Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 6-ից ընթանում է Ճամբարակի բնակիչներ Հրայր Լազարյանի, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի դատավարությունը:
Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ի` ժամը 14. 00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն է գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` երկու անգամ հարվածներ հասցնելով նրա կրծքավանդակին: Դա կատարվել է այն բանից հետո, երբ վերջինս փորձել է կանխել Հրայր Լազարյանի կողմից փայտանյութի ապօրինի դուրս բերումը:
Մաթեւոս Լազարյանին մեղադրանք է առաջարդվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ի ժամը 16.00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի հետ նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, երբ վերջինս փորձել է բացահայտել եւ արձանագրել Հրայր Լազարյանի կողմից, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի մասնակցությամբ փայտանյութի ապօրինի դուրսբերումը:
Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին, Մ. Լազարյանին, Վ. Դանիելյանին եւ Ա. Շառյանին` 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ