Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: ԱԳ նախարարը նաև ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի և վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: