«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը փորձասենյակ չունի այն բանից հետո, ինչ այս տարվա հունվարին փլուզվեց Արամի 23 հասցեում գտնվող, երգչախմբին պատկանող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը: Տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպության գործողությունների վտանգի մասին երգչախմբի հիմնադիր ղեկավար, դիրիժոր Տիգրան Հեքեքյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է: Եվ չնայած Երեւանի քաղաքապետարանի, Մշակույթի նախարարության արտահայտած մտահոգություններին եւ խոստումներին առ այն, որ շենքը պետք է արագ վերականգնվի, մինչ օրս այդ ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել: Նախորդ տարեվերջին, կառավարության որոշմամբ, այդ տարածքը պետական գերակա շահ ճանաչվեց: Տիգրան Հեքեքյանն այդ հարցով դիմեց դատարան` վիճարկելու կառավարության որոշումը:
-Պարո՛ն Հեքեքյան, ի՞նչ արդյունք տվեց Ձեր դիմումը դատարան: Ինչո՞ւ մինչեւ այժմ շենքի վերականգնման հարցը չի լուծվում:
-Նախ ասեմ, որ շենքը սկսել է խարխլվել նախորդ տարվա հունիսի վերջից, երբ բանը հասավ արդեն այն շերտերին, որոնք վտանգավոր են կառույցի անվտանգության համար: Մոտ 8 ամիս է` «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մեծերի խումբը պարապուրդի է մատնված, իսկ փոքրերի խումբը ժամանակավոր տեղափոխվել է Պուշկինի անվան դպրոց: Պարապուրդի մատնվելը շատ ծանր հետք է թողնում երգչախմբի որակական հատկանիշների վրա: Դա դեռ հետո է զգանցվելու, երբ սերնդափոխության հարցում խնդիրներ կունենանք: Ապրիլին, երբ ակնհայտ էր, որ այլեւս հնար չկա, որոշվեց, որ մեզ տրամադրվում է մի տարածք պարապմունքներ անցկացնելու համար, քաղաքապետարանն էլ հատկացնում է գումարը: Ապրիլ ամսվա գումարը տվեցին, մայիս-հունիս ամիսների գումարը` ոչ. չենք կարողանում հասկանալ, թե ինչու: Ամեն անգամ դիմում ենք փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, նա էլ շատ նեղսրտում է այդ իրավիճակի համար, խոստանում է, որ կհետաքրքրվի խնդրով: Քաղաքապետարանն ուզում է պայմանագրում նշել, որ պատրաստ է գումար տրամադրել մինչեւ տարեվերջ, իսկ ես ասում եմ` ոչ, պետք է տրամադրել այնքան ժամանակ, մինչեւ կվերադառնանք մեր նախկին տարածք: Հենց այս կետում մենք չենք գալիս ընդհանուր հայտարարի, իրենք մեզ հետ պայմանագիր չեն կնքում: Ստացվում է` գումարը պետք է անընդհատ ողորմության նման խնդրենք: Արդեն տհաճ է:
-Իսկ Մշակույթի նախարարության դիրքորոշումն ինչպիսի՞ն է:
-Նախարարությունն այս պարագայում անելիք չունի, որովհետեւ արդեն կար հանձնարարություն` գտնել տարածք, վճարել այդ տարածքի համար: Տարածքը գտնվեց, վճարողը չի վճարում, բացատրեցի, թե ինչու:
-Դեռեւս ամիսներ առաջ` փլուզումից հետո, Ձեր կողմից հրավիրվել էին իտալացի մասնագետներ: Ի՞նչ ընթացք ստացավ նրանց գործունեությունը:
-Մենք գտանք Իտալիայից մասնագետներ, որոնք եկան, ցավ ապրեցին շենքի վիճակի առնչությամբ, զարմացան, թե ինչպես է նման իրավիճակ ստեղծվել, եւ պատրաստակամություն հայտնեցին, ինչպես իրենք են ասում, երեւանյան գումարներով նախագիծ մշակել: Այդ նախագիծը կազմվեց շատ մատչելի գումարով` 7 միլիոն դրամով, եւ ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանին եւ Մշակույթի նախարարությանը: Կնքվեց հնգակողմ ստորագրված պայմանագիր: Մարտի 20-ին նախագիծը ներկայացվեց քաղաքապետարան` հաստատման` հետեւյալ պայմանով. եթե աշխատանքները չմեկնարկեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում, նախագիծը կհամարվի անհիմն: Մարտի 20-ից երկու ամիս անց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ ստորագրել է էսքիզը, բայց մենք էսքիզ չենք ներկայացրել, մենք ներկայացրել ենք նախագիծ: Մեր եւ իտալացիների մի շարք նամակներից հետո մի ամիս ու կես ուշացումով գրեցին, որ փաստաթուղթ պետք է լրացնենք: Մենք շատ արագ կատարեցինք պահանջը եւ ներկայացրեցինք քաղաքապետարան: Դրանից ավելի քան մեկ ամիս է անցել, էլի որեւէ հաստատում առկա չէ: Արդյունքում ոչ միայն աշխատանքն ընթացք չի ստացել, այլեւ իտալական կողմը խիստ վիրավորվել է: Նրանք նույնիսկ մտածում էին դատարան դիմել, ասում էին` աշխատանքն արել ենք, ո՛չ գումար եք հատկացնում, ո՛չ էլ մերժում եք: Գիտե՞ք, եթե նրանք դատարան դիմեն, հաստատ շահելու են դատը: Ի՞նչ է ստացվում. կարծես մեր տան կեղտը հանեցինք դուրս: Երբ պատը փլուզվեց, Մեսչյանն ասաց` սա դանդաղկոտության հետեւանք է, հիմա ի՞նչն է քաղաքապետարանին խանգարում թույլտվություն տալու հարցում: Այս երեք ամսվա ընթացքում ինչո՞վ են զբաղված պետական այրերը: Սա է իմ հարցը, եւ ես ակնկալում եմ շուտափույթ պատասխան:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՓԱԽՉՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
«Սիրտդ` Հայաստան, քո հոգին` Արցախ
Միտքդ` Խոր Վիրապ, Խոսքդ` Գանձասար…»
Սրանք տողեր են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65-ամյակին նվիրված երգից: Երգը կատարում է Ռազմիկ Ամյանը, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումը կատարել է Կարեն Սեւակը: Այն պահից սկսած, ինչ երգը տեղադրվել է համացանցում, հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում: Նախ՝ մասնագետները, անդրադառնալով տեքստին, նկատում են, որ այն ոչ միայն զուրկ է բանաստեղծականությունից, այլեւ գաղափարից, փոխարենը անհարկի պաթոսի պակաս չի զգացվում: Երկրորդ՝ հանրության մի ստվար զանգված Ռազմիկ Ամյանին եւ Ավետ Բարսեղյանին մեղադրում է Սերժ Սարգսյանին հաճոյանալու համար: Ոմանք նույնիսկ պնդում են, որ անհաջող այդ երգը ավելի շատ վնաս հասցրեց նախկին նախագահի համբավին եւ չծառայեց իր բուն նպատակին: Ուշագրավ է, որ այն բանից ի վեր, ինչ երգը հայտնվել է համացանցում, Ռազմիկ Ամյանի, նրա պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ կապ հատատել չի հաջողվում: Տպավորություն է, որ նրանք փախչում են լրագրողներից եւ խուսափում որեւէ շփումից: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ երգի հետ կապված, բայց ապարդյուն: Փոխարենը ստացվեց կապ հաստատել Ավետ Բարսեղյանի հետ. «Ես երգի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալու ցանկություն չունեմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ավետը:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք չվրիպեց մեր աչքից: Հայտնի է, որ Ռազմիկ Ամյանը պետք է հանդես գար Ձախ Հարութի՝ հունիսի 30-ին կայացած համերգի ընթացքում, սակայն նա այդպես էլ չներկայացավ: «Ես չէի սպասում, որ Ռազմիկը Հարութի հանդեպ նման բան կանի: Մինչեւ վերջին պահը հույս եմ ունեցել, որ պետք է գա»,-ասել է Ձախ Հարութի համերգի կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար Խաչիկ Եղոյանը: Չի բացառվում, որ Ռազմիկ Ամյանը չի ներկայացել համերգին հենց միայն այն պատճառով, որ այնտեղ ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ Փաշինյանը դահլիճում է: Ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում վարչապետը գրել էր. «Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դրսեւորում»:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
Է. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն` 15:13 հաշվով հաղթելով Վալենտինա Գունինային: Հայ շախմատիստուհին 4,607 դոլար է ստացել հաղթանակի համար, ստացել է հրավեր մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանն ու Մեն կղզում կայանալիք ՖԻԴԵ-ի շվեյցարական կարգով անցկացվող մրցաշարին:
ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Պորտուգալական «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը վերադարձի ակնարկ է արել: Կասիլյասը սոցիալական էջերում նկար է հրապարակել եւ գրել՝ «Վերադարձ աշխատանքին: Օր առաջին»: Հիշեցնենք, որ Իկերը սրտի կաթված էր ստացել, եւ նշվում էր, որ այլեւս չի կարող ֆուտբոլ խաղալ: Հավելենք նաեւ, որ նա դեռեւս չի մարզվել:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Երեւանի «Բանանցը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնում է թիմի նոր ձեռքբերման մասին: Ազգությամբ ռուս Սեմյոն Մինյավսկին պայմանագիր է կնքել երեւանյան ակումբի հետ: 26-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կրիլյա Սովետովի», «Չերնոմորեցի», «Սատուրնի», «Խիմկիի» եւ «Արմավիրի» կազմում:
ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԻՆՏԵՐ»
Իտալական «Ինտերի» պաշտոնական էջը հայտարարել է Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Դիեգո Գոդինի տրանսֆերի մասին: Որուգվայցին միլանյան թիմի շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի մասին այլ մանրամասնություններ դեռեւս չեն հաղորդվում:
ԱՊԱԳԱՆ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուայինը, որը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Չելսիում», վերադարձավ Թուրին: Դեռեւս պարզ չէ արգենտինացու ապագան, սակայն, ըստ պտտվող լուրերի, նա կմնա «Յուվենտուս»-ում, որովհետեւ այդպես է ցանկանում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ