Արդեն երկար տարիներ Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն ընտանիքի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ էկրանային եւ բեմական ինչ գործունեությամբ է նա այժմ զբաղված:
Դերասանը տեղեկացրեց, որ նկարահանվում է ամերիկյան S.W.A.T. հեռուստասերիալում, Ռուբեն Քոչարի «Կալիոստրո» ֆիլմում, որի նկարահանումների շրջանակում, ի դեպ, սեպտեմբերին կայցելի Հայաստան: Ինչ վերաբերում է թատերական կյանքին, պարոն Բաբախանյանը պատրաստվում է Շեքսպիրի «Համլետ» ներկայացմանը՝ անգլերենով:
Հարցին, թե Հայաստան վերադառնալու ցանկություն ունի, դերասանը պատասխանեց. «Մենք հզոր երկիր ենք, հզոր ազգ, որն աշխարհի քաղաքակրթությանը շատ բան է տվել: Հպարտ եմ, որ հայ եմ ու Հայաստանն եմ ներկայացնում իմ համեստ գործով: Հայաստան գալու ցանկություն միշտ ունեմ եւ հաճախ եմ այցելում»:
ԱՄՆ-ում բնակվելու տարիների իր մեծագույն ձեռքբերումը դերասանը համարում է նոր ընկերներն ու կապերը, ընդգրկուն հանդիսատեսի հետ կապն ու համաշխարհային չափանիշներին համապատասխան վերջինիս պահանջների ու սպասելիքների բավարարումը:
Հիշեցնենք, որ 2018-ին Հայաստանում Հովհաննես Բաբախանյանը հանդես եկավ իր «Պատգամ» մոնոներկայացումով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դերասանը նկարահանվեց Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմում եւ իր հարազատ Դրամատիկական թատրոնում գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի եւ դրամատիկցիների հետ նշեց իր 50-ամյա հոբելյանը:
Հավելենք նաեւ, որ դերասանն այժմ աշխատում է «Սայաթ-Նովա» ֆիլմի շուրջ: Ի դեպ, Սայաթ-Նովային կմարմնավորի հենց ինքը: Պարոն Բաբախանյանն անում է ամեն բան, որպեսզի ֆիլմը նկարահանվի Հոլիվուդում։ Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորն է: Այլ մանրամասներ դերասանը կհայտնի ավելի ուշ:
Աննա Բաբաջանյան