Արդեն աշուն է, եւ վաղուց ժամանակն է պահարանները համալրել աշնանային նորաձեւ հագուստով, մասնագետների օգնությամբ ստանալ գեղեցիկ լուքեր թե՛ առօրյայի, թե՛ հատուկ երեկույթների ու սպեցիֆիկ միջոցառումների համար: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ: Նա նշել է, թե ինչ կոստյումներ, վերնաշապիկներ, վերարկուներ, կոշիկ կրել այս աշնանը ոճային տեսք ունենալու համար:
-Արփինե՛, առհասարակ, աշնանն ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս: Այս աշունն ի՞նչ նոր տենդենցներ է թելադրում:
-Ինչ խոսք, հաճելի է այն, որ մեր օրերում նորաձեւ լինելու համար շատ ջանք թափել հարկավոր չէ.պարզապես պետք է հետեւել սեզոնի թրենդներին: Սակայն այս ճանապարհին խորհուրդ կտամ վերցնել այն միտումները, որոնք կհամապատասխանեն ձեր ոճին, որոնք կհամարեք ձերը: Հարկավոր է ընտրել այնպիսի հագուստ, որը այսօր նորաձեւ լինելով՝ վաղը հակաթրենդ չի դառնա: Օրինակ՝ հիմա բավական ակտուալ են դասական կոստյումները, որոնք միշտ էլ կմնան նորաձեւ: Հավաքածուներում աչքի է զարնում դասականի եւ սպորտայինի միքսը:
Կոստյումներն ամենեւին պարտադիր չէ կրել վերնաշապիկով.կարող եք համադրել դրանք պարզ շապիկի ու բոթասի հետ: Շարունակելով թեման՝ կարող եմ ասել, որ վերնաշապիկները, որոնք ունեն լայն ձեւվածքներ, ընդունված է համադրել թե՛ տաբատների հետ, թե՛ հագնել որպես զգեստ: Ցանկացած կոշիկի ու պայուսակի փոփոխությամբ կփոխվի նաեւ ամբողջական լուքը: Դասական տաբատը միշտ է մոդայիկ եղել, պարզապես հիմա ավելի ակտուալ է մինչեւ կոճերը հասնող ուղիղ մոդելները, ոչ թե ոտքը գրկող: Այս աշնանը նորաձեւ են վագրային պրինտով վերարկուները, զգեստները, աքսեսուարները: Հավաքածուներում շատ են միատոն կոստյումները (երբ տաբատն ու պիջակը նույնատոն են): Մեծ տարածում ունեն oversize վերարկուները, գործած կարդիգանները, որոնք նույնիսկ ամենապարզ շապիկի ու տաբատի հետ համադրելով՝ կթողնեք բավական նորաձեւ մարդու տպավորություն:
-Այս աշնանը առանձնահատուկ տեղ են գրավում նաեւ կիսաթափանցիկ կտորները: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչպես կարելի է դրանք կիրառել:
-Այո, այդ կտորից հավաքածուներում ներկայացված են անգամ ժակետներ եւ վերարկուներ: Ճիշտ է, դրանք չեն կատարում իրենց հիմնական ֆունկցիան, բայց այդ մոդելների շնորհիվ հնարավոր է հետաքրքիր կերպարներ ստեղծել, օրինակ՝ կարելի է օգտագործել կաշվե եւ կիսաթափանցիկ հագուստ՝ մեկ լուքում. երկու մատերիալն էլ այս աշնանը շատ կիրառելի են լինելու:
-Իսկ երեկոյան հագուստների մասով ի՞նչ կասեք:
-Այս աշնանը եւս փայլուն զգեստները դեռ չեն զիջում իրենց դիրքերը: Ամենաակտուալ գույներից է մետալը` աշուն հիշեցնող, ինչպես նաեւ պաստելային բոլոր երանգները եւս մոդայիկ են:
-Կոշիկներից տարածում ունեն կոպիտ տակացուներով մոդելները, այո՞, էլ ո՞ր տեսակի կոշիկներ խորհուրդ կտաք գնել:
-Այո, ինչպես նաեւ հաստ կրունկով կիսաճթքավոր մոդելները, կոպիտ, փռված, լայն տակացուներով բոթասները, որոնք գեղեցիկ են նայվում հատկապես ջինսերի հետ:
-Պայուսակների եւ աքսեսուարների մասով ի՞նչ կասեք:
-Նորաձեւ են շատ փոքրիկ պայուսակները, իսկ այլ աքսեսուարների պարագայում սխալ կլինի որեւէ բան առանձնացնելը, քանի որ տարբեր ոճի սիրահարների համար կա հարուստ ընտրանի: Միայն կարող եմ ասել, որ ակտուալ են երփներանգ եւ նախշազարդ գլխակապերը, աբադոկները՝ բանտի նման կապվող: Պարզապես ամեն մանրուք հարկավոր է ճիշտ ընտրել եւ չդառնալ նորաձեւության գերի՝ նախապատվությունը տալով կազմվածքին հարմար հագուստին եւ աքսեսուարին:
Աննա Բաբաջանյան