Հայաստանը` աշխատանքի շուկա հնդիկների համար. ինչ աշխատանք են կատարում հայկական գյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար վերջին շրջանում դարձել է աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկը: Հնդիկները աշխատանք գտնում են տարբեր ոլորտներում, այդ թվում եւ գյուղատնտեսական: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի: Ի դեպ, նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 17 հազար 274 հնդիկ: Նկատենք, որ նախորդ տարվա վեց ամիսների ընթացքում մեր հանրապետություն ժամանել է Հնդկաստանի 10 հազար 237 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 9 հազար 122 հնդիկ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության մամուլի գծով պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ փոխանցեց, որ ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 388 քաղաքացի, մշտական կացության կարգավիճակ` 5 հնդիկ:

Ըստ Նելլի Դավթյանի` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 1940 հնդիկ ունեին ժամանակավոր կացության կարգավիճակ: Պարզվում է, որ նրանցից 1100-ը ուսման հիմքով էր:
Պաշտոնական տվյալներով` Հայաստան այցելած Հնդկաստանի քաղքացիների թիվը Հայաստանում 2016-ին կազմել է 4226, 2017-ին` 11 հազար 589, 2018-ին` 28 հազար 659:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հնդիկները հայկական գյուղերում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Նրանց մեծ մասը ապրում եւ աշխատում են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղերում: Հնդիկներին օրական վճարվում է 3500-4000 դրամ: Ի դեպ, Հայաստան ժամանում են նաեւ հնդիկ ընտանիքներ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով: Նշենք, որ զբոսաշրջիկները Հայաստանում կարող են անցկացնել 180 օր, որից հետո պետք է դիմեն անձնագրային կամ միգրացիոն ծառայություն` ստանալով ներգաղթյալի կամ կացության այլ կարգավիճակ: Իսկ հնդիկների դեպքում նրանք հիմնականում ստացել են ժամանակավոր կացության կարգավիճակ:

Բացի այս, անցած տարի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն` Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգն ավելի է դյուրացվել` հնարավորություն տալով վիզա ստանալ առանց հրավերի:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով` հնդիկները վերջին շրջանում աշխատում են նաեւ շինարարության ոլորտում:

«Մեր տեղացիները, կոպիտ ասած, լայաղ չեն անում, շատ փող են պահանջում` օրական վճարել 5000-7000 դրամ, բայց կարող է գործատուն չկարողանա այդքան վճարի, որովհետեւ իր արտադրանքը կթանկանա: Իսկ մեր հայրենակիցները գերադասում են գինը չզիջել ու նաեւ չաշխատել: Դրա փոխարեն հնդիկներն են գալիս ու կարող են գնալ 3000 դրամով աշխատել»,- նկատեց Գագիկ Մակարյանը: Ապա ընդգծեց, որ հնդիկները որպես էժան աշխատուժ են, որովհետեւ Հայաստանում շատ անելիքներ կան: «Իրենք իրենց երկրում սովոր են նման աշխատանքների: Մերոնք ուղղակի չեն նախընտրում նման աշխատանքներ կատարել: Եւ Հնդկաստանը փորձում է Հայաստանը անցողիկ պետություն դիտարկել, որ հետո Հայաստանով կարողանա գնալ այլ երկրներ` վիզաներ ստանա, բիզնես հիմնադրի, ինչ-որ ծառայություններում աշխատի, գումար կուտակի կամ իր համար կենսագրություն ստեղծի, որ կարողանա այլ երկրների վիզա ստանալ: Այսինքն` նրանք Հայաստանում այդքան էլ չեն կուտակվում:

Բայց, մյուս կողմից, տեսեք, հայերը գնում են, այլ երկրներում են նման աշխատանքներ կատարում: Ես հիշում եմ` Անգլիայի պաշտոնատար անձինք դեռեւս 2010 թվականի կողմերը հպարտորեն ասում էին` մենք ինչ պետք է անեինք, եթե մեր երկրում չաշխատեին 300 հազար լեհեր, որոնք եկել են մեզ մոտ եւ կատարել են սեւագործ կամ ցածր աշխատանքներ: Նույն ձեւով Հայաստանն է սկսել: Մեր քաղաքացիները ծուլացել են, որ, մի կողմից, այդ գումարի դիմաց չեն ցանկանում աշխատել, եւ, մյուս կողմից, իրենց բարեկեցությունը այնպես է, որ այդ ժամանակ այդ գումարով ձեռնտու չէ աշխատել: Բայց ավելի շատ ծուլանալու եւ գոռոզամտության խնդիր կա: Իմ կարծիքով` իրենք ժամանակի ընթացքում կտեսնեն, որ իրենց տեղը ուրիշները լրացրել են, օրինակ` հնդիկների դեպքում, եւ իրենք կափսոսեն: Կամ էլ երկրից գնալու են, որը ցավալի է: Նախընտրում են սոված մնալ, գոռոզ լինել կամ այդ աշխատանքը չանել»,- ափսոսանքով նկատեց մասնագետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս