ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԴԽ նիստը մեկնարկեց. ներկա է նաև նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է նիստը, որի ժամանակ կորոշվի երկու ըմբոստ դատավորների ճակատագիրը: Արդյոք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը կենթարկվե՞ն պատասխանատվության. ներկա է նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի Մարտի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը Արդարադատության նախարարությունից ստացել է ծանուցում այն մասին, որ իր վարույթում գտնվող գործերով թույլ է տվել խախտումներ: Կարինե Պետրոսյանը կարգապահական վարույթի հարուցումը կապում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ դատական հայցերի հետ, որոնք ներկայացրել էր: Նա հիմնավորել էր, որ Հարությունյանը ոչ միայն խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զբաղեցնել, այն նաեւ չի կարող խորհրդի անդամ լինել, դրա համար էլ «ընկել էին» Կարինե Պետրոսյանի հետեւից:

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ նույնպես կարգապահական վարույթ է հարուցվել` նույն հիմքով: Եվ հիմա, չնայած ԲԴԽ նախկին անդամները չկան, եւ դեռ ավելին` նախկին նախարար Զեյնալյանը եւս հեռացել է, ԲԴԽ նոր կազմը պետք է քննի եւ հասկանա` արդյոք դատավորները թերացել են, թե այս կարգապահական վարույթը նախարար Արտակ Զեյնալյանը հարուցել է Գագիկ Հարությունյանի հորդորով միայն այն բանի համար, որ երկու դատավորները համարձակվել էին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասով դատարան հայց ներկայացնել: Ու հետաքրքիր է, թե նորացված կամ, այսպես ասած, «ծյունինգ արած» ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի երկու ըմբոստ դատավորների նկատմամբ:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս