Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից:
«Այսպես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բացակայում են Սահմանադրությունից բխող այնպիսի հատուկ և անհրաժեշտ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:
Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»:
Վերոգրյալից ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանն, ընդամենը փաստելով, որ սահմանված չէ հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում ինքնուրույն և առանձին քննարկման առարկա պետք է դառնա և որոշվի այն հարցը, թե արդյոք մեղսագրվող գործողությունները կապված են նախագահի կարգավիճակի հետ թե ոչ, առավել քան հստակ է սահմանել, որ գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի և լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն, ապա հարցը կայանում է հետևյալում.
Ինչպես արձանագրել է սահմանադրական դատարանը, գործառութային անձեռնմխելիությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը:
Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռմխելիությունից և այն չի հաղթահարվել: Ընդ որում՝ հարցն ավելի լայն է, քան պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությունը: Բանն այն է, որ նույն խնդիրն ի հայտ է գալիս նաև այն դեպքում, երբ այլ համապատասխան պաշտոնատար անձանց, օրինակ՝ դատավորների, Աժ պատգամավորների անձեռնմխելիությունը օրենքով սահմանված կարգով չի հաղթահարվում և վերջիններս չեն զրկվում անձեռմխելիությունից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գործառութային անձեռնմխելիությունը չնախատեսելով որպես վարույթը բացառող հանգամանք, չի սահմանում այն հիմքը, որին համապատասխան այդ դեպքերում դատավորի կամ պատգամավորի, հավասարապես նաև պաշտոնաթող նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Կրկնելով, որ վերոգրյալը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում:
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող:
Հետևաբար, ՀՀ դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան»,- ասված է ՀՀ դատախազության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած եզրափակիչ հատվածը: «Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:
2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը,- ասված է ՍԴ որոշման եզրափակիչ մասում» Սեպտեմբերի 7-ին հրապարակվել է նաև Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տարբերակը: