ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի եւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինները ընթացիկ տարվա համար դեռ չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր: Նշենք, որ այն հաստատվում է կառավարման խորհրդի կողմից: Այս պահին խորհրդով հաստատված չէ, քանի որ նիստը դեռ չի կայացել: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի հետ:

Տեղեկացնենք, որ Արթուր Ասոյանը այժմ փոխարինում է Հայկ Այվազյանին: Վերջինս դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, եւ որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:
-Պարո՛ն Ասոյան, տեսչական մարմինները չունեն պլանային ստուգումների տարեկան ծրագիր: Կառավարման խորհրդի կողմից նիստ չի կայացել: Ի վերջո, ե՞րբ է տեղի ունենալու խորհրդի նիստը:
-Չեմ կարող հիմա մանրամասնել: Խորհրդի նիստ վերջին անգամ գումարվել է, եթե չեմ սխալվում, պետի նշանակման ժամանակահատվածում:
-Խոսքը Վիգեն Ավետիսյանի՞ մասին է:
-Այո, ու միաժամանակ հենց այդ նույն նիստի օրակարգում ներառված են եղել բազմաթիվ այլ հարցեր, որոնք խորհրդի կողմից հավանության են արժանացել:
-Բայց հենց նույն տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ կառավարման խորհրդի նիստը չի գումարվել, չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր, որը պետք է հաստատվի խորհդի կողմից:
-Ըստ օրենսդրության` խորհրդի հերթական նիստերը տեղի են ունենում առնվազն երեք ամիսը մեկ, իսկ տարվա կտրվածքով պետք է տեղի ունենա չորս հատ ընթացիկ նիստ: Նաեւ թույլատրվում է գումարել արտահերթ նիստեր: Սակայն խորհրդի կազմերը անհատական են եւ հաստատվում են վարչապետի կողմից, եւ հաշվի առնենք նաեւ կառավարության կառուցվածքի վերաբերյալ վերջին փոփոխությունները. հիմա որոշ նախարարություններ չկան, խորհուրդը կազմված է տվյալ ոլորտի քաղաքականությունը մշակող ղեկավարից կամ տեղակալից. եթե մի քանի ոլորտներ են, ապա տվյալ մարմնի ղեկավարներն են ներառված, նաեւ երեք տարբեր գերատեսչությունների` Ֆինանսների, Արդարադատության, Էկոնոմիկայի նախարարութունների ներկայացուցիչներ, այսինքն` առնվազն 9 անդամ: Բայց հերթական նիստ տեղի է ունեցել, որի ընթացքում հավանության է արժանացել մարմնի ղեկավարի թեկնածուի հարցը, այն ներկայացվել է վարչապետին, որն էլ նշանակել է: Այդ նույն նիստի ընթացքում հավանության են արժանացել այլ հարցեր եւս:
-Միեւնույնն է, մարդիկ չունեն պլանային տարեկան ստուգումների ծրագիր, ստուգաթերթեր: Հաստիքացուցակը կա, բայց տեսչական մարմնի ներսում կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է փոխվի: Կարճ ասած` ձեւավորված չեն լիարժեք, բայց պետական բյուջեից տարեկան միլիոններ են հատկացվում դրանց պահպանման համար, նաեւ մարզային գրասենյակները կադրերի խնդիր ունեն:
-Ես չեմ ասում, որ իդեալական վիճակ է. բնականաբար, կան բազմաթիվ խնդիրներ: Ցանկացած տեսչական մարմին իրականացնում է երկու տիպի ստուգում` պլանային եւ ոչ պլանային: Եթե նույնիսկ տարեկան պլանային ստուգումների ծրագիրը հաստատված չէ, ապա դա չի նշանակում, որ տեսչական մարմինը մատնված է անգործության, ինքը կարող է կատարել ոչ պլանային ստուգումներ: Դա միայն քաղաքացիների բողոքները չեն: Իհարկե, շատ ցանկալի է, ու շատ ճիշտ կլինի, որ տեսչական մարմինն իրականացնի պլանային ստուգումներ: Եւ որպեսզի այդ ստուգումները լինեն ճիշտ ու ինքնանպատակ չլինեն, պետք է այդ ստուգումների տարեկան ծրագիրը պլանավորվի, ինչն արվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, որով որոշվում է տնտեսվարողների ռիսկայնության աստիճանը: Հիմա եթե մենք ինքնանպատակ, ուղղակի ծրագիր հաստատենք, տնտեսվարողների ռիսկայնության աստիճանը սխալ հաշվարկենք, ավելի մեծ բացասական հետեւանք կունենանք: Ձեր ասած հարցը հրատապների մեջ է, բայց պետք է նայենք ըստ հրատապության: Օրինակ` եթե նայենք ըստ հրատապության, ապա մարմինը ղեկավար չուներ: Տեսեք, առաջին հարցը եղել է մարմնի ղեկավար նշանակել, եթե չեմ սխալվում, երկրորդը` բյուջեի հետ կապված խնդիրներ կար, մյուս տարվա միջնաժամկետ ծախսային ծրագիր` երեք տարիների, եւ բյուջետային հայտ 2020 թվականի: Եւ եթե այս փուլում դա չհաստատվի, մենք խնդիր կունենանք ոչ պլանայինի գործունեության հետ:
-Բնապահպանության, Ընդերքի եւ առողջապահության, Աշխատանքի տեսչական մարմինների ղեկավարների հարցում ինչո՞ւ չեք կողմնորոշվում: Այս կառույցներում հաճախակի պետեր են ազատվում ու նշանակվում, այսպես մինչեւ ո՞ւր:
-Այդ պաշտոնները վարչական են, քաղաքական պաշտոն չեն: Ես ինքս վարչական պաշտոն եմ զբաղեցնում, դա վարչապետի լիազորությունն է: Գիտեք, խորհուրդը թեկնածուին ներկայացնում է վարչապետին, վարչապետն էլ նշանակում է:
-Թերանում են իրենց աշխատանքում, դրա՞ համար եք նրանց շուտ փոխում: Ի՞նչն է իրական պատճառը: Այս երկու տեսչական մարմիններում երրորդ եւ չորրորդ պետերն են արդեն պաշտոնավարում:
-Ցանկացած աշխատանքում կարող է լինել ե՛ւ առաջընթաց, ե՛ւ թերացում. որոշողը ես չեմ, ես չեմ կարող գնահատական տալ:
Հ.Գ. Նշենք, որ այս տեսչական մարմինները ոչ միայն չունեն տարեկան պլանային ստուգումների ծրագիր, մարմնի վարչությունները կանոնադրություն չունեն հաստատված: Կարգապահության, գործավարության հետ կապված իրավական ակտերի նախագծերը կան կազմված, մնում է ներկայացվեն խորհրդի համաձայնությանը` հաստատվելու համար: Նաեւ պաշտոնի անձնագրերը պետք է փոխվեն, բայց դեռ ոչինչ արված չէ: Անգամ պաշտոնական կայքէջ չունեն, եւ իրենց գործունեության մասին հանրությունը պարբերաբար տեղեկանում է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ 200 ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԴԱՐՁԱՎ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները ծայրահեղ ծանր վիճակում են: Նրանք երեկ առավոտյան փակել էին ոչ միայն գործարանի մուտքի եւ ելքի դռները, այլեւ Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Պատճառն այն է, որ գործարանի ղեկավարությունը երեկվանից մոտ 200 աշխատողի հետ չի երկարաձգել աշխատանքային պայմանագիրը, եւ գործարանի 200 աշխատող կրճատվել են: Գործարանի աշխատողները մի քանի ժամ են ընդամենը փակ պահել Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Armlur.am-ը գործարանի աշխատող Արմեն Կիրակոսյանից տեղեկացավ, որ պղնձաձուլարանի մի քանի աշխատողներ հանդիպել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:
«Բացել են երկաթգիծը: Մի խումբ աշխատողներ մարզպետի հետ հանդիպել են: Ոչ մի ակնկալիք չկա, որ այս հարցը կլուծվի: Ուղղակի ինչ-որ բան ուզում են անել, տեսնենք` ինչ կստացվի: Ղեկավարությունը ոչ մի հնարավորություն չունի նորից երկարաձգել աշխատողների աշխատանքային պայմանագրերը»,- փոխանցեց Արմեն Կիրակոսյանը` ափսոսանքով նկատելով, որ ավելի քան 200 աշխատող այլեւս աշխատավարձ չի ստանալու:
Armlur.am-ի հարցին` հնարավոր է արդյոք պղնձաձուլական գործարանից ազատված աշխատողներն աշխատանքի անցնեն «Թեղուտ» ընկերությունում, Արմեն Կիրակոսյանն արձագանքեց. «Մեր պահանջների մեջ այդ կետը կա ներառված, այս պահին, որ տղաների խումբը մարզպետի հետ հանդիպման է, այդ մասին էլ են քննարկելու: Քանի որ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Թեղուտի վերագործարկվելու ժամանակ Ալավերդիից 200 հոգի կաշխատի այնտեղ: Բայց այսօր Հայաստանի ամենահեռու կետից մարդ է աշխատում այնտեղ, բացի Ալավերդու պղնձաձուլարանից»:
Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահը դեռ նախորդ տարվանից Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկու ամսով երկարաձգում էր: Օրինակ` երկու ամիս առաջ «Վալլեքս» խմբի ընկերությունները աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել էին երկու ամսով եւ աշխատողներին տվել նոր ծանուցումներ` համապատասխան աշխատանքային պայմանագրերը հունիսի 30-ից լուծելու մասին: Այսինքն` գործարանի աշխատողները երկու ամիս աշխատավարձ են ստացել: Վերջին ծանուցումներով` աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատումները նախատեսվում էր իրականացնել ապրիլի 30-ից, բայց Վալերի Մեջլումյանը հանձնարարել էր եւս երկու ամսով երկարաձգել պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը: Երեկ լրացավ ժամկետը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ, ՃԱՄՓԱ ՊԵՏՔ ՉԷ

Հայաստանում ավտոճանապարհները փակելու միջոցով խնդիրների բարձրաձայնումը շարունակում է մնալ կիրառելի պրակտիկա: Յուրաքանչյուր ոք, խումբ, կազմակերպություն կամ խտացված դժգոհություն ամփոփվում է մոտակա ավտոճանապարհը փակելու, այդկերպ իրենց խնդրին հնչեղություն տալու ավանդույթի շարունակությամբ: Ընդ որում, ճանապարհ փակելու աշխարհագրությունը շարունակաբար փոփոխության է ենթարկվում:

Հուլիսի 1-ին` առավոտյան ժամը 8:40-ից, ավելի քան մեկ ժամ Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչները գյուղի ներքեւում փակել էին միջպետական ավտոճանապարհը: Նրանք այդկերպ իրենց բողոքն էին արտահայտում գյուղում խմելու ջրի խնդրի կապակցությամբ: Մարդիկ 21-րդ դարում խմելու ջուր չունեն:
Տեղեկացնենք, որ Ստեփանավանի խմելու ջրագիծը ձգվում է Արճիսի ներքեւի հատվածով, սակայն Արճիսը չի օգտվում այդ ջրագծից: Արճիսի բնակիչներն օգտվում են սարերի ջրահավաք ավազանների ջրից, որը ամռան տապի, տեղումների բացակայության պատճառով խիստ նվազել է: Մարդիկ ստիպված են լինում ջուր գնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղում 2,5 տոննանոց ավտոցիստեռնի ջուրը վաճառվում է 7 հազար դրամով: Համաձայնեք, ամռանը ջուր գնելը, այն էլ` սոցիալապես անապահով մարզում, լրջագույն խնդիր է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը երեկ եղել է ակցիայի իրականացման վայրում, զրուցել արճիսցիների հետ: Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ Արճիսը Ստեփանավանի ջրագծին միացնելու ծրագիրը հրատապ իրականացվելիք աշխատանքների ցանկում է, դրա համար հարկ կլինի գյուղի ներքեւում պոմպ տեղադրել, որը ջուրը 120 մետր կմղի վերեւ, Արճիսի օրվա կարգավորիչ ջրամբար, եւ մարդիկ ջուր կունենան: Հարկ կլինի նաեւ գյուղի խմելու ջրի ներքին ցանցը վերակառուցել:
Արայիկ Պարանյանը հայտնել է, որ Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը խնդրի առնչությամբ Իջեւանից ժամանել է Այրում: Իրադարձություններին առաջիկայում կանդրադառնանք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս