Կինս պետք է խանդոտ չլինի, հասկանա, որ կարող եմ ամսվա ընթացքում 20 օր երկրից բացակայել. Վարդան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ կողքի կինը պետք է ընդունի այն աշխատանքը, որով զբաղվում եմ, պետք է հասկանա, որ ես կարող եմ ամսվա ընթացքում 20 օր երկրից բացակայել: Ամենամեծ խնդիրը սա է: Շատերն ասում են, թե կինս էլ ինձ հետ կճամփորդի, բայց դա ռեալ չէ. չենք կարող ընտանյոք հանդերձ միշտ դրսում լինել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով իր անձնական կյանքին` նշեց երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը: Նա հավելեց, որ ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, ինքն էլ ցանկանում է կողքին ունենալ ընտանիքին նվիրված, իրեն աջակցող, իրեն չխանդող կին, որը նաեւ ուշադիր մայր կլինի:

Շուրջ մեկ շաբաթից Վարդանը սկսում է ակտիվ նկարահանումները միանգամից երկու ծրագրի շրջանակում՝ «Տնից հեռու» եւ «Աշխարհի համեր»: Նա խոստանում է, որ սեպտեմբերին բավական հետաքրքիր եթերաշրջան է սպասվում: «Աշխարհի համեր»-ի դեպքում, օրինակ, հեռուստադիտողը կտեսնի, թե ինչպես են պատրաստվում տարբեր երկրների ամենահամեղ ու ամենատարօրինակ կերակրատեսակները: Վարդանը կայցելի շուկաներ, գյուղեր, պլանտացիաներ եւ կբավարարի հեռուստադիտողների հետաքրքրությունը:

Մենք հետաքրքրվեցինք՝ ակտիվ ճամփորդելու եւ հեռուստատեսային բուռն կարիերայի ընթացքում Վարդանը ցանկություն ունի արդյոք զբաղվելու երգարվեստով, թե նա վերջնականապես հեռացել է այդ ասպարեզից. «Երգարվեստը չեմ թողել, պարզապես ժամանակս չի հերիքում դրանով զբաղվելու համար: Երկու նախագծում զբաղված լինելուց զատ ունեմ տուրիստական գործակալություն, կազմակերպում եմ խմբային ճամփորդություններ, որոնց, ի դեպ, մասնակցում են ռեկորդային թվով մարդիկ, այնպես որ երգելու ժամանակ չկա:

Ամեն դեպքում, ինձ ուրախացնում է այն արդյունքը, որ գրանցել եմ: Ամսական մի քանի խմբային ճամփորդություն եմ կազմակերպում: Մարդիկ աստիճանաբար ավելի ու ավելի են վստահում ինձ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս