Պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները պարտադիր հրապարակվելու են. Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը.

«Ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրության ուժով ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն:

Կառավարության համար սկզբունքային է տեղեկատվության ազատության իրավունքի իրացման միջոցով կառավարման համակարգի թափանցիկության, մասնակցայնության և արդյունավետության ապահովումը։

Հաշվի առնելով այս ոլորտում քաղաքացիների բողոքները՝ ուսումնասիրել ենք պետական մարմինների կայքերում պաշտոնատար անձանց հետ կապ հաստատելու մասին առկա տեղեկատվությունը: Պարզվել է, որ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ Սա խնդրահարույց է, քանի որ արդյունքում տուժում է կառավարման համակարգի թափանցիկությունը, սահմանափակվում է պետական մարմինների հասանելիությունը և դժվարանում է քաղաքացի-պետական մարմին հաղորդակցությունը։

Հանձնարարական եմ ուղարկել պետական գերատեսչություններին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 7-րդ հոդվածում ամրագրված տեղեկությունների մատչելիությունը ու հրապարակայնությունը, ներառյալ պետական մարմինների պաշտոնատար անձանց անունների, ազգանունների, պաշտոնների, աշխատանքի վայրի հեռախոսային համարների, էլեկտրոնային փոստի հասցեների հրապարակումն ապահովելու վերաբերյալ։ Պետական մարմիններին հանձնարարվել է նաև իրենց պաշտոնական կայքերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։

Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողը պետք է հասանելի լինի քաղաքացու համար։ Հանրային իշխանությունը պետք է ապահովի ու պաշտպանի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված մարդու իրավունքները»:




Լրահոս