Դասեր՝ հանդիսությունների սրահում․ ինչ է սպասվում Կիրանց գյուղի դպրոցի աշակերտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում: Դեռ այս տարվա գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարեց, որ աշակերտները չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, պետք է այդ շենքից դուրս գան:

47 աշակերտ ունեցող դպրոցում մեկնարկած ուսումնական տարում 4 առաջին դասարանցի ունեցող Կիրանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ դպրոցի 3 դասասենյակներ, որոնք ավելի վթարային են, տեղափոխվել են: Ներկայումս այդ դասարանների փոխարեն դասերը տեղի են ունենում Կիրացի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, ուր նորոգում է կատարվել, դասասենյակներ են ձեւավորվել:

Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարի կկազմվեն Կիրանցի դպրոցի նոր շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ շենքի կառուցումը նախատեսված է 2020 թվականին: Վ․Բաբինյանը հայտնեց, որ դպրոցի նոր շենքը կկառուցվի այլ տարածքում, Կիրանց գյուղի հարավային մուտքի մոտ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս