Վերջին շրջանում սոցիալական ցանցերում բավականին ակտիվացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը: Նա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր` ընտրված համամասնական կարգով, Հանրապետական կուսակցությունից, իսկ այդ դեպքերից հետո` մայիսի 7-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Ընդ որում, Դանիելյանը երկու գումարման պատգամավոր է եղել եւ 2007-ին ընտրվելուց առաջ էլ 2003 թվականին կրկին պատգամավոր է դարձել ՀՀԿ քվոտայով:
Եվ այսօր, մոռանալով իր անցյալը, ակտիվ որակումներ է տալիս նախկին իշխանություններին, բացասական բնորոշումներհնչեցնում, քննադատում։ Նախկինում ՀՀԿ-ի բոլոր քայլերն արդարացնող այս կերպարը հիմա փորձում է սրբի կերպար հագնել եւ նույն ջանասիրությամբ քծնում է գործող իշխանություններին։
Բայց եթե Դանիելյանն ինքը մոռացել է իր անցյալը, դավաճանել նախկին թիմին, հիշեցնենք մի դրվագ։
2008 թվականի մարտի 18-ին հանրապետական պատգամավորը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ կասկածի տակ դնելով հանրահավաքների խաղաղ ընթացքը։
«Ես չեմ պատկերացնում, ի՞նչ է նշանակում հանդուրժողականություն, ինչպիսի՞ որակում պետք է տալ այն, իբր թե, խաղաղ ցուցարարին, որը նռնակը նետում է 18 տարեկան զինվորի վրա, նրան հայհոյում, թուրք անվանում, ամենավերջին վիրավորանքը հասցնում։
Բայց նրանք չեն կարող ո՛չ հակադարձել, ո՛չ… եւ ո՛չ էլ բարձրաձայնել։ Մի՞թե խաղաղ ցուցարարը պատրաստ է ջարդելու հայ ոստիկանի, հայ զինվորի գլուխը, ոտքը եւ ձեռքը։ Մի՞թե նրանք պատրաստ էին ավերելու քաղաքը, թալանելու խանութները եւ հրկիզելու մեքենաները, թե՞, իրոք, կային սադրիչներ, որոնք ներգործել էին 20-25 տարեկան այն տղաների վրա, որոնք գիշերներն անցկացնում էին Օպերայի հրապարակում, ուր ուտելիքը եւ ոգելից խմիչքը նրանց մատակարարվում էր անսահման։ Համոզված եմ, որ բացի խմիչքից, ցուցարարներին առավել ագրեսիվ դարձնելու այլ եղանակներ եւս կիրառվել են։ Ինչպիսի՞ որակումներ կարելի է տալ այն մարդկանց, որոնցթեթեւձեռքով, վառ երեւակայությամբ մեր քաղաքացիներին, հիմնականում` երիտասարդներին, ներքաշեցին իրենցկեղտոտ խաղի մեջ. խաղ, որտեղ նրանք տեղչունեին։ Ակնառու է, որ սա ոչ այլ ինչ է, քան որոշ տխրահռչակ քաղաքական գործիչներիմտքի անգրագետ եւ մեծամիտ երեւակայության կամ գուցե մազոխիզմի դրսեւորում», -իր ելույթում նշեց նախկին պատգամավորը:
Եվ, ահա, հիմա նա դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը եւ սոցիալական ցանցի իր էջում հայտարարում է, որ նրան պետք է աջակցել: «Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել եւ ոչ թե նրա մեջքի հետեւում թաքնվել ու չաշխատել։
Նախկիններից ոչ ոք որեւէ պահանջ, ակնկալիք չի ունեցել։ Վերցրել է տասը հազար դրամը եւ հինգ տարի տառապել։ Նախկինները ձախողվելու խնդիր չեն ունեցել։ Ամեն ինչ ի սկզբանե ձախողված էր. բարձր պաշտոնների նշանակվածները բացառապես կոռուպցիայով զբաղվելու մեծ փորձառություն ունեցող բորենիներ էին, եւ որքան «հարուստ էր» նրանց կաշառքով զբաղվելու պրակտիկան, այնքան ավելի բարձր եւ եկամտաբեր պաշտոնների էին նրանք նշանակվում։
Փաշինյանի իշխանությունից ակնկալիքն անասանելի մեծ է։ Հասարակությունը նրա մեջ տեսնում է արդարության եւ իրենց պայքարի երաշխավորին։ Տեսնում է պարզ ու հասարակ անկեղծ մարդու», – ահա այսպիսի բնորոշումներ է տվել վարչապետին Արմեն Դանիելյանն արդեն այս տարվա օգոստոսի 30-ին:
Մեկ օրհետո էլ նա որոշել էր խոսել Գագիկ Խաչատրյանի մասին` նրան անվանելով տնտեսությունը կործանած թիվ մեկ բորենի: Զավեշտալի է, որ նախկին իշխանությունների մաս կազմող, մի քանի տարի ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող պատգամավորը հիմա որոշել է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին եւ, սա` այն դեպքում, երբ 2008 թվականին Օպերայում հավաքված մարդկանց «իբր թե խաղաղ ցուցարար» էր անվանել եւ հենց կազմակերպիչներին մեղադրել նրանց գործողությունների համար: Տարիներ առաջ նա չէր հիշում, որ Նիկոլ Փաշինյանը պարզ ու հասարակ մարդ է, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ընտրություններին փող են բաժանում եւ այլն: Իսկ, ահա, հիմա որոշել է նախկիններին հիշեցնել իրենց անցյալը` մոռանալով սեփականի մասին: Ի վերջո, ոչ ոք չպետք է մոռանա իր անցյալը:
Միեւնույնն է, Արմեն Դանիելյանը նոր Հայաստանում չի կարող պաշտոն ստանալ։
Նաիրա Հովհաննիսյան