Հարուցված քրեական գործի տվյալներով` 2013թ. Իջեւանի համատիրության եւ բնակչի միջեւ կնքվել է ձեւական նվիրատվության պայմանագիր, որով համատիրությունը, ի դեմս կառավարչի, Իջեւանում գտնվող 349 քառակուսի մետր մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է կառավարչի խնամուն: Այնուհետեւ համատիրության կառավարիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նշված տարածքը բաժանել է երկու մասի եւ առանձնացված մի տարածքը 2 միլիոն դրամով վաճառել է Իջեւանի մեկ այլ բնակչի:
Պարզվել է նաեւ, որ Իջեւանի մի բնակչուհի, չհանդիսանալով համատիրության աշխատակից, առանց համապատասխան գրանցումների, համատիրության կառավարչի գիտությամբ եւ թողտվությամբ, բնակիչներին ներկայացել է որպես համատիրության աշխատակցուհի եւ զբաղվել է բնակչության կողմից համատիրությանը վճարվող գումարների դրամահավաքով: 2017-2019 թվականներին հավաքագրված շուրջ 7 միլիոն 500 հազար դրամից մոտ 6 միլիոն դրամն առձեռն փոխանցվել է համատիրության կառավարչին: Նա էլ գումարը համատիրության հաշվեհամարին մուտքագրելու փոխարեն յուրացման միջոցով հափշտակել է:
Իջեւանի համատիրության կառավարիչ Սիրակ Աղասարյանը, չնայած առողջական խնդիրներին, 72 ժամով ձերբակալվել էր: Ս. Աղասարյանի պաշտպանՎրեժ Ներկարարյանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է, Աղասարյանն ազատ է արձակվել: Իջեւանից ստացված տեղեկություններով` Ս. Աղասարյանի նկատմամբ նույն գործով 2 տարի առաջ քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, կարճվել է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ