«Սպայկայի» բողկի ցանքերը չորանում են․ ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպայկա» ընկերությունը 35 հեկտար բողկի ցանքատարածություն ունի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղում։ Բողկի այդ ցանքերը մշակելու համար Հաղթանակի դաշտում աշխատում է գրեթե 80 մարդ, Բագրատաշենի մաքսակետին հարակից գոտում գործող «Սպայկայ»-ի արտադրամասում ընկերության բողկի բերքը մշակելու համար ներգրավված է 120 աշխատող։

Հաղթանակում գտնվող ցանքերը ոռոգելու համար «Սպայկա» ընկերությունը 5000 տոննա տարողությամբ ոռոգման ջրավազան է գործարկել Հաղթանակի տարածքում։ Բողկի ցանքերը մշակող բանվորները բողոքեցին, որ բերքը ոչնչանում է, քանզի «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության աշխատողները մի քանի ամսվա աշխատավարձ չեն ստացել. նրանք պարբերաբար գործադուլի են դիմում, ոռոգման ջուր չեն մատակարարում, որի պատճառով բողկի ցանքերը չորացման վտանգի տակ են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին բողոքեցին, որ այս տարի ոռոգման ջրի պակասի պատճառով խիստ նվազ է եղել արեւածաղկի, եգիպտացորենի ցանքերի բերքը, հիմա էլ խաղողի այգիների բերքն է կորչում։ Դեբեդի հովտի 8 բնակավայրերը միավորող Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ «Տավուշ» ՋՕԸ աշխատողները, մի քանի ամսվա աշխատավարձ չստանալով, պարբերաբար գործադուլի են դիմում։

«Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենց աշխատողները մի քանի ամիսների աշխատավարձ չէին ստացել, այդ պատճառով դժգոհում էին, նրանք 2 ամսվա աշխատավարձ նախկինում ստացել են, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը առաջիկա օրերին կվճարվի։ Նա ասաց, որ այս տարվա աննախադեպ երաշտի պատճառով ցանքերը ոռոգելու խնդիր է առաջացել։ Նախկինում 40 սմ աճած եգիպտացորենի ցանքերը մշակելու համար 2 անգամ ոռոգումը բավարար էր, սակայն այս տարի դա բավարար չէ։ Նա հայտնեց, որ ՋՕԸ-ի աշխատողների աշխատավարձերի ուշացման կապակցությամբ ինքը դիմել է համապատասխան մարմիններին։ ՋՕԸ տնօրենը հայտնեց, որ Դեբեդավանի ոռոգման պոմպակայանը նախատեսված է մինչեւ 90 հեկտար այգիներ եւ ցանքեր ոռոգելու համար, սակայն այժմ այդ պոմպակայանով ոռոգվում է 150 հեկտար հողատարածք, ինչի պատճառով ոռոգման ջուրը չի բավարարում։ Որսկանյանն ասաց, որ 1960-ական թվականներին կառուցված այդ պոմպակայանը սպասարկում է ոչ միայն Դեբեդավանի, այլ նաեւ հարեւան Բագրատաշեն գյուղի հողերը, վերջին տարիներին ավելացել է հող մշակողների թիվը։ Ֆերմերները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, որպեսզի վերջինիս ղեկավարած հիմնադրամը ֆինանսապես աջակցի պոմպակայանը վերանորոգելուն։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս