Ռասիզմը` ֆուտբոլում. ամեն ինչ, կարծես, դուրս է գալիս սահմաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Ա Սերիայի 2-րդ տուրի` «Կալյարի» -«Ինտեր» խաղի ընթացքում երկրպագուների պահվածքը միլանցիների սեւամորթ հարձակվող Ռոմելու Լուկակուի նկատմամբ մեծ իրարանցում ստեղծեց համաշխարհային ֆուտբոլում: Ռասիզմը միշտ էլ տեղ է ունեցել ֆուտբոլում, սակայն վերջին շրջանում այն կարծես ավելի շատ եւ ավելի մեծ տարածում է ստանում: Ստեղծված թեժ իրավիճակը փոքր-ինչ ավելի հանդարտ դարձնելու համար «Ինտերի» երկրպագուները բաց նամակ էին գրել Ռոմելու Լուկակուին,որով ցանկանում էին ֆուտբոլիստին հասկացնել,որ իտալացի երկրպագուների վերաբերմունքը չընդունի որպես ռասիզմ, այլ իրեն խաղադաշտում խանգարելու միջոց: Ամեն դեպքում ինր էլ լինեն նմանատիպ հայտարարությունները, փաստը մնում է փաստ` ռասիզմը ցանկանում է «կրծելով» սպանել ֆուտբոլը:

Արդեն փակված տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մալկոմը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ». որոշ ժամանակ անց պարզ դարձավ,որ ֆուտբոլիստը կարող է լքել ռուսական ակումբը արդեն եկող ձմռանը,իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը. կրկին ռասիզմը: Քանի ու քանի հազար ռասիզմի դեպքեր են գրանցվել ֆուտբոլում, իսկ թե որքան կարիերաներ են փչացել եւ վաղաժամ ավարտվել դրա պատճառով, գիտի միայն Աստված:

Իսկ ի՞նչ պետք է անել ռասիզմը ֆուտբոլում բացառելու համար: Այնպիսի տպավորություն է,որ այս թեմայի շուրջ խոսում են բոլորը` ե՛ւ ակումբների ֆուտբոլիստները, ե՛ւ երկրպագուները, ե՛ւ սեփականատերերը, սակայն կոնկրետ գործողություններ այս հարցը լուծելու համար չեն ձեռնարկվում: Այս հարցի շուրջ լավագույնս արտահայտվել է Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ լեգենդար Լիլիան Թյուրամը. «Ի՞նչ եք կարծում, երկրպագուները պետք է սովորեն հարգել մրցակիցներին միայն այն բանի համար,որ մենք շատ ենք խոսում այս թեմայո՞վ: Իհարկե, ոչ: Մենք շատ խոսում ենք, բայց տեղից չենք շարժվում: Ակնհայտ երեւում է,որ ակումբների ղեկավարներին այս հարցը ամենաքիչն է հուզում: Շատերը կան, ովքեր նշում են,որ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, եւ այդ ամենի հետ միասին քայլեր չեն ձեռնարկում փոփոխություններ կատարելու: Եթե ինչ-որ բան անհանգստացնում է,ապա պետք է փոխել: Ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվում ռասիզմը ֆուտբոլում բացառելու համար:

Եղել են դեպքեր, որ մրցավարները, նման արարքներ տեսնելով, ուղղակի դադարացրել են խաղը եւ ֆուտբոլիստներին տարել հանդերձարան: Եթե այդ մեթոդը կիրառվի նաեւ թոփ առաջնություններում,ապա դա ուսուցողական կլինի երկրպագուների համար: Կարծում եմ` նման դեպքերում կստանանք հնարավորություն ռասիզմը ֆուտբոլում վերացնելու համար: Այս ամենը սխալ է, եւ շատ ցավալի է,որ սպիտակները իրենց սեւերից լավն են համարում. դա գալիս է դարերի խորքից»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը:

Այժմ փաստում են բոլորը,որ ֆուտբոլի կարկառուն ներկայացուցիչները քայլեր չեն ձեռնարկում ամենամեծ խնդիրը վերացնելու համար: Իրականում նրանք այս խնդիրը խնդիր էլ չեն համարում, բայց հակահարվածը կարող է շատ ցավոտ լինել: Ամեն ինչ դուրս է եկել բոլոր սահմաններից. այլեւս ոչ մի ֆուտբոլիստ չի կարողանում խաղալ նման պայմաններում: Եթե հիմա բողոքները լինում են միայն խոսելու միջոցով, ապա ժամանակ հետո հնարավոր է ձեռնարկեն այլ քայլեր: Կարելի է ընդգծել, որ ֆուտբոլի բարձրաստիճան պաշտոնյաները ունեն շատ քիչ ժամանակ ֆուտբոլը կործանումից փրկելու համար: Դեռ նոր է մեկնարկել ընթացիկ առաջնությունը, բայց արդեն հասցրել ենք գրանցել ռասիզմի մի շարք դեպքեր. շատ ցավալի է եւ անկարելի: Այս ֆանտաստիկ սպորտաձեւը ուղղակի կորցնում է իր փայլը այսպիսի վերաբերմունքի պատճառով. պետք է փրկել իրավիճակը եւ, որքան հնարավոր է, շուտ…

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս