Այսօր տեղեկություն ստացվեց, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան ծեծկռտուք է եղել Ճամբարակում` ավտոկայարանի մոտակայքում, սակայն ոստիկանությունը կատարվածին չի միջամտել, իսկ միջադեպի մասնակիցներն էլ եղել են քրեական հեղինակություններ: Եվ ըստ տեղեկությունների, նրանք սերտ կապեր ունեն խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի հետ: Քրեական հեղինակություն համարվող Վիլեն Սոսյանը չի էլ թաքցնում իր մտերիմ կապը քաղաքապետի հետ:
Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի մասին ArmLur.am-ը բազմիցս առիթներ ունեցել է անդրադառնալու: Անդրադարձ էինք կատարել նաեւ Վազգեն Ադամյանի անցյալին, որը նախկինում ընտրակեղծարարության համար դատապարտված է եղել եւ դատարանի վճռով փորձաշրջան անցել:
Ինչպես հայտնի է` դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Վազգեն Ադամյանն իր ողջ թիմով պայքարում էր ՀՀԿ-ի հաղթանակի համար: Ընտրություններից հետո Վազգեն Ադամյանի նկատմամբ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Ըստ դատավճռի հիմնավորման` 2008 թվականից Ճամբարակի ավագանու անդամ Վազգեն Ադամյանը ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով:
Ընտրախախտումը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի 20/24 ընտրական տեղամասում, որտեղ քվեարկելու էր գնացել Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանը: Վազգեն Ադամյանը ցանկացել է իմանալ, թե համաքաղաքացին ում օգտին է քվեարկում: Այդքանից հետո նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Բայց, դե, դատարանը շատ մեղմ պատժի է արժանացրել` կեղծարարին ընդամենը տուգանելով:
Այսքանով, սակայն, քաղաքապետ Ադամյանի արկածները չեն ավարտվել: Նա մեկ անգամ եւս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Վազգեն Ադամյանը մեղադրվել էր խուլիգանություն կատարելու մեջ: 2013 թվականին նա «տղայական ռազբորկայի» կիզակետում է հայտնվել` հարցերը փորձելով լուծել բռունցքների օգնությամբ: Ըստ մեղադրական եզրակացության` Ճամբարակում գործող խորտկարանի բակում ավտոմեքենաների կայանման առիթով առաջացած վիճաբանության ընթացքում հարվածել է Սամվել Սարգսյանին: Ապա Վազգեն Ադամյանին են միացել նրա ընկերները: Եվ չորս ընկերներով ոտքերով եւ ձեռքերով ծեծել են երիտասարդին:
Մեկ անգամ էլ միջադեպ է տեղի ունեցել մարտի 23-ին եւ կրկին Վազգեն Ադամյանի մասնակցությամբ: Մասնավորապես, ըստ հրապարակումների, Ճամբարակ քաղաքում գործող «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Տ.Այունցի և Հ. Բրուտյանի միջև: Այդ ամենին միջամտել է Վ. Ադամյանը, ով փորձել է կռիվ անողներին հանգստացնել և բաժանել ու այդ ժամանակ Վ. Ադամյանը արմունկով հարվածել է Տ. Այունցի ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:
Եվ ահա, նրա անունը կապում են նաև քրեական հեղինակությունների հետ մտերմության և նրանց հովանավորելու մեջ: