2019 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 2.3%-ով, ընդ որում՝ արտահանումն աճել է 3%-ով, իսկ ներմուծումը՝ 1.9%-ով։ Հատկանշական է, որ Հայաստանից արտահանումը 2019 թվականի հուլիսին, հունիս ամսվա նկատմամբ, աճել է 6.8%-ով, իսկ ներմուծումը՝ 6.5%-ով։
Արտահանման աճի տեմպը, նախորդ ամսվա համեմատ, արագացել է. մասնավորապես, եթե 2019 թվականի հունիսին, 2018-ի հունիսի նկատմամբ, արտահանումն աճել էր ընդամենը 1.2%-ով, արդեն 2019-ի հուլիսին, 2018-ի հուլիսի համեմատ, արտահանման աճը կազմել է 19.5%։ 2019-ի հունվար-հուլիսի դրությամբ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.9%, որից 27.5%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։
ԵՄ երկրներիհետ առեւտրաշրջանառությունը կազմում է ամբողջ արտաքին առեւտրաշրջանառության 21.8%-ը։ Խոշոր մասնաբաժին ունի նաեւ Չինաստանը՝ 11.9%, եւ Շվեյցարիան՝ 6.4%։ ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները հիմնականում աճել են` բացառությամբ Ղազախստանի եւ Ուզբեկստանի։ 9.4%-ով աճել է ՌԴ արտահանվող ապրանքների ծավալը։