Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները «հայտնվել են» պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում: Բանն այն է, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որից պարզ է դառնում, որ ՀԿ-ների գործունեությունը կվերահսկվի: ՊԵԿ-ն առաջարկում է հանրությանը հասանելի դարձնելու նպատակով գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:
Հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջը սահմանվում է բոլոր հասարակական կազմակերպությունների համար: ՀԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները: Ի դեպ, այս տեղեկությունը ՀԿ-ն պետք է ներկայացնի հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը պահանջում է, որպեսզի այդ հաշվետվության մեջ ներառվի ՀԿ-ների անդամների, կամավորների թիվը, եթե նրանց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, եւ կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
Համաձայնեք, որ գուցե այս նախագիծն առաջիկայում մեծ աղմուկ բարձրացնի, քանի որ հկ սեկտորը պատրաստ չէ հաշվետու լինել հրապարակավ: Իրականում շատ կազմակերպություններ հասարակականի անվան տակշահույթ հետապնդող գործունեություն են ծավալում, եւ վաղուց ժամանակն է, որ բոլորը մեր երկրում, որոնք շահույթ են ստանում, նաեւ հարկային վճարումներ կատարեն եւ ազնիվ լինեն պետության հետ փոխհարաբերություններում: Իսկ ՊԵԿ-ն էլ չպետք է այս հավասարության, ազնվության նպատակի թիկունքում հանկարծ կամայական վերաբերմունք դրսեւորի որեւէ ՀԿ-ի նկատմամբ:
Սյունէ Համբարձումյան