Armenian text to speach

Միշտ մտածել եմ, որ կան բաներ, որոնք երբեք չեմ ների. Անահիտ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Անցյալի ստվերներ», «Գերդաստան», «Բանակում», «Քաղաքում», «Խոպանի տեսություն» հեռուստասերիալներից եւ մի շարք այլ հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի, Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի արտիստուհի Անահիտ Կիրակոսյանն է:

-Անահի՛տ, կա՞ մի բան, որ այս աշնանն այնպայման անելու եք:

-Այո, գնալու եմ գեղարվեստական ֆիլմի քասթինգի: Կարճամետրաժ մի ֆիլմից ունեմ հրավեր, մասնակցությունս արդեն հաստատված է, բացի այդ, կա մի ֆիլմ, որի քասթինգին եմ մասնակցելու:

-Մի թեմա, որի շուրջ Ձեր կարծիքը կտրականապես փոխել եք:

-Միշտ մտածել եմ, որ կան բաներ, որոնք երբեք չեմ ների, իսկ հիմա կարծում եմ, որ ամեն ինչ կախված է դիմացի մարդուց եւ իրավիճակից: Ո՞վ ենք մենք, որ չներենք…Այլ հարց է, որ մարդուց հեռանում ես, բայց ներում ես ու բաց ես թողնում, եւ դա առաջին հերթին քեզ համար ես անում:

-Ձեր տրամադրությունը մեծապես կախված է…

-Էներգիայից: Ընդհանրապես, շատ եմ սիրում շփվել դրական էներգիայով, լիցքերով մարդկանց հետ: Շատ զգայուն եմ, փորձում եմ իմ կյանքը լցնել դրական մարդկանցով, իսկ եթե հակառակ տեսակին եմ հանդիպում, խուսափում եմ շփվել:

-Ձեզ միշտ դիտողություն են անում…

-Չափի զգացողությունը երբեմն կորցնելու համար (ծիծաղում է): Երբեմն խոսում եմ մի բան, որ այդ պահին, առհասարակ, պետք չէ, ինձ ասում են. ,Ինչու՞ դա ասացիր, ինչու՞ հենց այդ պահին, քեզ պե՞տք էրե: Ես, կարծես թե, այդ բալանսը չեմ պահպանում…

-Շարունակե՛ք միտքը. «Սերը չի մեռնի, եթե…»:

-Եթե կա սերը չմեռցնելու ցանկություն երկուստեք: Իսկ թե ինչպես դա իրականացնել, շատ ինդիվիդուալ է. ամեն մարդ ինքը գիտի՝ ինչպես անի, որ թե՛ դիմացինին, թե՛ իր մոտ սերը չպակասի: Պետք է այդ ուղղությամբ անդադար աշխատել:

-Երկիր, որտեղ գոնե մեկ անգամ պետք է լինել…

-Ֆրանսիա, մասնավորապես՝ Փարիզ, եթե, իհարկե, ռոմանտիկ եք: Իսկ եթե ոչ, կառանձնացնեմ Երուսաղեմը, որտեղ լինելն ինձ համար դեռեւս երազանք է: Կարծում եմ՝ ամեն քրիստոնյա գոնե մեկ անգամ պետք է լինի այնտեղ:

-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:

-Շատ պարզ, անկեղծ, անմիջական, նվիրվող:

-Չեք հանդուրժի, եթե տղամարդը…

-Ծույլ լինի, անբան:

-Մի շնորհ, որը Ձեզ տրված է ի վերուստ:

-Մարդկանց ուրախացնելու հատկությունը: Դա արդեն տեսակի հարց է:

-Կա՞ նպատակ, որից արդեն հրաժարվել եք:

-Ոչ, երեւի թե չկա նման բան: Եթե ունենում եմ նպատակ, աշխատասիրությամբ, պրպտալու շնորհիվ ամեն գնով փորձում եմ դրան հասնել, ջանք չեմ խնայում:Իմ առջեւ դնում եմ փոքր-փոքր նպատակներ, բայց հասնում եմ դրանց:

-Դուք աշխատում եք շատ եւ երբեմն ոչ արդյունավե՞տ, թե՞ քիչ, բայց արդյունավետ:

-Նայած՝ արդյունավետ ասելով՝ ինչ եք հասկանում: Աշխատանքը կարող է ֆինանսապես շատ շահավետ չլինել, բայց հոգեւոր բավարարվածություն պատճառել եւ հակառակը: Այնպես որ, որքանով է այն արդյունավետ, հարաբերական հասկացություն է:

-Ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն:

-Նախ եւ առաջ ամուսինս, ես ինքս, ինչու ոչ, իսկ մասնագիտական առումով` վարպետս՝ Դավիթ Հակոբյանը:

-Կյանքը հետաքրքիր է իր անկանխատեսելիությա՞մբ, թե՞ այն բանով, որ կարող ես ձեռքդ վերցնել կյանքիդ ղեկը:

-Որ կարող ես ձեռքդ վերցնել կյանքիդ ղեկը: Միանշանակ, շատ բան մեզնից է կախված, եւ պետք չէ սպասել նավակների: Դրանք անդադար մեզ տրվում են, պետք է ուղղակի նկատել:

-Ձեր տուն այցելողը անպայման կտեսնի բույսե՞ր, կտավնե՞ր, թե՞ հուշանվերներ:

-Բույսեր եւ կտավներ:

-Մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են ավելի ու ավելի…

-Կարծես թե մենք առաջ ենք սլանում, բայց իրականում հետ ենք գնում, ցավոք, մարդիկ հեռանում են իրարից: Ստեղծված է ամեն բան, որ մարդու կյանքը հեշտանա, որ նա ավելի ինֆորմացված լինի, բայց մարդիկ դրանից ավելի երջանիկ չեն դարձել:

-Շոու-բիզնեսում կա՞ մի երեւույթ, որի հետ այդպես էլ չհամակերպվեցիք:

-Ես, ընդհանրապես, շոու-բիզնեսից չեմ, որ համակերպվեմ կամ ոչ: Ես այդ ամենի մեջ ե՛ւ կամ, ե՛ւ չկամ: Ես ուղղակի իմ գործն եմ շատ սիրում, ու ինձ ասում են, որ այս գործը կապ ունի շոու-բիզնեսի հետ (ծիծաղում է):

-Հատկություն, որ օգնել է Ձեզ դժվարին օրերին:

-Ես շատ էմոցիոնալ եմ, ինձ թվում է՝ այն, որ կարողանում ես տվյալ պահին արտահայտել զգացմունքներդ, դա ինչ որ պահի օգնում է, չես կուտակում ներսում…Այն կանանցից չեմ, որոնք ժպտում են` արցունքն աչքերին: Կուշտ լաց լինող եմ: Ավելի դժվարին պահերին ,Նարեկե-ն է ինձ օգնում, որը միշտ ինձ հետ է…

Աննա Բաբաջանյան




Լրահոս