Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում սեպտեմբերի 7-ին դիտվել է կարկուտ, հորդառատ անձրեւներ, որոնք վերածվել են սելավի՝ լցվել Անտառաշատ համայնքի հողատարածքները եւ այգիները:
Սյունիքի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երեւում է, ինչ լուրջ վնասներ է պատճառել այն գյուղին: Մասնավորապես, անձրեւը ճանապարհը քանդելով, ցեխաջուրը բերել-լցրել էր բոստաններ՝ լոբի, կարտոֆիլ, սրբել-տարել է, մեքենաների անիվները կիսով չափ թաղվել են ցեխի մեջ:
Նրա խոսքով, ծառերի ողջ բերքը թափվել է եւ օգտագործման ենթակա չէ, վնասվել են բանջարաբոստանային մշակաբույսերը: Այժմ հանձնաժողովները գույքագրում են անում, որպեսզի պարզեն վնասի չափը, հաշվարկները կներկայացվի մարզպետարան, հանձնաժողովը կքննարկի, որից հետո կներկայացնեն կառավարություն: