ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինտրիգներ` Վլադիմիր Պուտինի այցի շուրջ. ինչ հանդիպումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵԱՏՄ անդամ պետությունները մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով, եւ դեռեւս այս տարվա մայիսին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ այդ օրվա նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, թե այդ այցին զուգահեռ Վլադիմիր Պուտինի հետ նաեւ աշխատանքային քննարկում կանցկացնի:

Ընդ որում, նկատենք, որ թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան եւ այդ կոնտեքստում այն եւս կարեւորություն է ներկայացնում: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի մասին խոսվում էր դեռ նախորդ տարվանից: Դեռեւս նախորդ տարի Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ ԴմիտրիՊեսկովն էր խոսելՊուտինի՝ Հայաստան այցի մասին, սակայն հստակ ժամկետներ չէր ասել՝ հայտնելով, թե դրանք հստակեցվում են: Եվ դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանն է մի քանի անգամ մեկնել ՌԴ եւ այնտեղ հանդիպումներ ունեցել Վլադիմիր Պուտինիհետ:

Ինչպես արդեն նշեցինք, խոսքը ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի մասին է, որին մասնակցությունը երկրների ղեկավարների մակարդակով է: Դրան զուգահեռ տեղի են ունենում նաեւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստեր, որին մասնակցում են արդեն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Եվ Հայաստանի պարագայում ստացվել է այնպես, որ երկու նիստերին էլ մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, Բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ` այս տարի Երեւանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ժամանակ հստակեցումներ են կատարվել օրակարգի եւ այլ հարցերի վերաբերյալ:

Եվ, ահա, մի կողմթողնելով օրակարգը, որով Հայաստան է գալիս Վլադիմիր Պուտինը, վերջին շրջանում հանրությունը քննարկում է այստեղ սպասվելիք հնարավոր հանդիպումներն ու զարգացումները: Եվ,ահա, տարբեր տեղեկությունների համաձայն` Վլադիմիր Պուտինը նաեւ ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ եւ այդպես նպատակ ունենալ նաեւ հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած, նա Քոչարյանին անձամբ տեսնելու համար պատրաստ է նաեւ կալանավայր գնալ: Եվ այս տեղեկություններն արդեն իսկ դարձել են հանրային քննարկման եւ քննադատության առարկա, թե ինչու է նա այդպիսի ցանկություն հայտնել:

Այս թեմաների շուրջերեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն: «Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որը գլխավոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դեպքում՝ կառավարության ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրությամբ հայտնի է եւ ծրագրվում է»:

«Ժողովուրդ» օրաթերթի ճշտող հարցին՝ այսինքն հայտնի չէ՝ Վլադիմիր Պուտինը կլինի Հայաստանում, թե ոչ, դեսպանը նշեց. «Դե այլ ինֆորմացիա ես այս պահին չունեմ: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն խորհրդի նիստ, եւ ՌԴ ղեկավարը պետք է որ այստեղ լինի: Այլ տեղեկություն ես չունեմ: Ես պատրաստ չեմ խոսել հնարավոր փոփոխությունների մասին, քանի որ ինֆորմացիայի չեմ տիրապետում»: Ընդ որում, դեսպանը նաեւ դժվարացավ խոսել Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ այցի օրակարգի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվելիք հարցերի վերաբերյալ: Դրանք քննարկվելիք հարցեր են, այս պահի դրությամբ ես Ձեզ այլ բան ասել չեմ կարող»:

Ամեն դեպքում, առջեւում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս