Արտահերթ ընտրություններ կլինեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո համայնքների շատ ղեկավարներ հրաժարականներ տվեցին հիմնականում բողոքի ակցիաների պատճառով: Եվ, ահա, սեպտեմբերի 29-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու ղեկավարների հերթական եւ արտահերթ ընտրություններ: Օրինակ, Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որում առաջադրվել է նաեւ նախկին ղեկավար Պարույր Սարգսյանը, որը իր դեմ ցույցերի պատճառով հրաժարական էր տվել: Բացի նրանից, համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն նաեւ անհատ ձեռնարկատեր Սամվել Աղաջանյանն ու Վարդգես Սարգսյանը, որը հիմա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի օգնականն է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պարույր Սարգսյանը որոշել է դնել իր թեկնածությունը եւ ապացուցել, որ ժողովուրդն իր կողմն է, սակայն ընտվելուց հետո նպատակ ունի հրաժարական տալ: Արտահերթ ընտրություններ տեղի կունենան նաեւ Վանեւան համայնքում, որի ղեկավար Նորայր Հարությունյանը կրկին ցույցերի պատճառով էր հրաժարական տվել, սակայն ի տարբերություն Զարթոնք համայնքի` նա իր թեկնածությունը չի դրել: Այստեղ թեկնածուները չորսն են` Արծրուն Գրիգորյանը, Իգր Հարությունյանը, Ատոմ Մկրտչյանն ու Էմին Սարգսյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս