ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում էր «Thales Group» պատվիրակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած՝ միջազգային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ ֆրանսիական «Thales Group» ընկերության պատվիրակությունը երկօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների, տեխնոլգիական ու նորարարական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:

Ամփոփելով այցի և հանդիպումների արդյունքները՝ ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին նշել է. «Մեր այցի նպատակը Հայաստանի և «Thales Group»-ի միջև ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որոնցով կարող ենք ներկայություն ունենալ ձեր երկրում: Ուստի սա շատ կարևոր է: Շատ լավատեսորեն ենք տրամադրված: Առաջիկայում մեր գլխավոր տնօրենին ենք ներկայացնելու այն ամենը, ինչ գտանք այստեղ՝ հետագա քայլեր ձեռնարկելու նպատակով»:

Նա նշել է, որ համագործակցության առումով շատ լավ հեռանկարներ կան: «Մեր ցանկությունն է հասնել շոշափելի արդյունքների, լուրջ գործեր անել: Մտադրություն ունենք համագործակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական էկոհամակարգի հետ: Սակայն պետք է լրջորեն աշխատենք՝ հստակեցնելու իրական և շոշափելի ուղղությունները: Մենք համագործակցության համար մի շարք ոլորտներ ենք դիտարկում: Շատ ոգևորող տարրեր տեսանք էլեկտրոնային փորձարկման կարողությունների ոլորտում, հետաքրքիր մոտեցումներ՝ արհեստական բանականության ոլորտում: Մտադիր ենք կրկին այցելել Հայաստան՝ այնքան հաճախ, որքան կպահանջվի: Հայաստանը շատ ռեսուրսներ ունի, օրինակ` մարդկային կապիտալը: Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն է»,- ընդգծել է Պոլ Ռեմին:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:




Լրահոս