Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներ նոր ուսումնական տարում հաճախում է 1630 առաջին դասարանցի: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը «ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այդ թիվը կարող է փոփոխվել, քանի որ առաջին դասարանների կոմպլեկտավորումը դեռ ավարտված չէ:
Նրա վկայությամբ՝ մարզի 3 դպրոցներ՝ Աճարկուտի հիմնական դպրոցը, Լուսահովտի հիմնական դպրոցը եւ Բարեկամավանի միջնակարգ դպրոցը, այս տարի առաջին դասարանցի չունեն: Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից խորհրդային տարիներին եւ հատկապես Հայաստանի անկախանալուց հետո մեծ արտագաղթ է եղել:
1970-ական թվականների կեսերին Բարեկամանի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ 9-10 դասարանցի բարեկամավանցիները ուսումնառությունը շարունակում հարեւան Կոթի գյուղի եւ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում: 2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցում սովորում էր 35 աշակերտ: Այդ դպրոցը նախանցյալ ուսումնական տարում ուներ 18 աշակերտ, անցյալ ուսումնական տարում` 17, հիմա՝ 16 աշակերտ: Միջնակարգ դպրոցի 1-4 դասարաններում այժմ կա մեկ աշակերտ՝ անցյալ ուսումնական տարում առաջին դասարան հաճախած Արեն Ղարաքեշիշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում