Armenian text to speach

Ինչպե՞ս պետք է «Հայֆիլմը» դարձնեն բրենդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամներն օրեր առաջ դիմել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանին՝ հետեւյալ հայտարարությամբ. «Եթե մեզ տան «Հայֆիլմ»-ի բանալիները, այն կդառնա Ձեր կառույցի ամենամեծ ձեռքբերումը»: Փոխնախարարն արձագանքել է՝ նշելով, որ ականջալուր է լինելու առաջարկներին, եւ վստահություն հայտնելով, որ հասարակական կազմակերպությունը պատկերացնում է խնդրի լրջությունն ու բարդությունը։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայանի հետ: Նա նշել է, թե ինչպես են պատրաստվում «Հայֆիլմը» դարձնել բրենդ, այնտեղ ստեղծել կինոդպրոց եւ այս գործընթացներում ներգրավել աջակիցների:

-Հա՛յկ, եթե իսկապես «Հայֆիլմ»-ի բանալիները Ձեր նախաձեռնությանը տան, կոնկրետ ի՞նչ եք պատրաստվում անել կինոստուդիան ոտքի կանգնեցնելու համար: Ո՞րն է լինելու Ձեր քայլերի հաջորդականությունը:

-Նախ՝ մենք պարոն Խզմալյանին առաջարկել ենք «Հայֆիլմը» Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայությունից տեղափոխել Մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Մենք պատրաստ ենք այդ հարցում իրեն աջակցել: Մենք չենք կարող կոմիտեի ֆիզիկոս նախագահի հետ քննարկել հայ կինոյին առնչվող հարցեր. դա աբսուրդ է: Կոմիտեում մի քանի ամսից ավարտվում է մասնավորեցման ծրագիրը:

Բայց մենք այն կարծիքին ենք, որ «Հայֆիլմի» վաճառքը ցանկացած դեպքում աբսուրդ է: «Հայֆիլմը» պետք է դառնա պետական կառույց: Դրանից հետո էլ մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Հենց որ կառույցն անցնի Մշակույթի նախարարության ներքո, առանց մկների ժողովների (նկատի ունի հանրային քննարկումները-հեղ.) ներկայացնելու ենք մեր ծրագրերը, որոնք արդեն 90 տոկոսով պատրաստ են: Մենք ունենք աջակիցներ, կամավորներ, հովանավորներ:

-Դուք նշում եք, որ «Հայֆիլմը» պետք է դարձնեք բրենդ: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը:

-Դա պետք է անել՝ պահպանելով մեր կինոյի ավանդույթները: Սկզբնական շրջանում տեխնիկան կարող է որեւէ ֆիրմա տրամադրել, բայց ֆիլմը կնկարահանենք «Հայֆիլմի»՝ բոլորին ծանոթ լոգոյով: Այսինքն՝ մենք պետք է գնանք գաղափարի ետեւից: Փոքր միջոցներով պետք է կամաց-կամաց զարգացնենք ստուդիան:

-Ասացիք, որ ունեք աջակիցներ: Մի փոքր կբացե՞ք փակագծերը՝ կոնկրետ ինչով են նրանք սատարելու Ձեզ:

-Արդեն նշեցի, որ, օրինակ, մեր ընկերները, որոնք ունեն ստուդիաներ, պատրաստ են աջակցել: Եթե վստահ չլինեի, որ մեր թիկունքին ոլորտի մասնագետների բանակ է կանգնած, ընդհանրապես չէինք մտնի այս ամենի մեջ: Մենք ամբողջովին տիրապետում ենք իրավիճակին: Ծրագրի հաջորդ կետը, որ կցանկանայի առաձնացնել, կինոկրթությանն է վերաբերում:

«Հայֆիլմը» կարող է դառնալ այն ինդուստրիան, որը կպատրաստի սցենարիստների, պրոդյուսերների, կասկադյորների: Կասկադյորների միության նախագահն, օրինակ, ասում է, որ պաստրաստ է աջակցել կասկադյորական դպրոցի ստեղծմանը: Մեր կոլեգաները կարող են հենարան լինել մեզ համար: Կինոկրթության մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ նաեւ սպասարկման ոլորտին: Օրինակ՝ մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող է «Հայֆիլմում» ինչ-որ մեկը ձեռքերը գրպանը դրած գալ, ասել. «Ի՞նչ ա պետք, բռատ»:

Մեզ կիրթ սպսարկում է հարկավոր: Եվ ծրագրի հաջորդ կետը, որին ուզում եմ անպայման անդրադառնալ, ստուդիայում այնպիսի կինոմիջավայրի ստեղծումն է, որը բոլոր երկրների ներկայացուցիչների համար կլինի հետաքրքիր եւ գրավիչ. թե՛ ճապոնացին, թե՛, օրինակ, ռուսը, պետք է իրենց գտնեն այդ տարածության մեջ: Սկզբնական շրջանում թեկուզ փոքր միջոցներով կարելի է շոշափելի արդյունք գրանցել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս