ԼՂՀ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, նպատակ ունի մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: Դ. Բաբայանն այժմ իր նորաստեղծ կուսակցության ակտիվացմամբ է զբաղված: Հիշեցնենք, որ դեռեւս սույն թվականի փետրվարին հանդես էր եկել հայտարարությամբ. «Երկար մտորումներից հետո, ինչպես նաեւ քաջալերվելով բազմաթիվ ընկերների եւ համախոհների կողմից` որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ` Արցախի պահպանողական կուսակցությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար` արդյոք արդեն վերջնական որոշում ունեն ընտրություններին մասնակցելու համար, ու ինչ քաղաքական իրավիճակ է Արցախում այս օրերին:
-Պարո՛ն Բաբայան, Ձեր ղեկավարած Արցախի պահպանողական կուսակցությունը, ըստ մեր տեղեկությունների, այժմ ակտիվ գործունեությամբ է զբաղված, քանի որ նպատակ ունի մասնակցելու Արցախի ընտրություններին: Ի՞նչ փուլում են Ձեր աշխատանքներն այժմ:
-Փետրվար ամսից արդեն սկսել ենք, գրանցվել ենք: Կուսակցության նախագահը ես եմ, մեր հիմնական գաղափարախոսությունը առաջադիմական պահպանողականությունն է, այսինքն` մեր արժեքների պահպանություն, մեր նվաճումների պահպանություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարության համար պայքար, միասնության, որպես գերնպատակ` միացյալ Հայաստան եւ այլն: Բայց մինչեւ այդ այնպես պետք է անենք, որ հզորացնենք մեր հայրենիքը, երկու հայկական պետությունները: Մենք այժմ կուսակցության աշխատանքներով ենք զբաղված: Մենք մեր աշխատանքներն ենք կատարում:
-Քանի որ առաջիկայում Արցախում ընտրություններ են, Ձեր ղեկավարած կուսակցությունը մասնակցություն ունենալո՞ւ է, արդեն որոշում ունե՞ք` ինչ ձեւաչափով է լինելու:
-Միանշանակ ընտրություններին մասնակցելու ենք: Կուսակցությունը ստեղծվում է նրա համար, որ մասնակցենք խորհրդարանական ընտրություններին: Մենք, առհասարակ, ուզում ենք դառնանք ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը Արցախի Հանրապետությունում, քաղաքական դաշտում ու մենք ունենք մտավոր կարողություններ, անցած փորձ, գիտելիքներ, որը ներդնելու ենք քաղաքականությունում: Մենք ծառայելու ենք մեր հայրենիքին մեր ակտիվ գործունեությամբ, դա անելու ենք միայն` ի շահ մեր հանրապետության:
-Իսկ մասնակցելո՞ւ եք Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, որոշե՞լ եք` Ձեր թեկնածուն ով է լինելու:
-Մասնակցելու ենք ընտրություններին, բայց այս պահի դրությամբ պարզ չէ` ինչ ձեւաչափով, դեռեւս կենտրոնացած ենք կուսակցաշինության վրա, որպես առաջնային նպատակ դա է: Նախ եւ առաջ խորհրդարանական ընտրություններ, կուսակցության հետ կապված աշխատանքներ, իսկ մնացածը ինչպես ենք մասնակցելու, սատարելու ենք որեւիցե մեկին, չենք սատարելու կամ ինչպես ենք սատարելու, բոլոր այդ հարցերը արդեն պարզ կլինեն հետագայում: Այս պահի դրությամբ մենք կենտրոնացած ենք կուսակցաշինության վրա: Մենք նախապատրաստվում ենք ընտրություններին` դեռեւս, այսպես ասեմ կենտրոնանալով խորհրդարանականի վրա:
-Պարո՛ն Բաբայան, այս օրերին Արցախում ստորագրահավաք է իրականացվում Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից, որպեսզի կարողանան օրենքում փոփոխություն կատարել, այսպես ասած, Ս. Բաբայանին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու համար: Ինչպե՞ս են այդ ստորագրահավաքին վերաբերվում Արցախի իշխանությունները:
-Ստորագրահավաքը ե՛ւ իրավական կողմեր ունի, ե՛ւ քաղաքական, բայց սա ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է, ցանկացած քաղաքական ուժի: Պետք է լինի համապատասխան կարգ, օրենքում նախատեսված կարգը հետեւյալն է. սկսվում է ստորագրահավաքը, հասնում է ինչ-որ մի շեմի, դրանից հետո այն պետք է քննարկվի խորհրդարանում, ԿԸՀ-ում, եթե չեմ սխալվում, Գերագույն դատարանի կառույցում: Հետո որոշում է կայացվելու այն դնել հանրաքվեի, թե չդնել, ու եթե գնում է հանրաքվեի, արդեն ինքը` ժողովուրդը, պետք է որոշի: Մենք այժմ գտնվում ենք ամենասկզբնական փուլում ստորագրահավաքի, թե ինչպես կզարգանա, կտեսնենք: Ի վերջո, վերջին խոսքը ժողովրդինն է, բնական է, ինքը պետք է կամարտահայտությունը անի, ու այդ հարցին տրվի վերջնական լուծումներ:
-Իսկ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Սամվել Բաբայանի` քաղաքականություն վերադարձին, ընտրություններին մասնակցությանը:
-Ես ասեմ հետեւյալը. թե ինչպես են վերաբերվում, դա ցույց կտա ժամանակը, ժողովուրդը պետք է դրա մասին խոսի: Հիմա տարբեր մարդիկ տարբեր կարծիք կարող են հայտնել. մեկը կարող է ասի` դա լավ է, մյուսն ասի` դա վատ է: Դա կլինի զուտ սուբյեկտիվ կարծիքներ, դրա համար որպեսզի վերջնական որոշում լինի, վերջնական ժողովուրդն իր կամքն արտահայտի, պետք է համապատասխան փուլերով ամեն ինչ անցնի: Դրանից հետո մենք կարող ենք ասել, որ սա է ժողովրդի պատասխանը:
-Բայց, կարծես թե, ստորագրահավաքների պատճառով Արցախում լարված իրավիճակ է. իրականում ի՞նչ իրավիճակ է ԱՀ-ում:
-Լարվածություն, խառը իրավիճակ չկա, նորմալ ընթանում է ամեն ինչ, որեւէ խոչընդոտ, որեւէ այլ բան չեմ նկատել: Իրենք ասում են, որ ինչ-որ խոչընդոտներ կան, մյուսներն ասում` են իրականում նման բան չկա, այսինքն` ընդհանուր առմամբ նորմալ է ընթանում: Ես չեմ կարծում, որ այդ գործընթացի հետ կապված լուրջ խոչընդոտներ կան: Ժամանակը ցույց կտա, թե ինչ է լինելու: Ես կրկնում եմ, որ պրոցեսը դեռեւս խորհրդարան չի հասել, դեռեւս ստորագրահավաք է իրականացվում: Հասկանալի է, որ կան ներքաղաքական գործընթացների կանոններ, որ պետք է անընդհատ հասարակության հետաքրքրությունը պահպանվի, սա բոլորի համար պարզ է, բայց դեռեւս այդ փուլը չի եղել, երբ լինի արդեն, կարող ենք խոսել: Ես անձամբ խոչընդոտ չեմ տեսնում: Ժողովրդի կամքը լինելու է վերջնական:

 

 

 

 

ՀՀԿ-ՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ, ՀԻՇԵԼ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

Կիրակի օրը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: Հանրապետական կուսակցության անդամները, մեկը մյուսին «չխնայելով», իրենց ֆեյսբուքյան էջերում շնորհավորեցին Ս. Սարգսյանին, գովաբանեցին, հիշեցին նրան ամենաջերմ բառերով, «կիսվեցին» նրա լուսանկարներով:

Հետաքրքիրն այն է, որ հուլիսի 30-ին Սերժ Սարգսյանին գովաբանող տեքստեր էին գրում նաեւ մարդիկ, որոնք մեկ տարի առաջ շոկի մեջ հայտնվելով Սերժ Սարգսյանի անակնկալ հրաժարականից` ամենուր խոսում էին, թե իրենց առաջնորդը խաբեց, թողեց բախտի քմահաճույքին, հեռացավ եւ այլն, բայց հիմա սկսել են ակտիվորեն հիշել ու փառաբանել ՀՀԿ առաջնորդին: ՀՀԿ-ի այս ակտիվությունը, ըստ տարբեր լուրերի, պայմանավորված է նրանով, որ, ՀՀԿ վերնախավի կարծիքով, շուտով ներկայիս իշխանությունները տապալվելու են, ու իրենք կրկին իշխանության են վերադառնալու: Իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էր միավորել ՀՀԿ-ականներին, ինչի համար էլ Ս. Սարգսյանի ծննդյան օրը լավ առիթ դարձավ նրան հաճոյանալու, ցույց տալու համար, թե իբրեւ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, եւ իրենց առաջնորդը եղել, մնում է Ս. Սարգսյանը:
Անհասկանալի է այդ դեպքում մի բան. եթե ՀՀԿ-ի համար արժեքները, հերոսները մնայուն են, ու իրենց համար կարեւոր է մարդու արած գործը, ինչո՞ւ նույն ջանասիրությամբ երեկ չփառաբանեցին ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում ծննդյան օրն էլ էր: Նույն այդ ՀՀԿ-ականները, որոնք փառաբանում էին Ս. Սարգսյանի անցած ուղին, տարիներ առաջ «սպարապետ» տիտղոսով էին խոսում Սեյրան Օհանյանի մասին. պատերազմի բովով անցած իշխանության նախկին ներկայացուցիչը արդեն արժեք չէ՞ ՀՀԿ-ականների համար:
Ինչեւէ, հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է ընտանեկան միջավայրում: Նա չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, քանի որ վերջին շրջանում խուսափում է հրապարակային վայրերում լինել, բացի Արցախից: Նրա ծննդյան օրը իր մի քանի ընկերներն են հյուր գնացել:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԻՎԱՆԴ Է
Երեկ Ազգային ժողովում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել. նախագահությունից ներկա էր միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է ՌԴ, իսկ մյուս փոխնախագահներն ավելի վաղ էին գտնվում գործուղման մեջ: Եվ այսօրվա նիստը վարելու խնդիր էր առաջացել, որի պատճառով էլ Ալեն Սիմոնյանը հետ էր դարձել գործուղումից, իսկ Վահե Էնֆիաջյանն ու մյուսները շարունակում են մնալ այնտեղ: Եվ եթե փոխնախագահի եւ նախագահի` արտերկրում գտնվելու բուն պատճառը գործուղումն է, ապա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը միայն շաբաթվա վերջ Ճապոնիայից կվերադառնա Հայաստան: Բանն այն է, որ Լ. Նազարյանը, գործուղման մեջ գտնվելով, հիվանդացել է ու չի կարողացել վերադառնալ Հայաստան: Երեկ Լենա Նազարյանի ամուսինը` ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Լ. Նազարյանի վիճակն արդեն լավ է, ու մինչեւ շաբաթվա վերջ կլինի Հայաստանում:

 

 

 

ԿՎԵՐԱՆԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Ըստ այդ նախագծի` ՀՀ-ում գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության սահմանափակումը կվերանա: Բանն այն է, որ այլ գերատեսչությունների կողմից ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումները սահմանափակված են, քանի որ այս լիազորությունը տրված է միայն Առողջապահության նախարությանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ձեռք բերվող դեղերի պիտանիության ժամկետները գործող կարգով խիստ են սահմանված, սակայն ձեռք բերվող դեղերի մեծամասնությունը ՀՀ ներմուծվում են օտարերկրյա արտադրողներից, եւ պատվիրվող քանակները բավականին փոքր են: Սրա հետեւանքով օտարերկրյա արտադրողները հրաժարվում են դեղերի սահմանված պիտանիության ժամկետներով նոր արտադրություն ծավալել եւ դեղերի մատակարարումը իրականացնում են պահեստավորված կամ այլ երկրների համար արտադրված քանակների հաշվին: Ավելին` գործող կարգը սահմանափակում է մի շարք օտարերկրյա արտադրողների մասնակցությունը` ելնելով արտադրվող քանակներից: Ըստ մասնագետների` այս նախագծի ընդունմամբ կխթանվի ՀՀ-ում դեղերի պետական գրանցումը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղեր կգրանցվեն ՀՀ-ում: Հետեւաբար պետական գնումներին մասնակցությանը զուգահեռ կմեծանա մրցակցությունը, եւ հնարավոր է, որ գերատեսչությունների կողմից գնվող դեղերի համար ներկայացվեն ավելի ցածր գին: Նշենք, որ դեղեր ձեռք են բերվում ոչ միայն Առողջապահության, այլեւ Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարությունների, ՀՀ ոստիկանության կողմից:




Լրահոս