ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ միջադեպ ՊՆ-ում. ինչո՞ւ են դուրս եկել նախարարի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում խոսակցություններ կան այն մասին, որ իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնին, իսկ Արտակ Դավթյանին տանել Մովսես Հակոբյանի տեղը` զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին:

Կամ գուցե փոփոխությունները գնան այլ սցենարով. Օնիկ Գասպարյանին տեղափոխեն Մովսես Հակոբյանի պաշտոնին: Այս կարծիքին ՊՆ-ում բացասական են արձագանքել` հայտնելով, որ չեն կարող թույլ տալ` Օնիկ Գասպարյանի պես զինվորականը լքի Զինված ուժերը, քանի որ նա շատ լավ տիրապետում է իրավիճակին:

Մեզ հասած լուրերի համաձայն` իշխանության եւ ՊՆ-ի ներսում քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ 2018 թվականի մայիսի 24-ի` ՀՀ վարչապետի որոշմամբ` Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: 2020 թվականի մայիսի 24-ին լրանալու է նրա պաշտոնավարման երկու տարին. միգուցե սպասեն, որ երկու տարին լրանա, հետո պաշտոնից ազատեն:

Ինչեւէ, Պաշտպանության նախարարությունում ներքին խոսակցությունները այսքանով չեն դադարում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՆ-ում Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն վերջինիս այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չի գալիս:

Այսպիսով, Դավիթ Տոնոյանը, 1994 թվականից լինելով Պաշտպանության նախարարության աշխատակից, շատ լավ տիրապետում է, թե նախարարության ներսում ինչ է կատարվում, եւ հեղափոխությունից հետո ձեռնամուխ է եղել այդ երեւույթներն արմատախիլ անելու գործընթացին: Մասնավորապես, ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն` նախարարը շատ լավ տիրապետում է, թե բանակին մատակարարվող ապրանքների գործընթացում ինչեր են կատարվում:

ՊՆ շատ գեներալներ, պաշտոնատար այլ անձինք, տարիներ շարունակ լավ իմանալով, թե բանակին ինչ է պետք, ուսումնասիրել են ոլորտը եւ իրենց մտերիմների անուններով ստեղծել են տարբեր ընկերություններ: Ու այնպես են արել, որ այդ ընկերությունները հաղթեն ՊՆ-ի կողմից անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար հայտարարված մրցույթներում:

Եվ, ահա, հեղափոխությունից հետո, երբ նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, փորձում է այս սխեմային վերջ տալ, սակայն շարունակ դիմադրության է հանդիպում: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն` ՊՆ գեներալները` հնաբնակ պաշտոնյաները, նախարար Տոնոյանին ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ կռվի չի մասնակցել, իրենց թիմից չի եղել եւ չգիտի` կռիվն ինչ է. այդ պայմաններում ինչպե՞ս է ընդհանրապես որոշումներ կայացնում կամ նեղացնում գեներալիտետին:

Նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Պն-ում օրերս մի ուշագրավ միջադեպ է եղել: Մասնավորապես, բանակին անհրաժեշտ ապրանք մատակարարելու ու պայմանագիր կնքելու գործընթացը մի փոքր ուշացել է: Արդյունքում, ՊՆ որոշ պաշտոնատար անձինք նախարարություն են կանչել մի շարք խոշոր մատակարարների եւ ասել, որ գումար տան բանակի համար անհրաժեշտ ապրանքը գնելու համար, հետո նոր գնումների մրցույթը կհայտարարեն, ու նրանք կհաղթեն: Այսինքն՝ ՊՆ որոշ պաշտոնատար անձինք կոնկրետ մատակարարներին գործարք են առաջարկել, ու երբ այդ գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը, կանգնեցրել է գործընթացը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս