Եթե կանչել են, նշանակում է` կա. Էդմոն Մարուքյանը` գաղտնի փաստաթղթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե 2014թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր վարչապետին` խնդրելով իրեն տրամադրել այդ փաստաթղթերը:

Եւ, այսպես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկնկալ հայտարարել էր. «Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Երբ կարդում ես այս փաստաթուղթը, հետեւությունը սա է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:

Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»: Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ էր առաջացրել քաղաքական դաշտում, քանի որ բոլորը փորձում էին հասկանալ, թե ինչի մասին կարող է լինել այդ փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ եղել են ինստիտուտներ, որոնց վերաբերյալ ինքը կարծել է` կայացած են, սակայն, վերջում պարզվել է՝ ինստիտուցիոնալ կաթված է կամ կիսակաթված. «Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»:

Վարչապետի հայտարարությունից հետո` օգոստոսի 5-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Խնդրել եմ տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված, այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում, եւ ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»:

Վերջին ժամանակահատվածում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, կառավարությունում քննարկվել է, թե ինչ պատասխանեն Մարուքյանին: Եւ երկար քննարկումներից հետո որոշել են Էդմոն Մարուքյանին հրավիրել հայրենի կառավարություն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, Դուք դիմել էիք ՀՀ վարչապետին` խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք: Ըստ այդ փաստաթղթի հիմնավորվումների` մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում է գտնվում: Ձեզ արդեն պատասխանե՞լ են, ի՞նչ է որոշվել, ի՞նչ եք անելու:

-Կառավարությունից ինձ պատասխանել են, որ կարող եմ գնալ այնտեղ փաստաթղթերը ուսումնասիրելու համար: Հիմա պետք է ժամանակ գտնեմ, գնամ, նստեմ, ծանոթանամ փաստաթղթերին, խորհրդարանի շենքում չի, որ կարողանամ նստեմ, ուսումնասիրեմ, պետք է գնամ կառավարություն: Ինձ տեղեկացրել են, որ կարող եմ գնալ կառավարության առաջին բաժին, որպեսզի ուսումնասիրեմ փաստաթղթերը:

-Նախորդ իշխանությունները վստահեցնում են, որ նման փաստաթուղթ չի կարող գոյություն ունենալ, որտեղ կերեւար, թե երկիրը կաթվածահար վիճակում է գտնվել: Ի՞նչ եք ակնկալում տեսնել այնտեղ:

-Պետք է գնամ, որպեսզի տեղում հասկանամ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը, որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել, քանի որ չեմ տեսել այդ ամենը: Ես երբ գնամ, այդ ժամանակ էլ հրապարակային կասեմ` կա թե չկա իրականում նման փաստաթուղթ: Բովանդակությունը չեմ կարող ասել, թե ինչ է գրված այնտեղ, բայց կասեմ` իրականում կա նման բան, թե չէ: Փաստաթուղթը հույժ գաղտնի է. եթե լինի նման փաստաթուղթ, կասեմ դրա մասին: Ես կարծում եմ, որ եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա:

-Հնարավո՞ր է ինչ-որ հատվածներ հրապարակեք, որոնք կմտահոգեն նաեւ Ձեզ:

-Հույժ գաղտնի փաստաթուղթ է, չեմ կարող հրապարակել, բայց կհրապարակեմ, որ իսկապես նման փաստաթուղթ գոյություն ունի: Բովանդակություն չեմ հրապարակելու:

-Եթե ծանոթացաք, դրանից հետո ի՞նչ է լինելու: Եթե ասում եք` կանչել են, ուրեմն նման փաստաթուղթ գոյություն ունի: Այդ ուսումնասիրությունը հետեւանքներ ունենալո՞ւ է. իշխանություներն էլ են ծանոթացել, բայց դրան որեւէ բան չի հետեւել:

-Այդ հարցում պետք է ՀՀ վարչապետին դիմեք: Որպես խորհրդարանական ուժի ղեկավար` պետք է հասկանամ, թե ինչ է եղել, ինչ ձախողված ինստիտուտների մասին է խոսքը գնում, մենք ինչ անելիքներ ունեք եւ այլն ու այլն: Առանց ծանոթանալու դեռեւս չեմ կարող որեւէ բան ասել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս