Քոչարյանի գործով ՍԴ-ի վճիռը, ամենայն հավանականությամբ, կլինի սեպտեմբերի 4-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեակավար Էդգար Ղազարյանը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, կկայացնի սեպտեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին:

«Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարկվելու: Ամենայն հավանականությամբ, վճիռը կլինի վաղը` օրվա երկրորդ կեսին: Առնազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի վճիռը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Սահմանդրական դատարանը սեպտեմբերի 3-ին ժամը 11:00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Քոչարյանը ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:




Լրահոս