«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Մհեր Մկրտչյան թատրոնի արտիստ, «Կյանք ու կռիվ 2», «Լյուդվիգ անունով ոզնին», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Արծրուն Չոբանյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության գծերին, սովորություններին: Մեր զրույցի ընթացքում պարզեցինք, որ դերասանն ավելի քան մեկ տարի է՝ ամուսնացել է եւ ունի դուստր: Հարցին, թե ինչպես է պատահել, որ այս փաստը սպրդել է ԶԼՄ-ների ուշադրությունից, դերասանը պատասխանեց, որ չի սիրում անձնական կյանքը հանրային դարձնել: Նա խոսեց նաեւ մեր հանրության շրջանում իրեն հուզող խնդիրներից: Արծրունը տեսակետ հայտնեց, որ մեր ժողովուրդը քաղաքակրթվելու համար դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու:
-Արծրո՛ւն, երբեք չէիք պատկերացնի, որ…
-Դերասան կդառնայի… Դա պատահականություն էր: Ես պետք է ընդունվեի Հայկական պետական մանկավարժական համալսարան` ռազմական մանկավարժության բաժինը, բայց հետո հետ կանգնեցի այդ մտքից: Ինձ Թատերական ինստիտուտ տարավ քույրս: Առաջարկեց ընդունվել 0 կուրս: Այդպես հետո դարձա մասնագետ…
-Երբ թվացել է, որ վերջ, ձախողվել եք, ի՞նչ եք արել:
-Գնացել եմ շանս մոտ, իր հետ «խոսել ենք»: Շունս միշտ լսում է ինձ:
-Կյանքի ամենաթանկ նվերը Ձեզ:
-Դուստրս:
-Փաստորեն Դուք ամուսնացել եք եւ նույնիսկ դուստր ունեք, իսկ հանրության լայն զանգվածն այդ մասին չի իմացել…
-Դե ես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել:
-Ձեր կինը դերասանական ոլորտի հետ կապ ունի՞:
-Ոչ, բացարձակ:
-Որքա՞ն ժամանակ է, ինչ ամուսնացել եք:
-Մեկ տարուց ավել է:
-Ձեզ սովորաբար հարվածում են մարդիկ, որոնք…
-Բոլորն անխտիր հարվածում են, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Դա կյանքի օրենքն է, նորմալ է…
-Եթե չլինեիք հայտնի, ի՞նչ կյանքով կապրեիք:
-Ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ հայտնի եմ ես, թե ոչ, ապրում եմ նույն կյանքով, երթեւեկում եմ մետրոյով, քայլում եմ փողոցով, նստում եմ ավտոբուս…
-Ձեզ միշտ տանջում է այն հարցը, թե…
-Մեր ազգն ինչու չի կարողանում իր սխալների վրա սովորել:
-Շատ եք ափսոսում, որ…
-Չեմ ափսոսում ոչ մի բանի համար…
-Վախենում եք, որ…
-Վախ էլ բացարձակ չունեմ…
-Հույս ունեք, որ…
– Մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, մի օր կսովորի պատմությունից դասեր քաղել…
-Երազում եք մի փոքր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի…
-Չաշխատեմ ու վայելեմ կյանքը…
-Կանայք սովորաբար Ձեր մեջ առաջինը նկատում են…
-Մուննաթս երեւի:
-Հոլիվուդյան հայտնիներից ո՞ւմ կյանքով մեկ օր կապրեիք:
-Թող հայտնիները իմ կյանքով ապրեն, տեսնեմ կձգե՞ն (ծիծաղում է):
-Կցանկանայիք ունենալ անձնական թիկնապա՞հ, խոհարա՞ր, թե՞ մերսող:
-Մերսող…
-Ո՞րն է Ձեր հմայքի գաղտնիքը:
-Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ հմայիչ եմ, թե ոչ, բայց եթե համարենք, որ հմայիչ եմ, ապա էլի մուննաթս (ծիծաղում է):
-Երբեմն վրդովվում եք, երբ…
-Երբ շուրջս տեսնում եմ անքթածակ մարդկանց, որոնք փողոցի մեջտեղում «մտնում են» հեռախոսի մեջ ու խանգարում երթեւեկությանը, զզվում եմ ազդանշան տվողներից: Ազդանշան տալն իմաստ չունի, շատ քաղաքակիրթ երկրներում ազդանշանի համար տուգանում են, իսկ մեր երկրում մրցույթ է, թե ով ավելի բարձր ազդանշան կտա: Մի անգամ ավտոբուսը փորձում էր կանգառ մտնել, տաքսին ավելի շուտ ճողոպրեց` փորձելով առաջ անցնել, չդիմացա, կռիվ արեցի… Ուզում եմ, որ մեր ժողովուրդը քաղաքակիրթ ապրի:
-Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ վայրը:
-Մեր գյուղը՝ Լոռու մարզի Ագարակը: Անտառից բացվող տեսարանը… Հրաշք… Ես, առհասարակ, բնության մեծ սիրահար եմ…
-Մարդկության ամենամեծ գյուտը, որի համար ամեն օր փառք եք տալիս Աստծուն:
-Անիվի հայտնագործումը:
-Եվ վերջում՝ տպագրվելուց հետո կարդալու՞ եք այս հարցազրույցը:
-Եթե աչքովս ընկնի, այո:
Աննա Բաբաջանյան