Սեպտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «անկախության դաս» է վարել Արցախի պետական համալսարանի առաջին կուրսեցիների համար:
ԱԺ նախագահը շնորհավորել է ուսանողներին եւ երկրի ուսումնական հաստատությունների բոլոր սաներին գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությանը եւ համայն հայությանը՝ Արցախի Հանրապետության տոնի առթիվ:
Ողջունելով «անկախության դասը» խորհրդարանի շենքում անցկացնելու հանգամանքը՝ Աշոտ Ղուլյանն խորհրդանշական է համարել առաջին դասը սկսել այն դահլիճում, որտեղ կայացվում են պետության համար կենսական կարեւորության որոշումները:
Այնուհետեւ նա հակիրճ պատմական ակնարկով անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման գործընթացին, արցախյան ազատագրական պայքարին եւ հետագա տարիների ընթացքում պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
«Տարիներով զրկված լինելով անկախ պետականությունից՝ մենք հնարավորություն չենք ունեցել մեր ազգային կապիտալը ներդնելու սեփական հայենիքի զարգացմանը, արդյունքում, ցավոք, կորցրել ենք այդ կապիտալի մի մասը: Այսօր արդեն սեփական ուժերի լարումով ու ապագայի նկատմամբ մեծ լավատեսությամբ պետք է անենք հնարավորն ու անհնարը՝ լրացնելու մեր կորցրածը եւ ամեն օր ստեղծելու նոր արդյունք»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում կայացած հանդիպմանը մասնակցել եւ ելույթ են ունեցել նաեւ Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը եւ մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը: