Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախօրեին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանին:
Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Հակոբ Ավագյանի նշանակմամբ Տեսչական մարմնի գործունեությունը կբարելավվի և դրական արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Պարոն Ասոյանը ընդգծել է, որ պարոն Ավագյանը մասնագիտական երկար ճանապարհ է անցել՝ աշխատելով թե հասարակական, թե պետական համակարգում և հենց այդ փորձառության շնորհիվ էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից ընտրվել, ապա վարչապետի կողմից նշանակվել է կառույցի ղեկավար։
Հակոբ Ավագյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ տեղյակ է կառույցի խնդիրներին, առաջնահերթ է համարում թիմային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հասարակության և պետության շահերը հավասար նժարի դնելով, կարող են արդյունավետ աշխատանք կատարել։