ՀՀԿ-ն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել. Շարմազանովը՝ Փաշինյան-Սեֆիլյան հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում խուճապային իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ հանդիպում է ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ: Հանդիպումից հետո էլ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, թե իրենք տեղեկություններ ունեն, որ նախկին իշխանությունները պատրաստվում են ռեւանշի, ինչի համար էլ իրենք նման հանդիպում են նախաձեռնել:

«Նաեւ հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարեւորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք եւ իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը: Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռեւանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռեւանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարել էր «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ` պարզելու համար, թե ինչ պլաններ ունի ՀՀԿ-ն, որն անհանգստացրել է «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին:

-Պարո՛ն Շարմազանով, ի՞նչ ռեւանշի եք պատրաստվում, որի մասին բարձրաձայնել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ի՞նչ նպատակներ ունի ՀՀԿ-ն, որից անհանգստացել են ներկայիս իշխանությունները:

-Նախ` մտահոգիչը ոչ թե նախկին իշխանությունների ակտիվացումն է, այլ մտահոգիչն ու խայտառակությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է կառավարությունում մի կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց անդամները ահաբեկչական գործողություններ են իրականացրել ՀՀ-ի դեմ, որոնց գործողությունների արդյունքում երեք ոստիկան է զոհվել, մի կազմակերպության ներկացուցիչների հետ, որի գործողությունը նաեւ ԱՄՆ-ի դեսպանն է ահաբեկչություն որակավորել ու այլ միջազգային կառույցներ: Մտահոգիչը սա պետք է լինի, մնում էր` մեր գործողություններին գնահատականներ տային:

ՀՀԿ-ն ընտրություններում 4-րդ տեղը զբաղեցրած ուժն է, ու Նիկոլ Փաշինյանն ուզի, կամ Ժիրայր Սէֆիլյանն ուզի կամ չուզի, մենք մեր քաղաքական գործունեությունը մեր քաղաքական իդեալների համար անելու ենք: Ու Հայկը հաղթելու է Բելին: Ու նաեւ անհասկանալի է բարձրաստիճան սպաների լռությունը այս պարագայում, նախկին ու ներկա բարձրաստիճան սպաների, այն սպաների, ովքեր որ այդ ՊՊԾ գնդի գրավվման համար պատանդ են եղել. իրենց լռությունն է մտահոգիչ: Ոչ մի գնահատական չի հնչել այդ հանդիպման մասին, որոնք, կրկնում եմ, ահաբեկչական ակտ են կատարել ՀՀ-ի դեմ: Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, Նիկոլ Փաշինյանի, Ժիրայր Սէֆիլյանի ու մնացածի հերոսը թե ով է, ես չեմ կարող ասել: Իսկ ՀՀԿ-ն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել: Ու ռեւանշ, չգիտեմ ինչ, ես չեմ էլ արձագանքելու: Ես իմ կարծիքն եմ ասում, որ իսկապես անթույլատրելի է նման բան. սա պետության խայտառակությունն է, որ պետության ղեկավարը գործարքի է գնում նրանց հետ: ՀՀ անվտանգության համար սպառնալիք է ոչ թե նախկին իշխանությունը, այլ ահաբեկիչները, գրանտակերները, ԼԳԲՏ քարոզիչներն ու աղանդավորության քարոզիչները:

-Բայց Ժիրայր Սէֆիլյանը նշել է, որ իրենք այլ տեղեկություններ եւս ունեն, որից մտահոգելով` իրենք շարունակելու են այդ հանդիպումներն ու այդ ինֆորմացիայի փոխանակումը: Ի՞նչ պլաններ ունի նախորդ իշխանությունը, որից կարելի է մտահոգվել:

-Ուրեմն, ես կրկնում եմ` Նիկոլ Փաշինյանի ու Սէֆիլյանի մտահոգությունները ես չեմ պատրաստվում մեկնաբանել, ինձ մտահոգում է պետության շահը: Հանրապետական կուսակցությունը գործել ու շարունակելու է գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակներում` հանուն ՀՀ-ի ու Արցախի, հանուն մեր ազգային նպատակի: Այն, որ տեռորիստական կազմակերպիչների հետ գործարքի գնալը ամենամեծ մարտահրավերն է, պետք է խոսել հենց դրա մասին, ոչ թե ՀՀԿ-ն ինչ պլաններ ունի, ինչ է անում եւ այլն: ՀՀԿ-ն բացահայտ քաղաքական կուսակցություն է, որը գործել է ու գործելու է` անկախ նրանից` Փաշինյանը դա ուզում է, թե ոչ: Հանրապետական կուսակցության գործունեությունը ամենահրապարակայինն է:

-Իսկ գուցե տեղեկություններ կան, որ առաջիկայում ՀՀԿ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկո՞ւմ…

-Կրկնում եմ, ՀՀԿ-ն միշտ գործում է, ու դա գաղտնիք չէ, մենք բաց ենք ու մեր անելիքների մասին հրապարակային ներկայացնում ենք: Դուք խոսեք, որ այս ամենը պետության վախճանը կարող է դառնալ, կառավարությունում պետության ղեկավարը հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր պետության վրա կրակել են: Ես ՊՊԾ գնդի գրավումը համարում եմ հարձակում պետության վրա. սա իրականությունն է ու վերջ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս