Հայաստանի դեմ խաղն ահազանգ էր մեզ համար. Ռոբերտո Մանչինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա (1:3) խաղից հետո մամուլի ասուլիս է տվել «Սկաուդրա Աձուրայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին. «Շտկելու շատ բաներ կան: Այս խաղը հեշտ չտրվեց մեզ: Ես ասել էի, որ Հայաստանի հավաքականը կարող է ֆիզիկապես գերազանցել մեզ: Միգուցե կարմիր քարտը ազդեցություն թողեց նրանց խաղի վրա: Հայաստանի հավաքականը ագրեսիվ ֆուտբոլ խաղաց եւ հասավ իր նպատակին, բայց կարողացանք հավասարեցնել հաշիվն ու փոխել խաղի ընթացքը: Պետք է բարելավենք եւ շտկենք մեր խաղը: Հայաստանի փակ պաշտպնության դեմ մենք փորձեցինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ:

Երբ հաշիվը հավասար էր, դժվար էր, սակայն 2:1-ից հետո ավելի հեշտ դարձավ: Հայաստանի դեմ այս խաղը ե՛ւ դաս էր, ե՛ւ ահազանգ: Հաջորդ խաղում ֆուտբոլիստները պետք է զգոն լինեն հենց խաղի սկզբից: Հայաստանի հավաքականը շատ լավ խաղաց հարձակման գծում:

Հարձակվողները ստանում էին մեծ տարածություններ եւ դժվարություններ ստեղծում: Գիտեինք, որ Կամո Հովհաննիսյանը շատ արագ է: Նա կատարեց արագացումներ, սակայն այդ արագացումները վտանգավոր պահեր չստեղծեցին մեր դարպասին:

Կիեզայի մասին կասեմ, որ նա լավագույն մարզավիճակում չէ: Նախապատրաստական շրջանում նա ունեցավ դժվարություններ, բայց հիմա երջանիկ է «Ֆիորենտինայի» կազմում խաղալու եւ ամեն անգամ Իտալիայի հավաքական հրավիրվելու համար:
Մենք շատ բացեր ունենք, պետք է շատ աշխատենք, որ դառնանք չեմպիոն»,- ասել է Ռոբերտո Մանչինին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս