Մենք տարբեր վայրեր ենք նայել մեր ամուսնության համար, հետո որոշեցինք պսակադրվել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում: Վենետիկում՝ Սա Լազարո կղզում, հայկական եկեղեցի կա: Այդ պատճառով որոշեցինք արարողությունն այնտեղ կազմակերպել:
-Շատ մարդկանց դուր է եկել այն փաստը, որ դուք հարսանիքին հրավիրել էիք Ալ Բանոյին:
-Դա նվեր էր կնոջս հայրիկից: Դա անակնկալ էր, մենք նույնիսկ չգիտեինք, որ նա այնտեղ է լինելու: